Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը լիովին ապահովված է ռուս սահմանապահների միջոցով․ Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, Սյունիքում, մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին այժմ ի՞նչ վիճակ է։ Այդ ճանապարհահատվածին ադրբեջանական ուղեկալներ կա՞ն տեղադրված։

– Գորիս-Կապան ճանապարհին կան այնքան ադրբեջանական ուղեկալներ, որոնք տեղադրվել էին դեռ 2020 թվականի դեկտեմբերին։ Այդ հատվածում ուղեկալների քանակ չի ավելացել, հենց ճանապարհի բացման օրն եմ եղել այնտեղ, առաջին երթևեկողն եմ եղել, որովհետև ուզում էի անձամբ ականատես լինել իրավիճակին։ 

Որևէ փոփոխություն չի եղել, այն իրավիճակն է, ինչ կար մինչև ճանապարհը փակելը։ Ուղղակի այդ ուղեկալներում, որտեղ կան ադրբեջանցիներ՝ Որոտանի հատվածում, ուղեկալներում տեղադրված են արգելապատնեշներ՝ ճանապարհի աջ ու ձախ կողմերում։ 

Սա արվել է ավելի շատ երթևեկության արագությունը նվազեցնելու համար, այսինքն՝ տրանսպորտային միջոցը մոտենալով ուղեկալին՝ նվազեցնում է արագությունը և շարունակում է երթևեկությունը։ Այլ փոփոխություն չի եղել։

– Իսկ այդ ուղեկալների մոտ ադրբեջանական զինվորներ կա՞ն։

– Իհարկե կան։ Նրանք ճանապարհին չեն լինում, հիմնականում լինում են իրենց ուղեկալում, բայց այնպես, ինչպես եղել է դեկտեմբեր ամսից, այդպես էլ կա։

– Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելը, ձեր գնահատմամբ՝ անվտա՞նգ է։

– Այս պահի դրությամբ՝ այո՛, անվտանգ է։ Բոլոր մասերում կան ռուսական սահմանապահներ, որոնց միջոցով անվտանգություն լիովին ապահովված է;

– Պարո՛ն Խաչատրյան, երբ բացվեց Գորիս-Կապան ճանապարհը, որը ադրբեջանցիների կողմից շուրջ երկու օր փակված էր, ընդդիմադիր ձեր գործընկերները նշեցին, որ այդ բանակցություններին հայկական կողմը չի մասնակցել, և հայտնի չէ, թե ինչի՛ դիմաց է ադրբեջանական կողմը բացել ճանապարհը։ Դուք տեղյակ եք՝ ի՞նչ պայմանով է բացվել ճանապարհը, ու հայկական կողմը մասնակցե՞լ է այդ բանակցություններին։

– Ի հեճուկս ընդդիմության՝ Ադրբեջանը բացել է այդ ճանապարհը, ի դժբախտություն մեր ընդդիմության։ Բանակցություններ են տեղի ունեցել, և՛ սահմանապահ զորքերը, և՛ մեր Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները մասնակցել են որոշակի գործողությունների։ 

Պետք չէ սա շատ լուսաբանել, այո՛, Ռուսաստանի Դաշնության մեծ դերակատարմամբ այդ հարցը լուծվել է։ Իսկ եթե պայմանների մասով կասկածներ ունեն, թող գնան իրենց կասկածները փարատեն, այնուհետև կխոսենք։

– Արտախորհրդարանական ընդդիմությունն ահազանգում է, որ իրենց հավաստի տվյալներով՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ձեր քաղաքական թիմը պատրաստվում է նոր, իրենց բնորոշմամբ՝ կրկին հակահայ փաստաթուղթ ստորագրել։ Որպես իշխանական թիմի ներկայացուցիչ՝ կխնդրեմ հստակեցնեք՝ որքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը, նոր փաստաթուղթ պատրաստվո՞ւմ եք ստորագրել։

– Ընդդիմադիրները շատ չճշտված տեղեկություններ են ասում, սուտ լուրեր են տարածում։ Իշխանությունը որևէ տարածք հանձնելու մտադրություն չունի և չի էլ ունեցել։ Իսկ ինչ են խոսում փողոցում, վարսավիրանոցներում և այլուր՝ չեմ ուզում անդրադառնալ։

– Արդեն տևական ժամանակ Հայաստանի ինքնիշխան տարածք մտած ադրբեջանական զորքերի դուրսբերման գործընթացն ի՞նչ փուլում է։

– Միանշանակ ճիշտ եմ համարում մեր արտգործնախարարի այն հայտարարությունը, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը իր ներկայացուցիչներին կհանի ՀՀ վարչական տարածքից, դրանից հետո միայն հնարավոր է իրականացնել սահմանների ճշգրտում: Սա է մեր պայմանը, և Ադրբեջանը անպայման պետք է իրականացնի այդ պայմանը։

– Բայց ե՞րբ դուրս կբերի Ադրբեջանը իր զորքը, պարո՛ն Խաչատրյան, հստակ ժամկետներ ունե՞ք։

– Չէ՛, անմիջական կապ չունենք Ադրբեջանի հետ, որ ճշտենք՝ ինչ կարծիք կամ ցանկություն ունեն։

– Խորհրդարանում նոր ընդդիմության հետ աշխատելը հեշտ ու արդյունավետ համարո՞ւմ եք։

– Հեշտ չէ, որովհետև եթե քո կոլեգաները կառուցողական չեն և այլ օրակարգ ունեն, դժվար է, թեև մենք ամեն ինչ անում ենք, որ գործը չտուժի։ 

Սակայն հույս ունեմ, որ ընդդիմությունը կվերադառնա այն դիրքին, որն անհրաժեշտ է ժողովրդի խնդիրները լուծելու համար։ Որոշ ժամանակ անց իրենք էլ կհամոզվեն, որ նման գործելակերպը անիմաստ է և կտրուկ իջեցնում է իրենց վարկանիշը, եթե այն կա։ 

Կարծում եմ՝ կվերադառնան կառուցողական դաշտ, որովհետև այլ տարբերակ չունեն։ Ընդդիմությունը եկել է խորհրդարան մեզ օր ու արև չտալու համար, բայց, կարծես, իրենց արևն է սկսում խավարել։

– Պարո՛ն Խաչատրյան, վստահեցնո՞ւմ եք, որ չնայած այդ լուրերին, այնուամենայնիվ, ձեր քաղաքական թիմը չի պատրաստվում նոր փաստաթուղթ ստորագրել, որ Հայաստանում ապրող քաղաքացին անվտանգ է։

– Քանի դեռ մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ մեր հարևանն Ադրբեջանն ու Թուրքիան են, հարյուր տոկոսով ասել, որ սպառնալիքներ չկան, անվտանգ է ՀՀ-ի համար, միանշանակ սուտ կլինի։ Սակայն ՀՀ իշխանությունը և զինուժը պետք է համարժեք միջոցներ ձեռնարկեն այդ սպառնալիքների դեմ։ Եվ ամեն օր այդ ուղղությամբ կատարվում են լուրջ աշխատանքներ։ Միանշանակ ՀՀ-ի իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված է և ապազգային որևէ քայլ չի կարող կատարել։

– Թուրքիայի և Ադրբեջանի մասով նշեցիք, որ քանի մեր հարևաններն իրենք են, Հայաստանի համար սպառնալիք կա։ Այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերվում, երբ ձեր քաղաքական թիմից ոմանք ասում են, թե այդ երկրների հետ բարեկամական կապեր հաստատելու հիմքեր կան։

– Որևէ մեկը բարեկամական հարաբերությունների մասին չի խոսում, չեմ կարծում, թե այդ բարեկամական հարաբերություններն այս պահին հնարավոր են։ Այդ հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ հարգանքի և փոխշահավետ հիմքերի վրա։ Հնարավորինս ոչ թշնամական, ցանկացած հարևանի հետ թշնամական հարաբերությունները վնասում են երկու կողմին էլ, հատկապես՝ մեզ։ Հարաբերությունները պետք է կառուցվեն հնարավորինս Հայաստանի շահերից ելնելով, պետք է լինեն ինչ-որ հարաբերություններ, որ կարողանանք մեր օրակարգն առաջ տանել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am