Հայաստանի իշխանությունը խուսափելու է որևէ հիշատակումից, որը կարող է Ադրբեջանին ինչ-ինչ պահանջներ ներկայացնելու առիթ տալ. Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, 2023-ի այս օրը Ադրբեջանը, «հակաահաբեկչական գործողություն» որակելով իր սանձազերծած պատերազմը, հարձակվեց ամիսներով շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա, մոտ մեկ շաբաթ անց Արցախն ամբողջովին հայաթափվեց: Բռնի տեղահանումից երկու տարի անց ի՞նչ է արվել պետական մակարդակով, որպեսզի արցախահայության խախտված սոցիալական իրավունքները վերականգնվեն:

– Պետական մակարդակով գործնականում տեսանելի ոչինչ չի արվել, պետական քաղաքականությունը եղել է այն, որ Հայաստանում արվեն արցախահայերի ինտեգրման ուղղությամբ գործողություններ՝ փորձ արվի լուծել սոցիալական խնդիրներ, բնակարանային խնդիրներ: Իհարկե այդ ամեն ինչը արվում է ոչ բավարար ծավալով, որը կգոհացնի արցախցիներին: 

Սա է քաղաքականությունը, ու ես կարծում եմ, որ այդ առումով Հայաստանի իշխանությունն ակնկալում էր, որ կլինի ավելի մեծ միջազգային օժանդակություն, բայց դա տեղի չունեցավ: Միջազգային այն դերակատարները, որոնք Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների հարցում ունեին առանցքային դերակատարություն, նկատի ունեմ ԵՄ-ն՝ Շառլ Միշելի ակտիվ դերակատարությամբ, ու նաև ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմը, գործնականում Արցախի հայաթափումից հետո, ըստ էության, չարդարացրին այն ակնկալիքները, որ ուներ Հայաստանի իշխանությունը արցախահայության սոցիալական խնդիրների լուծման ֆինանսական առումով: Մենք տեսանք, որ բավական համեստ էին այդ աջակցությունները, մինչև հիմա էլ համեստ մակարդակում են դրանք մնում: 

Իսկ ինչ վերաբերում է արցախահայության՝ Արցախի հետ կապված իրավունքների հարցին, ես էլ չեմ խոսում վերադարձի իրավունքի, նրանց ունեցվածքի պաշտպանության և այլնի մասին, այդ ուղղությամբ գործնականում Հայաստանը հրաժարվել է լինել քաղաքականություն իրականացնող, ու այդ մասին հայտարարվել է բաց տեքստով, հայտարարվել է, որ Արցախի հարցը փակ է ու այն չի բացվի, քանի դեռ իրենք են իշխանության Հայաստանում: 

– Այդ քաղաքականությա՞մբ է պայմանավորված, որ այսօր պաշտոնական այց Եռաբլուր, պաշտոնական որևէ խոսք չեղավ երկու տարի առաջ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման վերաբերյալ:

– Այո՛, եթե բաց տեքստով հայտարարել են, որ փակել են Արցախի հարցը, բնական էր այն, ինչ տեսանք: Բայց այս առումով հարցը նույնիսկ միայն Արցախը չէ, մենք տեսանք, որ որևէ բան չեղավ նաև 2022-ի ջերմուկյան մարտերի տարելիցի կապակցությամբ, ոչ մի խոսք չեղավ, իսկ դա ամենևին Արցախի հետ կապված չէր ու վերաբերում էր, նույն պաշտոնական Երևանի հավաստիացմամբ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքին, Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիային: Այսինքն՝ հասկանալի է, որ Արցախի մասով որևէ բառ չէին ասելու, որովհետև հայտարարել են, որ հարցը փակ է, բայց որևէ բան չեն ասել ջերմուկյան մարտերի տարելիցին:

Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի իշխանությունը, հենց արտգործնախարարը խորհրդարանում հայտարարեց, որ հաստատել են խաղաղություն, բայց այն ամենօրյա խնամք է պահանջում ու պահանջում է խնամք յուրաքանչյուր բառի հանդեպ զգուշավորության մակարդակով: Հիմա, եթե Հայաստանի արտգործնախարարը ուղիղ իմաստով ասում է դա, ապա որևէ կերպ զարմանալի չէ, որ Հայաստանի իշխանությունը խուսափելու է որևէ հիշատակումից, որը կարող է Ադրբեջանին ինչ-ինչ պահանջներ ներկայացնելու առիթ տալ: 

– Պարո՛ն Բադալյան, բայց իշխանության այդ քաղաքականությունը արդյունավե՞տ է կայուն խաղաղության համար:

– Դա քաղաքականություն չէ խաղաղության ուղղությամբ, դա քաղաքականություն է նախընտրական նպատակների ուղղությամբ, իհարկե այդ նպատակի համատեքստում կարևոր է, որ լինի կայունություն, որովհետև խաղադրույքն արված է հենց նրա վրա, որ իրենք բերել են խաղաղություն, հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը չունի ընտրազանգվածին ներկայացնելու որևէ շոշափելի այլ արդյունք, ու այս համատեքստում դա քաղաքականություն է հենց նախընտրական նպատակների ուղղությամբ՝ ցույց տալ ամեն ինչ՝ իբրև հաստատված խաղաղություն: Բայց մենք տեսնում ենք, որ հաստատված խաղաղության մասին, բացի Հայաստանի իշխանությունից, որևէ մեկը չի խոսում, իսկ պաշտոնական Երևանն այդ մասին խոսում է՝ ելնելով միայն նախընտրական նպատակներից: 

– Ձեր խոսքում ասացիք, որ Հայաստանի իշխանության հույսերը չարդարացան միջազգային խաղացողների վերաբերյալ՝ արցախահայության սոցիալական կարիքների լուծմանն օգնելու մասով, ինչո՞ւ միջազգային խաղացողները այդ դիրքորոշումը որդեգրեցին:

– Որովհետև նրանք մոտիվացնում էին պաշտոնական Երևանին այնպիսի մոտեցման Արցախի հարցում, որն ի վերջո հանգեցրեց այսպիսի վիճակի: Հասկանալի է, որ նրանց նպատակն էր ստեղծել մի իրավիճակ, որը մի կողմից կփակեր Արցախի հարցը, թույլ կտար Ադրբեջանի ու Հայաստանի հարցում Կովկասում ստանալ ավելի մեծ տարածություն ու անկաշկանդվածություն, ու մյուս կողմից այդ համատեքստում կստեղծվեր իրավիճակ, որ ռուսները դուրս կգային Արցախից, օգտվեցին նաև նրանից, որ այդ ընթացքում Ռուսաստանը խրվել էր ուկրաինական հարցերի մեջ: 

Ստանալով իրենց ցանկալի այդ արդյունքը՝ նրանք այլևս անհրաժեշտություն չունեին առանձնապես մեծ ջանք գործադրել Երևանին օգնելու՝ արցախահայության սոցիալական ծախսերը լիարժեք հոգալու համար, թեև Հայաստանի իշխանության մոտ այդ ակնկալիքը կար: Ուզում եմ հիշեցնել, որ 2024-ի ապրիլի 5-ին եղավ այդ աննախադեպ որակված ձևաչափի հանդիպումը՝ Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան, պաշտոնական Երևանը իր ոչ պաշտոնական խողովակներով չէր թաքցնում, որ մեծ սպասելիքներ կան ֆինանսական աջակցության առումով, բայց մենք տեսանք, որ այդ հանդիպմանը շատ համեստ խոստումներ եղան Հայաստանին՝ որևէ կերպ նախորդ խոստումներից չտարբերվող:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am