ՄԱՀՀԻ փորձագիտական մեկնաբանություն հունիսի 23-ի ոստիկանական անիրավաչափ գործողություններին վերաբերյալ

ՄԱՀՀԻ փորձագիտական մեկնաբանություն հունիսի 23-ի ոստիկանական անիրավաչափ գործողություններին վերաբերյալ
ՄԱՀՀԻ փորձագիտական մեկնաբանություն հունիսի 23-ի ոստիկանական անիրավաչափ գործողություններին վերաբերյալ

Ներկայացնում ենք ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի ղեկավար Ստեփան Սաֆարյանի եւ իրավական հարցերով փորձագետ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանի համատեղ փորձագիտական մեկնաբանությունը հունիսի 23-ին ոստիկանական ուժերի իրականացրած գործողության անհամաչափության վերաբերյալ:

Ոստիկանական անհամաչափ բռնություն օրենքից դուրս և ընդդեմ հանրային շահի

Հունիսի 23–ի լուսաբացին` ժամը 5:30-ի մատույցներում ՀՀ ոստիկանությունը բռնի ուժով ցրեց ու բաժանմունքներ բերման ենթարկեց մի քանի հարյուր քաղաքացիների, ովքեր, որպես նախորդած երեք օրերին Ազատության հրապարակում մեկնարկած նստացույցի և նախօրեի բազմահազարանոց զանգվածային միջոցառման շարունակություն, ողջ գիշերը խաղաղ նստացույցի միջոցով հանրության բողոքն էին արտահայտում` պահանջելով չեղյալ ճանաչել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժովի հունիսի 17-ի որոշումը:

Դեպքերի հակիրճ ժամանակագրությունն ու նկարագրությունը

Հունիսի 22-ին, ժամը 19:00-ին մի քանի հազարանոց բողոքի ցույցը Ազատության հրապարակից ուղևորվեց նախագահական նստավայր, սակայն Բաղրամյան փողոցի սկզբնամասից փոքր-ինչ վերև հանդիպեց ոստիկանական ուժերի և հատուկ տեխնիկայի արգելք-պատին:

Երթի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտեցին հենց փողոցում` նստացույցի տեսքով: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնող խմբի անդամներին նախապես թույլատրել էր բողոքի ակցիաների իրականացնել միայն Ազատության հրապարակի սահմանված հատվածում, մինչև հունիսի 22-ի ժամը 23:00-ն (http://galatv.am/hy/news/113401/): 

Բաղրամյան պողոտայում ՀՀ նախագահի անունից ակտիվիստներին առաջարկ արվեց ձևավորել 4 մարդուց բաղկացած պատվիրակություն` երկրի առաջին դեմքի հետ բանակցություններ վարելու նպատակով, ինչը տեղում մերժվեց, որին հաջորդեց ոստիկանության կողմից նախապես պլանավորած բռնի, անհամաչափ ու անտեղին միջամտությունը (http://hetq.am/arm/news/61066/khaxax-nstacuyc-er-fotopatmutyunmas-1.html):

Մեկնարկած երթի կապացությամբ Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն (http://news.am/arm/news/273178.html) էր տարածել, որում նշել էր, թե «անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր»: Դրանում մասնավորապես նշվել էր. ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության խնդիրներից է օրենքին համապատասխան ապահովել վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ»:

Իր սպառնալիքը իրականացնելու առնչությամբ ոստիկանությունը նշել էր, թե ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը վարչական պատասխանատվություն է սահմանել առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար (հոդված 1801, մաս 1-ի), որի նախականխումը, կանխումը, ինչպես նաև ապօրինի երթի խափանումը (հատկապես երբ իրավախախտումը տևող բնույթ ունի) ոստիկանությունը ապահովելու է ապօրինի երթի կազմակերպիչների նկատմամբ վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելով»:

Վերջապես, Ոստիկանությունը նախազգուշացրել էր, որ «երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի», ինչպես նաև` նա «իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»:

Թեև ոստիկանությունը հանրության նկատմամբ ուժ կիրառելու նախազգուշացումն արդեն իսկ արել էր, սակայն գիշերվա ընթացքում զանգվածային միջոցառման վայրում հարկադրանքի գործողությունները պայմանավորեց հանրության ցուցաբերած վարքում անօրինական գործողություներ նկատելու հետ, եթե զանգվածային բողոքը վերածվի անկարգությունների կամ ուղեկցվի դրանցով: Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստովանեց, որ «նստացույցը խաղաղ է, բայց անօրինական։ Ոստիկանությունը ամեն ինչ կանի, որ պահպանի հասարակական կարգը» (http://1lur.am/am/?p=227195)

Իրավապահներն իրենց հնչեցրած սպառնալիքը չիրականացրեցին մինչև լուսաբաց. բողոքի միանգամայն խաղաղ բնույթը, ցուցարարների զգուշավորությունը ներդրված գործակալների հնարավոր սադրանքներից, լրատվամիջոցների կողմից դեպքի վայրից ուղիղ հեռարձակումները, բազմության մարդաշատությունը և այլ հանգամանքներ բարդացրեցին  ոստիկանների  մտադրությունների ավելի վաղ իրականացումը:

Կեսգիշերին մոտ ոստիկանները նախ «Ոչ թալանին» շարժման նախաձեռնող խմբի անդամներին առաջարկեցին ետ վերադառնալ Ազատության հրապարակ եւ այնտեղ շարունակել բողոքի ակցիան: Նախաձեռնողների կողմից այդ առաջարկի հրապարակային հնչեցումը հանդիպեց միջոցառման մասնակիցների առարկությանը եւ նստացույցը շարունակվեց Բաղրամյան պողոտայում:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ի հակառակ ակտիվիստների պնդումների, թե բողոքի զանգվածային միջոցառումը ինքնաբուխ է, շարունակում էր պնդել դրա կազմակերպված լինելու մասին, ինչպես նաեւ հղում էր անում «հարակից տարածքի բնակիչների իրավունքների խախտման» վրա:

Պատահական չենք համարում ոստիկանության գործողությունների ձեռնարկումը հատկապես գիշերային ժամերին, ինչպես նաև այն, որ գործողության դիմելու համար մի տեւական ընթացք չունենալով քաղաքացիների կողմից ընձեռված որեւէ առիթ, Ոստիկանությունն ինքը ստեղծեց «նստացույցի խաղաղ չլինելու ապացույց». այն է` նախ հավաքվածներից պահանջեց ցրվել, որը չկատարելն իրենց կողմից «կդիտվի որպես օրինական պահանջին» դիմադրություն կամ չենթարկվել, եւ վերջապես` որպես միջոցառման «ոչ խաղաղ լինելու» դրսեւորում, ինչպես ոստիկանությունն էր նախապես պլանավորված գործողությունների ու դրանց հաջորդականության մասին խոստովանել հայտարարության մեջ:

5:20-ին Երանի փոխոստիկանապետ հայտարարեց, որ նստացույցի մասնակիցների գործողություններն ապօրինի են` նրանց տրամադրելով 10 րոպե ժամանակ, որից հետո` 5:30-ի մատույցներում գործողության մեջ դրվեցին ջրցան մեքենաներ, նաեւ մոտեցնելով հատուկ տեխնիկա: 

Ոստիկանության գործողություններին մասնակցություն ունեցան քաղաքացիական հագուստով բազում անձինք, իսկ ֆիզիկական բռնություն կիրառվեց ոչ միայն նստացույցի խաղաղ մասնակիցների, այլեւ ընդհուպ մեկ տասնյակ լրագրողների  հանդեպ: Ֆիզիկական բռնությունից բացի, քաղաքացիական հագուստով անձինք խլել են նաև լրագրողների տեսանկարահանող սարքերն ու ջարդուփշուր արել դրանք՝ առգրավելով հիշողության քարտերը (http://www.azatutyun.am/content/article/27089144.html) ։

Ոստիկանության գործողությունը շարունակվեց անգամ Ազատության հրապարակում (http://www.aravot.am/2015/06/23/584756/), իսկ ընդհանուր առմամբ ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվեցին մի քանի հարյուր ակտիվիստներ, այդ  թվում`  շարժման նախաձեռնող  խմբի  անդամները, ընդհուպ`  անչափահաս   երեխա, լրագրողներ (http://hetq.am/arm/news/61068/hetqi-lragroxn-azat-ardzakvec.html):

Գործողություն հանրության անունից, հանրության ու նրա շահի դեմ

Արդեն գործելակերպ են դարձել ոստիկանության եւ պետության կողմից հովանավորված անձանց անառիթ, բռնի գործողություններն ու դրանց հետեւանքների համար անպատժելիությունը: 2008թ մարտի 1-ին ողջ պետությունը և հասարակությունը ճաշակեցին այդպիսի գործելակերպի դառը պտուղները, մասնավորապես` ոստիկանության գործողությունների անհամաչափության, բռնի գործողությունների համար պատասխանատվություն չկրելու, քաղաքական գործընթացներում ներգրավվածության առումներով:  

Սակայն հետապնդող նպատակների առումով մենք գործ ունենք տարբեր իրավիճակների հետ: 2008թ. մարտի 1-ի բռնությունների համար պետությունն իր գործողությունները արդարացրեց սահմանադական կարգի բռնի տապալման վտանգի շահարկումով, ուղղակիորեն կանխելով իշխանափոխությունը, որի մասին ընդդիմությունը չէր թաքցնում: Թերեւս այդքանով իշխող քաղաքական ուժը շահագրգռվածություն ուներ այդպիսի հեռանկարը կանխելու առումով:

2015թ. հունիսի 23-ի բռնությունների դեպքում ոստիկանության գործողությունների թիրախում հայտնված քաղաքացիները որեւէ սպառնալիք չեն հարուցել սահմանադրական կարգին, իշխանափոխության հավաքական, ընդհանուր քաղաքական պահանջ չեն ներկայացրել: Ավելին` նրանք հանդես են եկել որպես հանրային շահի արտահայտիչներ` հանրության անունից պահանջելով չեղյալ ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը, որի դեմ ընդվզել էին նաեւ կարգավորող մարմնի նիստի օրը (http://news.am/arm/news/272233.html):

Հանրային  ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը (http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=90830) ամրագրում է, որ,  որպես պետական քաղաքականության մի մաս, հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման «նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների  պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների  հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` կարգավորվող անձինք) շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձավորմանն ու զարգացմանը  խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը»: Նույն օրենքի 5-րդ հոդվածը կարգավորման հիմնական սկզբունքների ներքո, ի թիվս այլոց, ամրագրում է նաեւ «(դ) սպառողների կամ որևէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը», և(ե)սպառողների  կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը»:

Էլեկտրաէներգիայի գործող սակագնի`6.93 դրամով թանկացման վերաբերյալ ՀԾԿՀ հունիսի 17-ի որոշման ընդունման ժամանակ հանձնաժողովը, հանրության կարծիքով, չի հարգել վերոնշյալ սկզբունքները, չի հավասարակշռել սպառողների եւ կարգավորվող անձանց շահերը, խտրականություն է դրսեւորել հօգուտ կարգավորվողի շահերի:

Հանրության բողոքը ուղղված է եղել դրա դեմ, եւ փաստացի, որեւէ պետական մարմին չի պաշտպանել հանրության շահը, առավել եւս` երբ սկսած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահից մինչեւ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն ու կառավարության անդամները բացահայտ խոսել կամ ակնարկել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կատարած չարաշահումների, պարտավորությունների չկատարման, ՀԾԿՀ-ին ներկայացրած հայտի չհիմնավորվածության մասին: Ավելին, այյդ չարաշահումների և օրինախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված փաստերը չեն արժանցել իրավապահ մարմինների և դատախազության համարժեք արձագանքին` որպես հանցագործության մասին հաղորդումներ:

Փաստացի, պետությունը ոչ միայն չի պաշտպանել հանրային շահը, ինչն արել է ժողովրդի մի ստվար խումբ, այլեւ ապօրինի, բռնի, հանրության համար վտանգավոր գործողություններ է իրականացրել հանրային շահի, այն պաշտպանողների դեմ` իբր «հանրային շահի» և  «հանրային անվտանգության» հիմնավորումով:     

Օրենքներ, որոնք խախտել է ոստիկանությունը

Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածը նրան վերապահում է «2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված խնդիրներն իրականացնելիս սույն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում հարկադրանք կիրառելու իրավունք»: Իսկ 2-րդ հոդվածում էլ դրանց ներքո ամրագրում է 6 խնդիր. 1) մարդու անվտանգությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում, 2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը  խափանումը, 3) հանցագործությունների հայտնաբերումը  բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը, 4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, 5) սեփականության բոլոր ձերի հավասար պաշտպանությունը, 6) սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և  իրավաբանական անձանց` իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը: Օրենքը ամրագրում է, որ ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն հիշյալ օրենքով:

Իսկ հոդված 5-ը սահմանում է, որ «ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա»:

Թերևս, ոստիկանության գործողությունները միայն արաքուստ ու ձևական (ֆորմալ) առումով կարող են բացատրվել  վերը հիշատակված 2-րդ (ինչպես նշված է ոստիկանության հունիսի 22-ի հայտարարության մեջ), 4-րդ հոդվածներով (ինչպես ակնարկեց Երևանի փոխոստիկանապետը լույս 23-ի գիշերը) սահմանված   խնդիրների շրջանակներում: Քանզի որևէ փաստ արձանագրված չէ այն մասին, որ զանգվածային միջոցառման մասնակիցները կամ նախաձեռնող խմբի անդամները վտանգ են ստեղծել որևէ անձի անվտանգության ու այլոց սեփականությանհամար կամ մտահղացել են դրանց ուղղված որևէ հանցագործություն:

Իսկ ընդգծված խնդիրների դեպքում ոստիկանության միակ հոդաբաշխ հիմնավորումը կարող է լինել Բաղրամյան պողոտայի երթևեկության, որպես  խաթարված հասարակական կարգի, վերականգնմանն ուղղված գործողությունը: Սակայն գիշերային ժամերը արդյո՞ք չեն նվազեցնում ոստիկանության ”մտահոգությունները”, արդյո՞ք ոստիկանությունը չի օգտագործվել իշխող ուժի քաղաքական նպատակների համար, ամեն նման իրավիճակում իր առջև դնելով սեփական  ժողովրդի  հանդեպ ուժային  գերազանցությունը ցույց տալու նպատակ:

Ի վերջո, հունիսի 22-ի հայտարարության մեջ ոստիկանությունն ինքն է խոստովանել «անօրինական երթի խափանման» անհրաժեշտության մասին, որը քաղաքական նպատակ է: Բաղրամյան պողոտայից դուրս` ընդհուպ Ազատության հրապարակում բռնի գործողությունների իրականացումը ծանրակշիռ ապացույց է ստեղծում այն մասին, որ հետապնդված նպատակը քաղաքական է եղել, իսկ ոստիկանություն  էլ օգտագործվել է քաղքական-քաղաքացիական գործընթացների մեջ` կանխելու համար հանրության իրավունքների և շահերի պաշտպանության ուղղված զանգվածային շարժումը, դրանով իսկ խոչընդոտելով սահմանադրական իրավունքների իրականացմանը:

Ի վերջո, եթե անգամ հավատանք ոստիկանության պաշտոնական պարզաբանումներին, թե հարկադրանքի կիրառման նպատակը «վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումն են», ապա գործողությունների բիրտ, անմարդկային բնույթը ու դրա հետևանքները հանրության համար համաչափ չեն հայտարարված ենթադրյալ իրավախախտման «հանրային վտանգավորությանը»:

Ավելին, ոստիկանությունն ինքն է իր հայտարարության մեջ ակամայից նշել, որ նման իրավախախտման վերացման օրենսդրորեն ամրագրված միակ գործողությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1801 հոդվածի  1-ին մասի համաձայն (առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար) վարչական պատասխանատվության ենթարկելն է, այլ ոչ թե իրավապահ մարմինների կողմից անհամաչափ, անօրինական բռնություն կիրառելը: Եվ, վերջապես, ոստիկանությունը նաեւ խոստովանել է, որ խաղաղ բողոքի ակցիան զանգվածային անկարգության է վերածել հենց ինքը` իր նախահարձակ գործողություններով` նախ խաղաղ երթը խոչընդոտելու, ապա «երթը խափանելու» վայրագ գործողություններով:

Մինչդեռ ոստիկանության համար սահմանված բոլոր խնդիրները համակցված դիտարկելու պարագայում ոչ պակաս կարեւոր է դառնում օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական  իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը (6-րդ կետ): Բողոքի գործողության նպատակը անվիճելիորեն եղել է քաղաքացիների եւ ընկերությունների, այն է` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, ովքեր հայտարարում են, որ տուժելու են օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում:

Եթե ՀՀ օրենքները մեկնաբանենք նույնքան հատվածաբար և ընտրողաբար, ինչպես ոստիկանությունն է անում իր գործողությունների համար հիմնավորում բերելով սոսկ օրենքով ամրագրված խնդիրներից մեկը` նրան կամայականորեն առաջնայնություն վերագրելով մյուս խնդիրների նկատմամբ, ապա նույն տրամաբանությամբ եւ նման իրավիճակներում ո՞ր իրավապահ մարմինը պետք է իրականացնի 6-րդ կետում թվարկված խնդիրը, համաձայն որի  ոստիկանությունը պարտավոր էր օգնություն ցուցաբերել ֆիզիկական ու իրավաբանական անձանց` իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս: Մինչդեռ գործողության տեսանկարահանումները հակառակի, անգամ քաղաքացիների խոշտանգման ու նրանց արժանապատվությունը վիրավորող գործողությունների մասին են վկայում: 

Հիշյալ օրենքի 5-րդ հոդվածը ոստիկանությանը պարտավորեցնում է իր «իրավունքներն իրականացնելիս առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածն ամրագրում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»: 29-րդ հոդվածը քաղաքացիներին վերապահում է «խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք»։ Հոդված 31-ը պետությանը պարտավորեցնում է «պաշտպանել սպառողների շահերը»: Հոդված 42.1-ը «մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածում է նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ»։

Սահմանադրության նշված հոդվածները միանգամայն օրինակարգ եւ օրինական են ճանաչում թե’ ֆիզիկական ու իրավաբանական անձանց հավաքներ անցկացնելու իրավունքը, թե’ դրա արտահայտման ձեւը (խաղաղ, առանց զենքի հավաքների միջոցով), թե’ դրանք օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելու իրավունքը: Ավելին, Սահմանադրությունն ու Ոստիկանության մասին ՀՀ օրենքը ոստիկանությանը, որպես պետական կառավարման մարմին, պարտավորեցնում են պաշտպանել սպառողների` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը, դրանց պաշտպանության օրենքով չարգելված ձեւերը:

Միաժամանակ, Սահմանադրությունն ու օրենքը ոստիկանությանը պարտադրում են` «Ոստիկանության կողմից իրավունքների ու ազատությունների սահմանափակումները հնարավոր են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով սահմաններում»:

Եթե անգամ ոստիկանության գործողությունների օրինաչափությունը դիտարկենք Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի խախտման համատեքստում, իսկ գործողությունները դիտարկենք որպես օրենքի պահանջների խախտումով իրականացված զանգվածային միջոցառման ընդհատում, ապա միեւնույնն է, խոշոր հաշվով այն իրավունքի զանգվածային սահմանափակման գործողություն է: Ավելին` ինչպես նշվեց, այդ իրավախախտման համար նախատեսված միակ օրինական միջոցը կազմակերպիչներին վարչական պատասխանատվության ենթարկելն է, բայց ոչ երբեք իրավունքների զանգվածային սահմանափակումն ու դրանց իրականացման խոչընդոտումը:

ՀՀ Սահմանադրությունը 43-րդ հոդված ամրագրում է. «Մարդու եւ քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»։ Ավելին, Սահմանադրությունը պետությանը, տվյալ դեպքում ոստիկանությանը, որպես պետական կառավարման մարմին, պարտավորեցնում է. «մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը չի ընդունել որեւէ օրենք, որով կսահմանափակվեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների իրացումը: Ոստիկանության կողմից գործողության իրականացման պահին նույնպես առկա չեն եղել իրավունքների և ազատությունների սահմանափակման համար սահմանադրորեն անհրաժեշտ վտանգները: Այդ հիմքի բացակայության պայմաններում ոստիկանության իրականացրած գործողությունները, որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակում, գերազանցել են նաեւ Հայաստանի միջազգային պարտավորությունները, որոնք պահանջում են ահմանափակման կապակացությամբ վաղօրոք ծանուցում ԵԽ նախարարների կոմիտեին:

Լրատվամիջոցների կատարած բազում տեսանյութերում (օրինակ, http://www.lragir.am/index/arm/0/country/view/116423) հստակ երեւոմ է, թե ինչպես են քաղաքացիական համազգեստով անձինք (ինչը եւս օրենքի խախտում է), ոմանք` «Police» թեւկապով, կամ համազգեստով ոստիկանները հրաժարվում բացատրություններ ներկայացնել իրենց ինքնության, առանց համազգեստի գործողություններին մասնակցության ու հիմքերի մասին: Մինչդեռ, Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը պարտադրում է. «Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի  հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել  բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը»:

Գործողության տեսանկարահանումները ոչ միայն արձանագրել են այդ և մյուս խախտումները, այլև հարց են հարուցում, թե ո՞վքեր են ոստիկանության անվան տակ իրականացրել հակոստիկանական գործողություններ, եւ արդյո՞ք դա իրավապահ մարմինների համար քողածածկույթ չի դարձել անիրավաչափ, անօրինական ու բռնի գործողություններում ոստիկանությունից դուրս այլ ուժերի, խմբերի ներգրավման համար, ինչպես 2008թ. մարտի 1-ին:

Վերջաբանի փոխարեն

«Ոստիկանության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, ինչպես նա Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Ոստիկանության գործունեությունը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով ոստիկանության վրա դրվող պարտականությունները պետք է համապատասխանեն սույն օրենքի 2-րդ հոդվածում թվարկված խնդիրներին» (հոդված 5):

Հունիսի 23-ի լուսադեմին ՀՀ Ոստիկանության գործողությունները եղել են անօրինական, անհամաչափ, հանրության ու նրա շահերի դեմ:

Թերեւս իրավականի հետ մեկըտեղ ոչ պակաս կարեւոր է խնդրի բարոյական ու քաղաքական կողմը. սեռական ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման իրենց պարբերական փորձերում Հայաստանի իշխանությունները հաճախ են հղում անում «կործանարար ու արատավոր երեւույթներից» «հանրային բարոյակականության», «հանրության շահերի պաշտպանության» անհրաժեշտության վրա:

Միթե՞ հանրությանը պաշտպանելու անհրաժեշտություն չկար հունիսի 23-ի լուսաբացին, երբ հանրային շահն ու նրա ներկայացուցիչները Բաղրամյան պողոտայում էին:

Ստեփան Սաֆարյան

ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի ղեկավար

Սեդա Սաֆարյան,

ՄԱՀՀԻ իրավական հարցերի փորձագետ

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ