«Սեռական փոքրամասնությունների թեմայով իշխանությունները հանրության ուշադրությունը շեղում են կարևոր խնդիրներից». «Parada»-ն անպայման կցուցադրվի

«Սեռական փոքրամասնությունների թեմայով իշխանությունները հանրության ուշադրությունը շեղում են կարևոր խնդիրներից». «Parada»-ն անպայման կցուցադրվի
«Սեռական փոքրամասնությունների թեմայով իշխանությունները հանրության ուշադրությունը շեղում են կարևոր խնդիրներից». «Parada»-ն անպայման կցուցադրվի

Սեռական փոքրամասնությունների մասին իրազեկված չլինելը, խտրական վերաբերմունքն ու անհանդուրժողականությունը ևս մեկ անգամ պատճառ հանդիսացան չեղյալ հայտարարելու Բելգրադում միասեռականների շքերթ կազմակերպելու մասին պատմող «Parada» ֆիլմի ցուցադրությունը, որ պետք է տեղի ունենար հոկտեմբերի 17-18-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում:
Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էին Եվրոպական Միության պատվիրակությունը և Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը, որի նպատակն էր Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու, և լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց նկատմամբ խտրականությունը վերացնելու ուղղությամբ քայլ կատարելը:
Ըստ «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» PINK Armenia ՀԿ ծրագրերի համակարգող Մարինե Մարգարյանի` ֆիլմի ցուցադրության խափանումը պայմանավորված է նրանով, որ մարդիկ պարզապես տեղյակ չեն, չգիտեն` ի՞նչ է սեռականությունը, ի՞նչ են գենդերային ինքնությունն ու սեռական կողմնորոշումը:

«Այդ ամենը բացարձակապես չի քննարկվում մեր կրթական ծրագրերում, մարդիկ չգիտեն, և նրանց մեջ առաջանում են վախ ու անհասկանալի անհանդուրժողություն»,- «Մեդիալաբին» ասում է Մարգարյանը:

Նրա կարծիքով` եթե ՀՀ-ն բռնել է ժողովրդավարացման ուղին և իրեն հռչակել Սահմանադրության վրա հիմնված հանրապետություն, ապա անգամ նրա պետական այրերը չեն կարող իրենց թույլ տալ խրախուսել բռնության կոչերն ու խտրականությունը:

«Դա դեմ է թե Սահմանադրությանը, թե Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին: Եվ այդ մասին իր բացասական գնահատականն են տվել և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, և միջազգային հանրությունը»,- ասում է Մարգարյանը՝ նկատի ունենալով դեռ DIY ակումբի պայթյունի ժամանակ մի շարք պատգամավորների ելույթները` ընդգծված խտրականության տարրերով:

«Parada» ֆիլմը, որի ցուցադրությունն արդեն երկրորդ անգամ է չեղյալ հայտարարվում Երևանում, սերբական դրամա է, որում արծարծվում են Սերբիայում միասեռականների իրավունքները: Հիմնական թեման Բելգրադում միասեռականների շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001-ին ավարտվել էր բռնությամբ ու արյունահեղությամբ:

Ֆիլմը միջազգային ճանաչում է ձեռք բերել` էկրան բարձրանալով 2011-ին, իսկ 2012-ին ցուցադրվել է Բեռլինի կինոփառատոնում` շահելով հանդիսատեսի մրցանակը «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։

Սակայն սեռական փոքրամասնություններին վերաբերող որևէ զանգվածային միջոցառում կամ իրադարձություն հայ ազգայնամոլների ճնշումների ու խտրական վերաբերմունքի հետևանքով ագրեսիվ ու անհանդուրժող արձագանքի է արժանանում, ինչի վառ օրինակն էր այս տարվա մայիսին DIY միասեռականների ակումբի պայթեցումը:

Այս դեպքում միասեռականների մասին «Parada» ֆիլմի ցուցադրության չկայացումը, ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության և Երևանում Գերմանիայի դեսպանատան, կապված է նրա հետ, որ ճնշման հետևանքով «Կոնգրես» հյուրանոցը հրաժարվել է ցուցադրման նախաձեռնությունից:

Հիշեցնենք, որ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր դեռևս հոկտեմբերի 8-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, սակայն «Հայազն» միությունը բողոքի ակցիա անցկացրեց Գերմանիայի դեսպանության առջև: Ֆիլմի ցուցադրությունը հենց այդ ժամանակ էլ չկայացավ, իսկ միության անդամներից մեկը tert.am-ին տված հարզազրույցում պնդում էր, թե իրենք ոչ մի ճնշում չեն գործադրել:

«Իրանց ասելով`ճնշումներ չեն գործադրել, բայց եթե ակցիա են անցկացրել մայիս ամսից, որպեսզի թույլ չտան ԼԳԲՏ անձանց հասարակության լիարժեք անդամ զգալու, նշանակում է ինչ-որ ձևով ազդել են և թատրոնի, և The club-ի, և «Կոնգրես» հյուրանոցի վրա ֆիլմի ցուցադրությունն արգելելու համար: Նրանք հենց այնպես չէին հրաժարվի, և «Հայազնի» ակցիաները մայիսից սկսած խախտեցին մարդու իրավունքները: Եթե նրանք ակցիա չանեին, ճնշում չէր լինի»,- «Մեդիալաբին» ասում է ԵՄ-ի և Հայաստանում Գերմանիայի դեսպանատան միջոցառման մասնակից և միջոցառման կազմակերպչական գործերով օգնական Բաբկեն Գրիգորյանը:

ԵՄ պատվիրակությունը և Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաստատում են, որ ֆիլմի ցուցադրությունն անպայման կկազմակերպվի այն դիտել ցանկացողների համար:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի՝ ԼԳԲՏ-ների նկատմամբ անհանդուրժողականությունը դրսևորվում է հենց ղեկավար մարմինների կողմից, երբ որոշ կուսակցությունների անդամներ հրապարակավ հանդես են գալիս խտրականություն քարոզող ելույթներով և, իրենց դիրքորոշումը հայտնելով, ուղերձ են ուղարկում հանրությանը:

«Մեր երկրի տնտեսական աղետալի վիճակի, կոռուպցիայի, ընտրակաշառքների, սոցիալական անապահով վիճակի և դատական իշխանությունների բացերի վերաբերյալ ահազանգերն անուշադրության են մատնվում, բայց ուշադրությունը սևեռվում է անկարևոր խնդիրների վրա,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը: – Սա այն թեման չէ, որը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Մեր երկրում ավելի կարևոր են մենաշնորհը, արագաղթը, բանակում սպանությունները, իսկ իշխանությունները մարդկանց բնազդային զգացմունքների վրա են խաղում` թիրախ դարձնելով ԼԳԲՏ-ներին, կրոնական կազմակերպություններին, քաղաքական այլախոհներին ու իրավապաշտպաններին և, վհուկների որս կատարելով, դրանով սնում են մարդկանց ուղեղները»:

Նա նշում է, որ իշխանությունները մարդկանց ստիպում են հաշտվել նրա հետ, ինչը միայն իրենց շահերից է բխում, ինչպես, օրինակ՝ կոռուպցիոն մեխանիզմները:

«Իսկ սեռական փոքրամասնությունների թեմայով իշխանությունները հանրության ուշադրությունը շեղում են կարևոր խնդիրներից»,- հավելում է Սաքունցը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am