ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում (ԱՀ)։ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության կազմում էր Արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում իրականացվող և նոր ենթակառուցվածքային ծրագրերին առնչվող խնդիրները, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում կորուստներ և վնասներ կրած Արցախի Հանրապետության կազմակերպություններին և ՓՄՁ-ին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Արցախի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցության հնարավորություններին ու ձևերին:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ԱՀ պետական և մասնավոր հատվածի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված և համատեղ ուսուցման ու վերապատրաստման միջոցառումներին (այդ թվում՝ առցանց եղանակով) մասնակցության հնարարվորությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ինչպես նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ն.Մուսայելյանը, նախարարի տեղակալներ Վ.Ավետիսյանն ու Տ.Առստամյանը, նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բ.Պետրոսյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Արցախի գյուղմթերքի վերամշակման և թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղղությունները։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։