Լրագրությունից` երաժշտություն. Լիլիթ Բլեյանի «Ուրիշ քաղաքում» սկավառակը՝ այլընտրանք լավ երաժշտությունը գնահատողներին

24-11-2011
556 դիտում
Լրագրությունից` երաժշտություն. Լիլիթ Բլեյանի «Ուրիշ քաղաքում» սկավառակը՝ այլընտրանք լավ երաժշտությունը գնահատողներին

Ամեն ինչ սկսվեց անցյալ տարվա նոյեմբերին, երբ շատերի համար անսպասելի՝ հեռուստալրագրող Լիլիթ Բլեյանը ներկայացավ որպես հեղինակ-կատարող`համացանցում ներկայացնելով իր «Սպասող գնացքներ» երգը:

«Այն պահից, երբ ձայնագրվեց առաջին երգը՝ «Սպասող գնացքները», ու հանկարծ, ինձ համար շատ անսպասելի, սիրվեց բազմաթիվ անծանոթ մարդկանց կողմից, արդեն պարզ էր, որ պետք է գործը մի ավարտուն կետի հասցնել»,- «Մեդիալաբին» ասում է Լիլիթ Բլեյանը:

Կարճ ժամանակ անց, չնայած համատարած ռաբիզի եւ անճաշակության մթնոլորտին, ջերմ արձագանքները Լիլիթին ստիպեցին մտածել հեղինակային երգերի սկավառակ ունենալու մասին:

«Ես ընդամենը որոշեցի ներկայացնել իմ երգերը, իսկ թե արդյո՞ք դրանք որևէ կերպ կազդեն ընդհանուր միտումների վրա՝ չեմ մտածել: Այսօր բազմաթիվ մարդիկ՝ ինձնից շատ ավելի տաղանդավոր, ավելի լուրջ երաժիշտներ, աշխատում են այս դաշտում, ու ես համոզված եմ, որ ամենօրա, նվիրված աշխատանքն իր արդյունքներն անպայման բերելու է: Ամենակարևորը՝ մարդկանց պետք է տրվի ընտրության հնարավորություն: Գուցե ոմանց ընտրությունը կանգ կառնի իմ երգերի վրա”,- ասում է Լիլիթ Բլեյանը:

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, մեկ տարվա ստեղծագործական աշխատանքից հետո երգչուհին ներկայացավ «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակով` իր ընկերներին, լրագրողներին, երգիչ-երաժիշտներին եւ հարազատներին տեղափոխելով իսկապես ուրիշ, հեքիաթային մի աշխարհ:

Սկավառակի բոլոր 9 երգերի մեղեդիների ու խոսքերի (նաեւ՝ իսպաներեն) հեղինակը Լիլիթ Բլեյանն է: Գործիքավորումը կատարել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը:

«Նվագել են լուրջ երաժիշտներ, ամբողջը կենդանի գործիքների կատարում է»,- «Մեդիալաբին» ասում է Լիլիթ Բլեյանը:

Նա նշում է, որ սկավառակի թողարկմանն աջակցել է ամուսինը` Վահե Հովհաննիսյանը, ով նաեւ իր «միակ հովանավորն ու գլխավոր ոգևորողն է, լավ ընկերը՝ կյանքում»: Հաջորդ շաբաթվանից սկավառակը հնարավոր է ձեռք բերել «Բյուրորկրատ» խանութ-սրահում:

«Քաղաքները շատ են. մի տեղ լուսաբաց է,

Մյուսում՝ միշտ անձրեւ, երրորդում՝ ջրանցքներ,

Մի տեղ քեզ սպասում են, մյուսում երազում ես,

Հաջորդում ծնվում են անհամար երգեր»,- հոսում են Լիլիթ Բլեյանի մաքուր ձայնի ելեւէջները:

«Երգերի ամենահարմար «շրջանակն» այսօր մնում է սկավառակը, չնայած ես նախատեսում եմ Itunes-ով ու նման ռեսուրսներով էլ տարածել: Ձայնասկավառակը հենց այդ կետն էր, որից հետո արդեն պետք է իրոք մտածել՝ ինչ անել,- ժպտում է նա:- Երգերը շատ են, ժամանակը՝ քիչ, չի ստացվում բոլորը ձայնագրել: Ի դեպ, շատ կուզեի իմ գրած մանկական երգերին նույնպես ինչ-որ կետի հասցնել: Մի քանի երգ ունեմ Չարենցի բառերով՝ կարելի էր դրանք էլ նյութականացնել: Բայց դրանք դեռ գլխումս պտտվող մտքեր են»,- նշում է հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը:

© Medialab.am