«Հեռվից ինձ նայող երազանքներիս համար եմ ցավում». Վանաձորի կույրերի կյանքը դժվար է, ապագան` անհեռանկար

«Հեռվից ինձ նայող երազանքներիս համար եմ ցավում». Վանաձորի կույրերի կյանքը դժվար է, ապագան` անհեռանկար
«Հեռվից ինձ նայող երազանքներիս համար եմ ցավում». Վանաձորի կույրերի կյանքը դժվար է, ապագան` անհեռանկար

«Հիվանդության համար չեմ ցավում այնքան,
Հեռվից ինձ նայող երազանքներիս համար եմ ցավում…»
Տառերը՝ խոշոր, համաչափ, հատ-հատ լցնում են սպիտակ թուղթը, մեկ-մեկ էլ` իրար վրա բարդվելով:
Այսպես են գրվել Սիրանուշի մյուս բանաստեղծությունների տողերը՝ հոգում կուտակված իղձերն ու ցանկությունները փոխանցելով թղթին:
49-ամյա Սիրանուշ Ստեփանյանը 10 տարեկանից աշխարհն ու մարդկանց աղոտ է տեսնում, իսկ հայելու միջի հարազատ դեմքն արդեն 39 տարի ուրվագիծ է հիշեցնում:
Գրիպի բարդության հետևանքով վնասվել է նրա տեսանյարդը: Սիրանուշն ու ընտանիքի անդամներն ամեն ինչ արել են, որ վերականգնեն տեսողությունը, սակայն ապարդյուն: Բժիշկներն ասել են, որ տեսանյարդի ատրոֆիան դժվար է բուժման ենթարկվում, մնում է պահպանել այն, ինչ կա:

«Դեղ եմ խմում, որ գոնե եղածն էլ մնա»,- ասում է Հայաստանի երրորդ մեծ քաղաքում` Վանաձորում, ապրող Սիրանուշը:

Վանաձորի հագուստի շուկայի հարակից տարածքը Սիրանուշ Ստեփանյանի սիրած վայրերից մեկն է, որտեղ գտնվող դեղատնից էլ կինն ամեն շաբաթ իրեն անհրաժեշտ դեղերն է գնում:

Զարմանալիորեն արագ ու հաստատուն քայլերով, հայացքը դեպի առաջ՝ Սիրանուշը մոտենում է դեղատանը, բացում ծանր ու ամուր դուռն ու մտնում ներս:

Դեղատան աշխատակիցները շատ լավ գիտեն նրան. մշտական հաճախորդ է: Գնած դեղերը պայուսակում խնամքով տեղավորելուց հետո Սիրանուշը մի քիչ շրջում է փողոցներում, հագուստի տաղավարներում շոշափում «նորությունները», հետո քայլերն ուղղում դեպի տուն:

Սակայն Սիրանուշը հույսը չի կորցրել. շարունակում է բժիշկներին այցելել և տեսողությունը վերականգնելու կուրսեր ընդունել, սակայն մի հասարակությունում, որտեղ ապրում է նա, անապահով ու անուշադրության մատնված, առանց աշխատանքի ու աջակցության դժվար է հույսն «ամուր» պահել:

Սիրանուշը չի աշխատում: Պետությունը նրան ամեն ամիս 11.200 դրամ թոշակ է հատկացրել, ինչը բավականացնում է մանր-մունր ծախսերի համար:

«Միայն դեղերն ամսական 5000 դրամից ավելի արժեն»,- ասում է ժպտերես Սիրանուշը:

Սիրանուշն ապրում է մոր, երկու քույրերի և քրոջ որդու հետ: Ստեփանյանների հինգ հոգանոց ընտանիքում երկուսն են աշխատում, լազերային թերապիայի մեկ կուրսը, որը խորհուրդ է տրվում տեսողական նման խնդիրներ ունեցողներին, 20.000 դրամ արժի:

Սակայն երբեմն անհրաժեշտ այս կուրսի համար Սիրանուշի ընտանիքն ասում է, որ անհրաժեշտ գումարը պարտքով են վերցնում:

«Շատ եմ ուզում աշխատել, բայց ո՞վ կընդունի: Երբեք չեմ դիմել որևէ տեղ աշխատելու, գիտեմ, որ չեն ընդունի: Սայլակով մի ընկերուհի ունեմ, դիմել էր տաքսի ծառայություն, ասել էին` արի, հետո որ իմացել էին սայլակով է, ասել էին` չգաս: Նախօրոք գիտենք, որ որևէ դրական արձագանք չի լինի, դրա համար էլ ո´չ դիմում ենք, ո´չ հետաքրքվում»,- ասում է նա:Ընտանիք ու երեխաներ ունենալու մասին էլ դադարել է մտածելուց. «Աստծո վրա եմ գցել ամեն ինչ, իհարկե, ուզել եմ, ցանկություն եղել է, բայց եթե հիմա չկա, ուրեմն Տիրոջ կամքով է դա»:

Օրերի ու ժամերի բաց տարածությունը Սիրանուշը հաճախ լցնում է պոեզիայով. ստեղծագործում է: Ծանոթ է Պարույր Սևակի, Վահան Տերյանի բանաստեղծություններին. քույրն է ձայնագրել, ինքն էլ լսել ու սովորել է:

Կյանքի դժվարությունները չեն չարացրել նրան, անսահման բարությամբ է լցված մարդկանց նկատմամբ. «Բարին էնքան շատ եմ սիրում, որ էդ բարությունից սիրտս է ցավում: Կյանքիս սկզբունքն է՝ հույս, հավատ, սեր, սրանցից ամենամեծը սերն է»:

Երազում է օդապարիկով թռչել, իր աչքերով գիրք կարդալ ու մեկ էլ` մանկության տունն է կարոտել:

«Ներս մտնեի, տատս այնտեղ նստած լիներ, գրկեի, համբուրեի, հետո մեր այգու խնձորներից քաղեի, ուտեի»,- կարոտով լի ձայնով ասում է նա` հայացքը հառելով անորոշ մի կետի:

Աշխարհն իր ներաշխարհով տեսնող Վանաձորի մեկ այլ բնակիչ` Գառնիկը ասում է, որ չնայած բազմաթիվ խնդիրներին երջանիկ է:

«Փառք Աստծո, որ էս վիճակով էլ կարողացել եմ մարդկանց մեջ մտնել, աշխատանք ունենալ, նորմալ ընտանիք կազմել, տուն ստեղծել»,- ասում է 58-ամյա Գառնիկ Մեսրոպյանը:

6 ամսական Գառնիկի աչքերի մեջ բժիշկները կաթիլային դեղի փոխարեն յոդի լուծույթ են կաթեցրել. «Ու մարդու կյանքի հետ խաղացել»,- ասում է էությամբ աշխույժ ու ստեղծագործ Գառնիկը, որը կույր է:

Այդուհանդերձ, 21 տարեկանում ամուսնացել է, երեխաներ ունեցել, այժմ էլ ապրում է կնոջ ու որդու ընտանիքի հետ:

Գառնիկ Մեսրոպյանն ամեն օր այցելում է Վանաձորի կույրերի վարչություն. տանն անհետաքրքիր է, գոնե վարչության ակումբում զբաղվելու և օրը հետաքրքիր անցկացնելու հնարավորություն ունի:

Կար ժամանակ, երբ «Հայաստանի կույրերի միավորում» Վանաձորի ուսումնաարտադրական ձեռնարկության դահլիճը լի էր մարդկանցով:

Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ այստեղ ժողովներ էին անցկացնում, համերգներ կազմակերպում, ակումբն էլ լի էր ուրախ աղմուկով ու ծիծաղով: Սակայն մեկ տարուց ավելի է, ինչ Վանաձորի ուսումնաարտադրական ձեռնարկությունը չի աշխատում.

«Աշխատանք չունենալու պատճառով տնից էլ դուրս չեն գալիս, ակումբ եկողների թիվն էլ է պակասել»,- ասում է Վանաձորի կույրերի վարչության նախագահ Հովիկ Ծատուրյանը:

Սակայն Գառնիկ Մեսրոպյանը մինչ օրս սիրով հաճախում է ակումբ: Բրայլյան այբուբենով գիրք է կարդում, մանդոլին ու դաշնամուր նվագում, շաշկի ու շախմատ խաղում, շփվում ծանոթ մարդկանց հետ:

Ասում է, որ եթե ընտանիք չունենար, վաղուց կորած կլիներ, պետության տված միակ օգնությունը՝ թոշակը, բավականացնում է միայն կոմունալ վճարումներն անելու համար:

Նա իր կյանքը լավ-վատ ապրել է, ավելի շատ մտածում է երիտասարդների մասին, որոնք ի վիճակի չեն ընտանիք կազմելու, իսկ առանց ընտանիք կազմելու կյանքն ասես անիմաստ է:

«Էսօրվա պայմաններում երիտասարդ կույրերն ի վիճակի չեն ապրելու. ո´չ աշխատանքի պայմաններ կան, ո´չ բնակարանի, հույս էլ չկա, որ լավ կլինի: Եթե այսպես շարունակվի, առաջվա նման հաշմանդամները փողոցում հաց պիտի մուրան»,- մտահոգվում է նա:

«Վանաձորում կույրերի համար պայմաններ չկան: Աստված չանի, մարդու հետ նման դեպք պատահի, որ ընտանիք էլ չունենա, միայնակ կմնա, անօգնական, անուշադրության մատնված»,- հավելում է Սիրանուշը:

Պաշտոնական տվյալներով`Լոռու մարզում կան 380 թույլ տեսնող և կույր մարդիկ, որոնցից 110-ը՝ Վանաձորում:

Վանաձորի կույրերի վարչության նախագահ Հովիկ Ծատուրյանն էլ է ասում, որ կույրերի վիճակը շատ ծանր է, հազիվ են գոյատևում:

«Շատ են ուզում աշխատել, բայց նրանց համար աշխատանք չկա,- ասում է Ծատուրյանը: – Նույնիսկ կույրեր կան, որ տուն չունեն, ընտանիքով վարձով են ապրում: Ապրում են թոշակով և հարազատների օգնությամբ, ուրիշ ճար չունեն»:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am