«Արդեն 400 հեկտարից ավելի տարածք այրվել է, եթե կառավարությունը չօգնի՝ համայնքը չի կարող օգնել բնակիչներին». Գեղամասարի ղեկավար

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը

– Պարո՛ն Ավետյան, Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի չորս գյուղ՝ Կութ, Ազատ, Սոթք, Նորաբակ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հրդեհումների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս, տարբեր աղբյուրների համաձայն, վնասներ է կրել: Ի՞նչ վիճակ է այժմ համայնքում, բնակիչները շա՞տ են տուժել հրդեհների հետևանքով:

– Վնասը շատ է, արդեն 400 հեկտարից ավելի տարածք է այրվել, որը մեծ վնաս է թե՛ համայնքի, թե՛ բնակիչների համար: Այդ հարցով դիմել ենք արդեն պատկան մարմիններին, բոլորը տեղյակ են, կառավարությունն էլ է տեղյակ: Տեսնենք՝ ինչ կորոշեն:

– Կառավարություն դիմե՞լ եք փոխհատուցման, աջակցության համար:

– Այո՛, չեմ կարող ասել՝ ինչ կորոշեն, բայց համայնքի տուժելը ուրիշ է, իսկ անհատներինը՝ ուրիշ, առանց այն էլ ծանր վիճակում են ապրում, հիմա էլ այս խնդիրը:

 – Պարո՛ն Ավետյան, ադրբեջանցիները հրդեհում են միայն խոտհարքնե՞րը, թե՞ արդեն հավաքված խոտը ևս:

– Դե, ադրբեջանցիները միտումնավոր հրդեհում են տարածքը, ու արդեն հավաքած- չհավաքած կրակի է մատնվում, քամին էլ նպաստում է կրակի առավել տարածմանը:

 – Այս պահին համայնքում հրդեհը մարվե՞լ է ամբողջությամբ:

– Ուժեղ վառվող օջախները մարվել են, բայց դեռ ծխացող օջախներ կան, որոնք ցանկացած պահի կարող են նորից բռնկվել ու հրդեհի տարածման օջախ հանդիսանալ: Ինչպես ասացի՝ եղանակային պայմաններն էլ այդ առումով նպաստավոր են՝ քամիները շատ են:

– Համայնքի բնակիչների մոտ ինչպիսի՞ տրամադրություններ են առկա:

– Շատ վատ, ինչպիսի՞ տրամադրություն պետք է լինի: Մարդը եթե արած աշխատանքի արդյունքը չի կարողանում ստանալ, վնաս է կրում, լավ տրամադրություն չի կարող ունենալ: Առանց այն էլ տուժած ժողովուրդ ենք:

– Պարո՛ն Ավետյան, իսկ այդ պայմաններից ելնելով՝ համայնքի բնակիչների մոտ հեռանալու, իրենց գյուղերը լքելու ցանկություն կա՞:

– Չէ, չեն լքում, բայց ահավոր վիճակում են, դե, ամեն դեպքում իրենց բնակավայրերն են, ոչ ոք չի ուզում լքել: Պետք է կարողանանք այնպես անել, որ գոնե վնասները փոխհատուցվեն, որ մարդիկ վաղվա օրվա հույս ունենան: Այդ ուղղությամբ աշխատում ենք, տեսնենք՝ ինչ կլինի: Չեմ կարող ասել՝ ամեն ինչ սրանով կվերջանա՞, թե՞ ինչ-որ նոր բաներ կլինեն, որովհետև թշնամին միշտ էլ փորձում է վնաս տալ ու խուճապ առաջացնել:

– Եթե կառավարությունը սեղմ ժամկետում չարձագանքի խնդրին, համայնքը իր ունեցած միջոցներով կկարողանա՞ օգնել գյուղացիներին անասնակերի հարցով:

– Համայնքը չի կարողանա խոշոր ծրագրերով օգնել, ի՞նչ հնարավորություն ունի համայնքը, որ օգնի: Տուժողները մեկը կամ հինգը չեն, չորս գյուղ է ընդհանուր, չենք կարող այդ չորս գյուղի բնակիչներին օգնել:

– Կրակոցների մասով ի՞նչ վիճակ է համայնքում:

– Ընդհանրապես, կրակոցները լինում են մեկ շատ ինտենսիվ, մեկ՝ պասիվ, բայց համարյա ամեն օր էլ կրակոցներ լսվում են իրենց կողմից, իսկ էն պասիվ կրակոցներին ուշադրություն չենք էլ դարձնում արդեն, սովորական դարձան:

– Այդ կրակոցները սահմանայի՞ն կրակոցներ են, թե՞ ադրբեջանցիները գյուղերի ուղղությամբ էլ են կրակում:

– Հենց գյուղերի վրա են կրակում: Դե, սահմանին էլ են լինում, բայց հիմնականում բնակավայրերի վրա են կրակում, որպեսզի խուճապ առաջացնեն: Բայց ժողովուրդը գոնե ամրացած է, խուճապի չի մատնվում, ամեն ինչի կարողանում է դիմադրել, սովորել է արդեն, ավելի վճռական է դարձել, որ պետք է դիմադրեն, պաշտպանեն իրենց գյուղը, բայց էդ ամենը՝ է՛դ դուխը, է՛դ ուժը, համբերությունը, չափ ունեն, կարող է մի օր սպառվել:

– Տեղեկություն ունե՞ք՝ թշնամու զորքը շարունակում է իր սկզբնական տեղերում մնալ, թե՞ առաջխաղացում ունեն, պարո՛ն Ավետյան:

– Չէ՛, իրենց տեղակայված վայրում են, նույն ձև պահպանվում է, առաջխաղացում չեն ունեցել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am