Այս պատգամավորներն իրենց անգրագիտությամբ փորձում են հողին հավասարեցնել լրատվական դաշտի վերջին 10-15 տարիների բոլոր ձեռքբերումները. Շուշան Դոյդոյան

Այսօր Ազգային ժողովը 72 կողմ, 30 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որն անմիջապես առնչվում է զանգվածային լրատվության միջոցներին:

Հեղինակն առաջարկում է անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար գործող օրենքով մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 մլն դրամի փոխարեն մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ:

«Նման կարգավորումը միտված է պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտչական և վիրավորական արտահայտություններից:

Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը»,- գրել է հեղինակն օրինագծի հիմնավորումներում:

Լրագրողական դաշտի փորձագետները, սակայն, դեմ են նման կարգավորումներին և պնդում են, որ դրանցով հարված է հասցվում խոսքի ազատությանը:

Օրինագծի վերաբերյալ «Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը:

– Տիկի՛ն Դոյդոյան, Ազգային ժողովն ընդունեց Քաղաքացիական օրենսգրքում լրատվամիջոցներին առնչվող փոփոխությունները, թեպետ կառավարությունը դեմ էր նման խստացումներին: Ի՞նչ կարծիք ունեք նման փոփոխության վերաբերյալ:

– Ես համարում եմ, որ սա անիմաստ նախաձեռնություն էր, որն իր նպատակին բացարձակապես չի ծառայելու: Ավելին, սա շատ խիստ վտանգավոր նախագիծ է: Ընդ որում, եթե դա նայում ենք տեղի ունեցող ընդհանուր գործընթացների ֆոնին, ընդունված փոփոխությունը շատ ավելի մեծ վնաս կարող է հասցնել արդեն կայացած ոլորտին՝ մամուլի ազատությանը և ազատ խոսքին, ազատ արտահայտվելու իրավունքին, ընդհանրապես:

– Ի դեպ, «Իմ քայլից» Լուսինե Բադալյանն ասաց, թե սա ընդհանրապես խոսքի ազատության հետ կապ չունի: 

– Իսկ ինչի՞ հետ կապ ունի, ֆեյք լուրերի՞: Գիտեք, մինչև հիմա իրենք չեն կարողանում խնդիրը նորմալ ձևակերպել:

– Նրանք ասում են՝ մեզ զրպարտում են, մեզ վիրավորում են…

– Շատ լավ, վիրավորում են, թող իրենց հարցերը դատարանում կամ արտադատական մեխանիզմներով լուծեն: Ի՞նչն է խնդիրը: Դատարանները նվազեցնո՞ւմ են փոխհատուցման գումարները, էլի են նվազեցնելու: Ի՞նչ են լուծում այս փոփոխություններով:

Եթե նրանցից մեկը հոդաբաշխ բացատրի, թե կոնկրետ որ պրոբլեմի լուծմանն է ուղղված այս քայլը, ինչի դեմ են պայքարում, ես ձեռքերս վեր կբարձրացնեմ, կհանձնվեմ: Իրենց խնդիրը ո՞րն է՝ նվազեցնել զրպարտությունը Հայաստանում, չեն հասնի դրան: 

– Ալեն Սիմոնյանը, որն այս օրինագծի հեղինակն է, ասում է, թե լրատվամիջոցներն իրենց զրպարտում են, վիրավորում, ինչի հետևանքով իրենց հեղինակությունն է սասանվում:

– Շատ լավ, այդ մարդիկ իրենց հեղինակությունն ու պատիվը պաշտպանելու խնդիր ունեն:

Ստացվում է, որ հակասության մեջ են մտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդեն իսկ կայացրած նախադեպային որոշման հետ, որի համաձայն՝ պաշտոնյաների հասցեին հնչող քննադատությանը իրենք պետք է շատ ավելի հանդուրժող գտնվեն, որովհետև իրենք արդեն իսկ հանրային գործիչներ են, օգտվում են հանրային ռեսուրսներից, և իրենց ընտրությունն է եղել՝ իրենց դնել հանրային բեմահարթակում, հետևաբար, որպես կողմնակի ազդեցություն, կարող է լինել այն, որ իրենք ավելի հաճախ հայտնվեն հանրության քննադատության թիրախում, վիրավորական արտահայտությունների կիզակետում:

Այսինքն՝ բնական է, որ հանրային գործչին, այս դեպքում՝ պատգամավորին պետք է ավելի շատ վիրավորեն, քան հասարակ քաղաքացիներին, որովհետև մենք չենք գտնվում հանրային բեմահարթակում, այլ՝ իրենք:

Բացի այդ, պետք է նայել այս գործերով հայաստանյան դատական պրակտիկան՝ 2019-20 թվականներին մենք ունենք մամուլի դեմ ներկայացված հայցերի կտրուկ աճ, ընդ որում՝ դատարանները նվազեցրել են հայցվորների կողմից զրպարտության և վիրավորանքի համար պահանջված փոխհատուցումները:

Այսինքն՝ խնդիրը գումարը չէ, դատարանն այսպես թե այնպես 1 մլն դրամն էլ է համարել շատ ու նվազեցրել 200-100 հազար: Հետևաբար, ի՞նչ խնդիր ենք լուծում 1 միլիոնը դարձնելով 5 մլն դրամ, իսկ 2 միլիոնը՝ 10 մլն դրամ:

Որևէ խնդիր չի լուծվում, բացի այն, որ նորմալ գործող լրատվամիջոցներին կանգնեցնելու է ֆինանսական խնդրի առաջ, ինքնագրաքննության տոկոսը կտրուկ աճելու է, և դրան զուգահեռ աճելու է ֆեյք օգտահաշիվների թիվը:

Ով բան ունի ասելու, գնալու է կեղծ օգտահաշիվ բացի ու Ֆեյսբուքով սկսելու է ավելի մեծ հեղեղ այդ նույն պատգամավորների նկատմամբ: Նկատեք, որ մեկ պատգամավորը 7-8 հայց է ներկայացրել լրատվամիջոցների դեմ միայն այն բանի համար, որ իրեն անվանել են «շիշ բռնող», ու լրատվամիջոցից որպես փոխհատուցում պահանջել 2 մլն դրամ:

Նրանք փոխանակ մեդիան հզորացնեն, իրենց համար կարևոր դաշնակից դարձնեն չորրորդ իշխանությունը, սեղմում են պատին: Ինչքան մամուլը ճնշվեց, այնքան կեղծ լրատվությունը բազմանալու է, ու նրանք հակառակ արդյունքն են ստանալու:

– Տիկի՛ն Դոյդոյան, այսօր Ազգային ժողովում քննարկմանը նույնիսկ հայտարարվեց վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացնելու անհրաժեշտության մասին: ԱԺ նախագահը և շատ պատգամավորներ, համենայնդեպս, կողմ արտահայտվեցին: Ես հիշում եմ՝ դուք ապաքրեականացման հիմքերում էիք, ու լրատվական դաշտն էր պայքարում դրա համար: Ի՞նչ կարծիքի եք դրա մասին:

– Ես չգիտեմ, շատ հուսահատ եմ, մեր ամբողջ անցած ճանապարհը դնում ենք մի կողմ ու սկսում ենք այն թեմաներից, որ մենք ավարտել ենք 2003 թվականին: Պատկերացնո՞ւմ եք՝ ուր են ձգում մեզ:

Ես արդեն գիտեմ՝ ինչ եմ անելու, կոնկրետ այսօրվանից նստելու եմ մեր միջազգային գործընկերներին իրազեկելու գործին: Այսինքն՝ եթե մենք վերջին երկու տարում փորձել ենք անել ավելին, զարգացնել, կայացնել Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում՝ որպես ազատ մամուլ ունեցող երկիր, մյուս տարի դուք կտեսնեք, թե ինչ ազդեցություն են ունենալու այս բոլոր քայլերը:

Մենք չենք կարող հանդուրժել այդ հետընթացի շղթայական ռեակցիան, որն իրենք իրենց անգրագիտությամբ փորձում են հողին հավասարեցնել այն բոլոր ձեռքբերումները, որը լրատվական դաշտն ունեցել է վերջին 10-15 տարիներին: Ես չեմ վարանում նման որակում տալուց: Չի կարելի նման բան անել, ուղղակի չի կարելի: 

Մեկ այլ արատավոր երևույթ էլ եմ նկատել, որ թույլ են տալիս այս պատգամավորները. ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունները կատարում են միայնակ, առանց դրա ներկայացուցիչների հետ քննարկումների: Ամենաարատավոր բանն է դա, այսինքն՝ ասում են՝ ոնց, ինչպես ուզենանք, կանենք: Իսկապես ամո՛թ, ամո՛թ նման դիրքորոշում բռնած պատգամավորներին:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am