Իններորդ արվեստ. կոմիքսները Հայաստանում ապագա ունե՞ն

Իններորդ արվեստ. կոմիքսները Հայաստանում ապագա ունե՞ն
Իններորդ արվեստ. կոմիքսները Հայաստանում ապագա ունե՞ն

Չնայած պատկերապատման արվեստը /կոմիքսներ/ Հայաստանում թույլ է զարգացած, իսկ գրախանութներում եւ կրպակներում ի  տարբերություն շատ երկրների, դժվար է գտնել գունագեղ եւ գրավիչ սրամիտ պատմությունները, այնուամենայնիվ մասնագետները չեն կորցնում հույսը, որ իններորդ արվեստը Հայատանում եւս կարող է ապագա ունենալ:
Նման կարծիքներ հնչեցին օրեր առաջ` Նկարիչների տանը Հայաստանի Պատկերապատման զարգացման ընկերության կողմից, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կազմապերպված թվով երկրորդ Պատկերապատման միջազգային փառատոնի ժամանակ,  որին ներկա էին ինչպես տեղական այնպես էլ արտերկրում հայտնի մասնագետներ, կոմիքսների սիրահարներ:
«Սա երկրորդ նման փառատոնն է, և այս անգամ մենք փորձեցինք ամեն ինչ ավելի  ծավալուն կազմակերպել, որպիսի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվելու այն արվեստին, որը մեծ մասսայականություն է վայելում Եվրոպայում, Ամերիկայում և ճապոնիայում, որպիսի Հայաստանում այն նույնպես զարգացում ապրի»,-«Մեդիալաբ»-ին ասաց փառատոնի կազմակերպիչներից մեկը` Իրինա Մրյանը:

Չնայած լավատեսական նոտաներին, Հայաստանում «Պատկերապատման զարգացման միության» հիմնադիր անդամ, Երևանում Պատկերապատման փառատոնի կազմակերպիչ Լորան Մելիքյանը մտահգությունը` հայտնեց, որ Հայաստանում պատկերապատման մշակույթը շատ թույլ է զարգացած:

Նրա խոսքերով Ֆրանսիայում պատկերապատում հաճույքով կարդում են ոչ միայն փոքրիկները, այլ նաև մեծահասակները: Բավական հայտնի են քաղաքական պատկերապատումները:

«Ես գիտեմ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին իր մասին պատմող պատկերապատումների հավաքածու ունի»,-ուրախությամբ նշեց Լորան Մելիքյանը` շեշտելով, որ Հայաստանի կրպակներում ինքը պատկերապատումներ գրեթե չի հանդիպել:

«Առաջին անգամ, երբ ես եկա Հայաստան, 2007 թվականի հունվար ամիսն էր: Ես  նկատեցի, որ կրպակներում պատկերապատում չկա: Կային մի քանի ամերիկյան պատկերապատումներ, որոնք թարգմանված էին ռուսերեն: Եվ ես մտածեցի. իսկ այստեղի երեխաներն ի՞նչ են կարդալու: Ես չտեսա երեխաների համար նախատեսված ոչ մի նման ամսագիր ոչ մի նման ամսագիր»,-ասաց Լորան Մելիքյանը:

Եւ չնայած  «թույլ զարգացվածությանը», Հայաստանում այսօր առնվազն չորս` `«Լոլո» , «Ջոկեր», «Մուլտիշոկ» և «Ուրախ գնացք» պարբերականներում կարելի է պատկերապատումներ գտնել:

Այդ ամսագրերից մեկի`«Ջոկեր»-ի ներկայացուցիչ  Ազնիվ Կիրակոսյանը պատմեց. «««Ջոկերն» առաջին հումորային ամսագիրն է: Իր մեջ պարունակում է երկու կոմիքս սերիալներ: Այստեղ կոմիքսները մեծահասկաների համար են»:

«Լոլո» ամսագիրը ներակայացնող  Լիլիթ Կազանչյանը «Մեդիալաբ»-ին հայտնեց, որ իրենց ընթերցողները շատ են հավանում պատկերապատումները: Ամսագիրը մանկական է, և կոմիքսները հիմնականում պատմում են երիտասարդների մասին: Այդուհանդերձ,մեր զրուցակիցը գանգատվեց, որ այսօր ծնողները ամսագիր ձեռք բերելու փոխարեն նախընտրում են իրենց երեխաներին քաղցրավենիքով ուրախացնել:

«Ես կարծում եմ, որ պատկերապատումը շատ լավ միջոց է կարևոր տեղեկությունները երեխային նման կերպով մատուցելու համար: Իհարկե բոլոր երեխաները չեն, որ կսիրեն կոմիքսը, բայց կարծում եմ, որ այն հաջող միջոց է»,-ասաց Լիլիթ Կազանչյանը:

Սակայն, բոլորը չէ որ համամիտ են այս տեսակետին:  Ուսանողուհի Յուլիանա Սիրանյանը, ով խոստովանեց, որ իր փոքրիկ քույրիկի համար երբեմն գնում է պատկերապատումներ,  ասում է, որ դեմ է այդ մշակույթի տարածմանն ու զարգացմանը Հայաստանում:

«Երբ երեխայի մոտ ընտրություն կառաջանա`կարդալ ինչ-որ հետաքրքիր հոդված, թե կոմիքսներ թերթել, նա կընտրի կոմիքսը: Առանց այդ էլ մեր նոր սերունդն չի փայլում խորը գիտելիքներով, մնում էր միայն նրանց ուղեղը լցնել նկարներով` մինիմում տեքստի առկայությամբ…»,-ասում է Յուլիանա Սիրանյանը:

Այնումանեայնիվ այս կարծիքի հետ չի համաձայնվում փառատոնի հաղթող, 21-ամյա Ալիս Մալոյանը: Նրա պատկերապատումները փառատոնի շրջանակներում կազմակերպված պատկերապատումների մրցույթին ժյուրիի կողմից ամենահաջողն են ճանաչվել:

«Ես համարում եմ, որ շատ լավ կլինի, եթե Հայաստանում պատկերապատուման ավանդույթներ ձեւավորվեն,-«Մեդիալաբ»-ին ասում է Ալիս Մալոյանը,-հատկապես, որ մենք անդրադառնալու շատ թեմաներ ունենք: Մենք միշտ էլ ունեցել ենք այսպես կոչված «Super hero»-ներ: Օրինակ` Սասունցի Դավիթը»:

Փառատոնի մրցույթի համար նա կատագերգական, ֆանտաստիկ ոճի պատկերապատում է ներակայացրել: Մինչդեռ կոմքիսների հանդեպ իր վերաբերմունքը շատ ավելի խորն է: Ալիսը խոստովանեց, որ իր արածի հանդեպ քննադատություններ հաճախ է լսում: Մարդիկ ասում են, թե հիմարություններով  է զբաղվում, բայց նա շատ չի մտահոգվում, քանի որ իր համար պատկերապատումը ինքնահաստատման միջոց է: Ալիս Մալոյանը ավարտել է Գեղարվեստի ակադեմիան և անգամ նրա դիպլոմային աշխատանքը պատկերապատում է եղել:

«Ես ինքս մեծացել եմ պատկերապատման որոշ ամսագրերով: Անգամ խորհրդային տարիներին իմ ծնողները չեխական պատկերապատման ամսագրեր ունեին: Ու ես հասկանում եմ , որ այս ճյուղը կար մեզ մոտ, պարզապես 90-ականներին մոռացվել էր»,-«Մեդիալաբ»-ին ասաց փառատոնի հաղթողը:

Բազմաթիվ սեմինար-դասընթացներով հագեցած փառատոնի ընթացքում մասնակիցները ծանոթացան նաեւ արտերկրում հանրահայտ հայ պատկերապատողների պատմությանը: Պատկերապատման «Զորրո» ամսագրի խմբագիրը Ժան Պապի (Փափազյանը), մահմեդական «սուպեր հերոսի» կերպարը կերտած Դան Փանոսյանի, ինչպես նաեւ այսօր աշխարհում ամենահայտնի պատկերապատող ֆրանսահայ Շարլ Բերբերյանի պատմություններին:

Միջոցառման հատուկ հյուրերն էին Համաշխարհային պատկերապատման դեսպան Բարբարա Կանեպան, պատկերապատողներ Գիյոմ Բիանկոն, Դոմինիկ Բեղտղայը, Պաոլո Կոսին, Նիկոլա Բղաշեն, պատկերապատման սցենարիստ Ժան-Բլեզ Ջիան և Սանկտ Պետերբուրգում «Բում-Ֆեստ» պատկերապատման փառատոնի կազմակերպիչ Դմիտրի Յակովլևը:

Վերջինս «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ ինքը չէր սպասում, որ պատկերապատումները Հայաստանում կարող են նման հետաքրքրություն առաջացնել: Մինչդեռ  փառատոնի կազմակերպիչները համոզված են, որ իրենց գործունեությամբ կնպաստեն Հայաստանում պատկերպատման զարգացմանը , ինչի նախադրյալները մեր երկրում արդեն կան:

«Պատկերապատումը կոչվում է իններորդ արվեստ: Մենք հենց հատուկ դրա համար նմանատիպ փառատոն ենք կազմակերպել, որպեսզի մարդիկ տեսնեն, հասկանան, որ սա արվեստ է ու սա մեզ պետք է,- «Մեդիալաբ»-ին ասաց փառատոնի կազմակերպիչներից Իրինա Մրյանը,-Ինձ թվում է, հայկական կոմիքսներն էլ կունենան իրենց ուրույն ոճը»:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am