Օրինազանց վարո՞րդ, թե՞ ճանապարհների վատ վիճակ. ինչո՞ւ են Հայաստանում տարեցտարի աճում վթարները

Հայաստանում անցած 3 օրերի ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 54 պատահար, որոնց հետևանքով 7 մարդ զոհվել է, 71-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ողբերգական վերջին վթարը դեկտեմբերի 4-ին էր, Երևան-Գյումրի ճանապարհին. «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր արգելապատնեշի մեջ մխրճված առաջ է ընթացել, ինչի հետևանքով զոհվել են ամուսիններն ու նրանց 3-ամյա երեխան:

«Լավ, այս ամենը որևէ մեկին չի՞ անհանգստացնում, արա՛, դուք նամուս ունե՞ք, վե՛րջ տվեք այս ամենաթողությանը, բոլորի կյանքի հաշվին «հպարտ քաղաքացիներին» լավամարդ լինելու գործելաոճին… Անհրաժեշտ է խստացնել մոտեցումները, տասնամյակների մաշվածություն ունեցող ավտոմեքենաներին ևս վերաբերվել ամենայն խստությամբ, ավելացնել ծառայության կարգախմբերը՝ առանց կաշկանդվելու, որ այդպիսով սահմանափակ մտավոր կարողություններ ունեցող հայրենակիցները սեփական ընտրազանգվածից կվերածվեն ընդդիմադիրների»,- իր ֆեյսբուքյան էջում առաջարկ է ներկայացրել Շիրակի մարզի նախկին դատախազ, այժմ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Այն, որ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը աճում է, փաստում է նաև ոստիկանության ներկայացրած վիճակագրությունը:

«Մեդիալաբը» հարցմամբ փորձել է պարզել՝ 2018 թվականից մինչև 2022 թվականը քանի՞ ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Հայաստանում, և նույն ժամանակահատվածում որքան զոհ ու վիրավոր են եղել այդ վթարների հետևանքով:

ՏարեթիվՀՀ տարածքումորից՝ Երևան
 ՃՏՊԶոհՎիրավորՃՏՊԶոհՎիրավոր
2018411134359501832832447
2019479934168012172862801
2020401634858461554742005
2021460436866991920782434
31․10․2022 թ․ դրությամբ348425749691436421751

Այսպես, 2018-ին Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է 4111 վթար, որի հետևանքով 343 մարդ զոհվել է, 5950-ը՝ վիրավորվել:

2019-ին պատահարների թիվը զգալի աճել է. գրանցվել է 4799 պատահար, որից 341-ը զոհվել են, 6801-ը ստացել՝ վիրավորումներ:

2020-ին Հայաստանում գրանցվել է 4016 վթար, որից զոհվել է 348 մարդ, վիրավորվել 5846 մարդ:

2021 թվականին վթարների թիվը եղել է 4604, ինչի հետևանքով մահացել է 368 մարդ, 6699-ն էլ վիրավորվել են:

2022-ի տասն ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 3484 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 257 մարդ մահացել է, 4969-ն էլ ստացել են վիրավորումներ:

Ոստիկանությունից խնդրել էինք գնահատել ներկայացված վիճակագրությունը և պատասխանել հարցին՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը անկարգապահ կամ օրինազանց վարո՞րդն է, ճանապարհների վատ վիճա՞կը, թե՞ կա այլ պատճառ: Սակայն պետական մարմինը չի պատասխանել այս հարցերին:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն ասում է՝ մեր երկրում ճանապարհատրանսպորտային վթարների պատճառների վիճակագրություն չի իրականացվում, ինչն էլ թույլ չի տալիս ընդհանուր եզրահանգման գալ ու գոնե որոշ չափով նվազեցնել դրանց թիվը:

«Հայաստանում վթարի առաջացման պատճառների վիճակագրություն չի իրականացվում, ինչն էլ թույլ չի տալիս ընդհանուր ուսումնասիրել վիճակը ու քայլեր ձեռնարկել դրանք կանխելու համար»,- «Մեդիալաբին» ասում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը:

Մինչ չկա վիճակագրություն, մասնագետը Հայաստանում ավտովթարների պատճառներն ինքն է նախանշում՝ ճանապարհաշինական նորմերը չպահպանելը, ճանապարհների վատ վիճակը, վարորդների կողմից կանոնները չպահպանելը, ճանապարհների վատ լուսավորությունը:

«Այս ամենը խիստ փոխկապակցված են: Օրինակ՝ այսօր Հայաստանի տարբեր տեղերում շատ վթարներ են տեղի ունեցել, ինչը պայմանավորված է եղանակային վատ պայմաններով: Վարորդները շատ հաճախ են զգոնությունը թուլացնում, ինչի հետևանքով էլ կանգնում են խնդրի առաջ»,- նշում է Քեյանը:

Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնակարգման նպատակով ներդրվել էր վարորդների տուգանման բալային համակարգ, որի նպատակներից մեկը նաև այս պատահարների քանակը նվազեցնելն էր: Ոստիկանությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք այդ համակարգի ներդրումը ծառայե՞լ է նպատակին: Պետական կառույցը չի պատասխանել մեր այս հարցին, փոխարենը մեր մյուս հարցին ի պատասխան ներկայացրել է վիճակագրություն՝ 2 տարիների ընթացքում (2020-2022 թթ.) ճանապարհային ոստիկանության ծառայողների կայացրած որոշումներով բալային համակարգով վարորդական իրավունքից զրկվել է 870 քաղաքացի։

Իսկ այս տարվա տվյալներով՝ Պարեկային ծառայության ծառայողների կայացրած որոշումներով հաշվետու ժամանակահատվածում բալային համակարգով վարորդական իրավունքից զրկվել է 97 քաղաքացի։

«Այդ համակարգը, որը լոկալ լուծում էր, ճիշտ չկառուցեցին, դրա համար նորմալ չաշխատեց»,- ասում է Քեյանը: Նրա խոսքով՝ որպեսզի ներդրվող համակարգերը նպատակին ծառայեն, դրանք չպետք է միայն պատժիչ լինեն, այլ նաև պետք է կրթեն հանրությանը:

«Պետք է կրթել մարդկանց, բարձրացնել նրանց քաղաքացիական գիտակցությունը երթևեկության մեջ, ցանկացած վարորդ պետք է գիտակցի իր արարքի հետևանքները, այլ ոչ թե իր արարքի հետևանքները գնահատի տուգանքի չափով, այսինքն՝ չասի՝ դե լավ, դե հիմա ամրագոտի չեմ գցում, իրանց ուզած 10 հազար դրամը կտամ, թող ռադը քաշեն: Այդ գիտակցության բարձրացումը կլինի կրթական բարեփոխումների արդյունքում և ոչ թե պատժիչ համակարգերի ներդրման»,- նշում է Տիգրան Քեյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am