«Այս պայմանագրով Ռուսաստանին տվեցինք ևս մեկ պատուհան, որպեսզի նա գա և կեղտոտ սապոգներով մտնի մեր տան մեջ»․ Ռուբեն Մեհրաբյան

«Այս պայմանագրով Ռուսաստանին տվեցինք ևս մեկ պատուհան, որպեսզի նա գա և կեղտոտ սապոգներով մտնի մեր տան մեջ»․ Ռուբեն Մեհրաբյան
«Այս պայմանագրով Ռուսաստանին տվեցինք ևս մեկ պատուհան, որպեսզի նա գա և կեղտոտ սապոգներով մտնի մեր տան մեջ»․ Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վերլուծաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

-Պարոն Մերհրաբյան, Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հայաստանի ու Ռուսաստանի միջև միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիրը: Ի՞նչ է նշանակում սա Հայաստանի համար:

-Բովանդակային մասը ես միտումնավոր մի կողմ եմ թողնում շատ պարզ պատճառով, որովհետև ընդհանրապես պրակտիկան ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ կնքված ցանկացած պայմանագիր աշխատում է միայն այն մասով, որ մասով ձեռնտու է միայն Ռուսաստանին: Այն մասը, որը պետք է իբր թե ձեռնտու լիներ մեզ, դա եթե իրեն ձեռնտու չէ, չի անելու, իսկ եթե իրեն էլ ձեռնտու է, ապա անելու է՝ դարձյալ մեզանից մի բան պոկելով: Այդպիսին է Ռուսաստանը: Մենք այս պայմանագրով փաստորեն Ռուսաստանին տվեցինք ևս մեկ պատուհան, որպեսզի նա գա և կեղտոտ սապոգներով մտնի մեր տան մեջ: Ընդամենը սա, ուրիշ ոչ մի բան:

-Իշխանության ներկայացուցիչները հիմնավորումներ են ներկայացնում, որ այս համաձայնագրի շնորհիվ երբ ուզենք, կարող ենք ռուսական ռազմաբազայի զենքը, այդ թվում՝ կործանիչ ավիացիան օգտագործել: Դա հնարավո՞ր է:

-Իշխանությունների բոլոր բացատրություններին տարիներ ի վեր մենք ծանոթ ենք: Այդ բացատրություններով հանդերձ, թե դա ինչքան լավ է Հայաստանին, մենք մի օր տեսանք, որ Հայաստանում էլ ոչինչ չկա, ամեն ինչ ռուսներինն է: Հետո մենք տեսանք, որ չորս տարի Եվրոպայի հետ բանակցելուց հետո հայտնվել ենք Եվրասիական այդ ախոռում: Հետո մենք տեսանք, որ դրա բերումով մեկ էլ հանգեցինք պատերազմի: Մենք այդ ամեն ինչը տեսանք: Այնպես որ, ամենաանլուրջ բանն է իշխանությունների այդ բացատրություններին լուրջ վերաբերվելը:

֊Այդուհանդերձ, ռուսական կողմը թույլ կտա՞, որ երբ ուզենք, ռուսական ռազմաբազայի զենքն օգտագործենք:

֊Մի հարցնող լինի՝ դուք ո՞վ եք, որ Ռուսաստանի զենքներն օգտագործեք: Դուք բազմաթիվ անգամ նույնիսկ ընդունել եք որոշումներ, որոնք ակնհայտորեն դեմ են Հայաստանի շահերին՝ ինքներդ օգտագործված լինելով ռուսների կողմից՝ որպես բութ գործիք: Սա այլ կերպ, քան բթամտություն և ցինիզմ, ես չեմ կարող որակել:

֊Ինչո՞ւ է Ռուսաստանն ուզում Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծել:

֊Շատ պարզ է դա, ավելին, դա ուզում է անել Վարշավյան գագաթնաժողովին ընդառաջ, որովհետև դա լինելու է շրջադարձային գագաթնաժողով, որի ժամանակ հաստատվելու է Հյուսիս-ատլանտյան դաշինքի ռազմավարությունն ընդդեմ ՌԴ ագերսիվ քաղաքականության: Եվ Ռուսաստանն այդ ճանապարհին փորձում է իբր թե հակաքայլեր անել և այդ հակաքայլերի շրջանակում էլ օգտագործում է այսպիսի գործիքների, ինչպիսիք մեր իշխանություններն են՝ ՆԱՏՕ-ին ինչ-որ բաներ ցույց տալու կամ տպավորելու համար:

֊Արցախի համար այս համաձայնգիրը վտանգ պարունակո՞ւմ է:

֊Այն, ինչ թուլացնում է Հայաստանին, այն ամենը, ինչը Հայաստանին դնում է Ռուսաստանի ենթակայության տակ, ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ դա վաղ թե ուշ հարվածելու է Ռուսաստանին: Ցավոք սրտի, այդ գիտակցումը չկա թե Արցախի ղեկավարության մեջ, թե Հայաստանի, նաև՝ քաղաքական դաշտում՝ բացառությամբ եզակի օջախների, բայց նրանց ձայնը քաղաքական որոշումներ ընդունելիս լսելի չէ: Եվ, այո, մենք ունենք բավական վտանգավոր իրավիճակ, երբ Հայաստանը դառնում է ՆԱՏՕ-ի համար թշնամական տարածք, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ դա այդպես էլ լինի: Բացի դրանից, Ռուսաստանը կաշկանդում է Հայաստանին արտաքին աշխարհի հետ իր շահերից բխող հարաբերություններ հաստատելու համար: Պետք է նաև շեշտել, որ այս համաձայնագրին կողմ քվեարկած այն 102 պատգամավորների անունները լինելու են մեր պատմության ամենախայտառակ ու սև էջերում՝ որպես Հայոց պատմության «սև հարյուրյակ», որը Հայաստանը դարձնում է Ռուսաստանի հպատակ, վասալ:

֊Իսկ ինչո՞ւ են ԱԺ գերթե բոլոր խմբակցությունները միշտ կողմ լինում հայ-ռուսական համաձայնագրերին ու նպաստում դրանց վավերացմանը:

֊Շատ պարզ է, որովհետև դրա մեջ իրենք տեսնում ենք իրենց իշխանության վերարտադրության գրավականը; Դա գալիս է Ռոբերտ Քոչարյանի ժամանակվանից ձևավորված չարորակ համակարգից: Մինչ օրս, այդքան տարիներ են անցել, բայց Քոչարյանի այդ «սև ժառանգությունը» դեռևս հաղթահարված չէ, երբ որ ամեն ինչ տալիս ես Ռուսաստանին և դրա դիմաց ստանում ես վերարտադրության հնարավորություն, իրավունք ու դաբրո և կոչվում ես Ռուսաստանի, այսպես կոչված, բարեկամ:

էմմա Մանուկյան

MediaLab.am