Ազատության հրապարակ-Մայդան. Հրանուշ Խառատյանը` թե ինչու Երեւանում բողոքի ալիքը մեծ չէր

Ազատության հրապարակ-Մայդան. Հրանուշ Խառատյանը` թե ինչու Երեւանում բողոքի ալիքը մեծ չէր
Ազատության հրապարակ-Մայդան. Հրանուշ Խառատյանը` թե ինչու Երեւանում բողոքի ալիքը մեծ չէր

Կիեւում վերջին օրերին ծավալվող մեծածավալ բախումներին եւ զարգացումներին անդրադառնալով, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայաստանում Մաքսային միության դեմ հզոր պայքար չծավալելու մի քանի պատճառ է տեսնում: 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունների` Մաքսային միության անդամակցելու հայտարարությունից հետո, մայրաքաղաք Կիեւում մեծածավալ բողոքի ալիք է բարձրացել: Կիեւի կենտրոնական Մայդանում, չնայած խստաշունչ ձմռանը, հազարավոր մարդիկ  օրեր, շաբաթներ եւ ամիսներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել: Իսկ վերջին օրերին ուժայինների ու ցուցարարների միջեւ արյունալի մեծածավալ բախումների հետեւանքով, պաշտոնապես արդեն իսկ հայտարարվել է 5 զոհի մասին:

Չնայած ստեղծված ճգնաժամային իրավիճակին, Կիեւում ընդդիմադիրները շարունակում են պայքարը` բարիկադերի կառուցումը` իրադարձությունների կիզկետում հայտնված Կիեւի կենտրանական  Գրուշեւսկու եւ նաեւ Վլադիմիրյան փողոցներում: Ըստ ուկրաինական մամուլի, իշխանություններին ուկրաինական ընդդիմությունը 24 ժամյա վերջնագիր է ներկայացրել` կառավարությանը պաշտոնանկ անելու համար:

Ի հակառակ, Կիեւում ծավալվող բուռն իրադարձություններին եւ պայքարին, անցյալ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու անսպասելի հայտարարությունը բազմամարդ բողոքի ակցիաների առիթ չդարձավ:

Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելության օրը թեեւ առնվազն 100 հոգի ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվեցին, իսկ մայրաքաղաք Երեւանում ընդդեմ Մաքսային միության ծավալված բողոքի հանրահավաքը հարյուրավոր ուժայինների շնորհիվ շրջափակման մեջ հայտնվեց, այնուամենայնիվ հետագա զարգացումներ այդպես էլ չեղան:

Հրանուշ Խառատյանը «Մեդիալաբի» հետ զրույցում զզուգահեռներ տանելով Կիեւում ընթացող զարգացումների եւ Հայաստանի միջեւ, նշում է, որ Կիեւում բողոքի ալիքի հզորությունը նախ եւ առաջ պայմանավորված է նրանով, որ   Ուկրաինայի կառավարությունը մինչ Մաքսային միությանը միաալու որոշումը բավականին ինտենսիվ աշխատանք էր տանում Ռուսաստանից ազատվելու ուղղությամբ եւուներ հստակ դիրքորոշում:

«Այսինքն՝ դա միայն բնակչության ցանկությունը չէր, նաև իշխանության քայլերն էին դրան տանում: Եվ Ուկրաինայում շատ ավելի ամրացված էր այդ զգացողությունը, քան Հայաստանում»,- «Մեդիալաբին» ասում է Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության վրա վերջին շրջանում շատ ազդեց անհեթեթ գենդերային խնդիրը, և եվրոպական խնդիրը համարյա վերաճեց «մաքսիմալիստական անիմաստ գենդերիզմային խնդրի»:

Դրա պատճառով, ըստ Խառատյանի, Հայաստանի բնակչության համար Եվրոպան սկսվեց ընկալվել որպես սեռական մոլագարության մի տարածք, և դրանով մեր հասարակության մեջ ինչ-որ զգացմունքներ զգալիորեն փոխվեցին:

«Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության գաղափարը շատ ինտենսիվ նաև ներդրված է հայկական սոցիալ-հոգեբանական դաշտում առհասարակ: Կարծում եմ, որ մեծ դեր խաղաց և շարունակում է խաղալ Ռուսաստանում շատ ինտենսիվորեն աճող հայկական գործոնը, այսինքն՝ հայկական պատանդության գաղափարը: Նաև հայ բնակչության ընդհանուր արժանապատվության անկում կա, որը Հայաստանում շատ-շատ նվազեցրել է դիմադրողականության երևույթը»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Այս օրերին որոշ փորձագետներ համեմատում են Եվրամայդանում տեղի ունեցող դեպքրեը Հայաստանում 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի հետ:

Հրանուշ Խառատյանը ռուսական ձեռագիր է տեսնում այս երկու դեպքերում:

«Տևական համբերությամբ իշխանությունների կողմից հրապարակում կատարվող գործողություններն արհամարելն ի վերջո տեղի է տալիս ռուսական ռազմական միջամտությանը: Ես կարծում եմ, որ երկու դեպքում էլ մենք գործ ունենք ռուսական երևույթի հետ, ոչ թե տեղական իշխանությունների»,- ասում է Հրանուշ Խառատյան:

Նրա խոսքով՝ այդ ամենն, իհարկե, տեղի է ունենում տեղական իշխանությունների կամքով, սակայն հստակ ռուսական ձեռագիր է:

Ըստ Խառատյանի՝ թե Ուկրաինայում, թե Հայաստանում տեղական զինվորականությունը և ոստիկանությունը մեծ հաշվով չենք կարող ասել, որ պատրաստակամ են ժողովրդի դեմ գնալուն:

«Չեմ բացառում նաև պրովոկացիայի հնարավորությունը: Իշխանությունները ձևացնում են, որ համբերում են, և տեսնում ենք, որ անընդհատ Մայդանին ուզում են մղել պրովոկատոր գործողությունների: Կամ գոնե մեր տեղեկություններն այդպիսի մտածողության հնարավորություն են տալիս»,- ասաց նա:

© Medialab.am