Մեղադրանքից` մրցանակ. հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ հետապնդումը դադարեցված է

18-03-2010
256 դիտում
Մեղադրանքից` մրցանակ. հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ հետապնդումը դադարեցված է

«Քո հաղթանակը մեր հաղթանակն է», «Հպարտ ենք, որ դու կաս», «Միշտ օրինակ եղիր բոլորին», «Դու մեր պարծանքն ես»` նման բազմաթիվ գրություններով և մաղթանքներով անցյալ շաբաթվանից հեղեղվեցին սոցիալական կայքերը, լրատվամիջոցները, ինչպես նաև հայկական բլոգ ոլորտը, երբ ամիսներ տևած աղմկահարույց քրեական գործն ընդդեմ հայ հասարակական ակտիվիստ, երիտասարդ բնապահպան հայտնի Մարիամ Սուխուդյանի դեմ կարճվեց:

«Իմ մեջ շատ խոր վիրավորանք կա, և ես չեմ կարծում, թե պայքարն այս գործով ավարտված է, և նաև չեմ կիսում այն միտքը, որ սա հաղթանակ է, թեև միևնույն ժամանակ ուզում եմ իմ սրտի շնորհակալությունն ասել իմ բազմաթիվ աջակիցներին,- «Մեդիալաբին» ասում է Մարիամ Սուխուդյանը: - Գործը կարճվել է, և մենք դեռևս պիտի պատասխանատվության կանչենք այն մարդկանց, որոնց պատճառով ամիսներ շարունակ լարվածության և ստորացումների միջով անցել ենք»:

30-ամյա Մարիամ Սուխուդյանի դեմ քրեական հետապնդումն սկսվեց անցյալ տարի, երբ նա 2008-ի ապրիլ-հունիս ամիսներին որպես կամավոր աշխատելով Նուբարաշենի հատուկ դպրոցում, բարձրաձայնեց գիշերօթիկում ուսուցիչներից մեկի կողմից սանուհիների նկատմամբ սեռական բնույթի անառակաբարո գործողություններ կատարելու մասին: Կարճ ժամանակ անց Սուխուդյանը մեղադրողի կարգավիճակից որպես «զրպարտող» հայտնվեց մեղադրյալի դերում` մինչև հինգ տարի ազատազրկման վտանգով:

Մարիամ Սուխուդյանը, որը գիշերօթիկում տեղի ունեցածի մասին տեղեկացել էր սաների հետ մասնավոր զրույցների ընթացքում` ձայնագրելով նրանց պատմությունները և, ունենալով այլ ապացույցներ, տրամադրել լրատվամիջոցներին, ասում է, որ իր հանդեպ մեղադրանքներից հետո լաց է եղել, հուսահատվել, սակայն կարճ ժամանակ անց հավաքել է իրեն և շարունակել իր պայքարը:

«Մարիամի դեմ «թխված» գործն այնքան կոպիտ էր, որ հասարակական շարժումը Մարիամի տոկունության հետ ուժեղ դաշտ կազմելով կարողացավ դիմակայել Հայաստանի կախյալ արդարադատությանը»,- «Մեդիալաբին» ասում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը:

Նա ասում է, որ հաջողության պատճառը Մարիամի սկզբունքայնությունն էր և զիջումների չգնալը, նույնիսկ ակնհայտ ճնշումների դեպքում:

«Նման արդյունքի մենք հասանք և´ ձեռք բերված ապացույցների, և´, ինչ խոսք, հասարակական ճնշումների և ՀԿ-ների հետևողական աշխատանքների շնորհիվ,- «Մեդիալաբին» ասում է Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանը, - ինչպես նաև միջազգային կառույցների գնահատանքի և աջակցության շնորհիվ»:

Մարտի 10-ին, երբ Մարիամ Սուխուդյանը դեռևս մեղադրյալի կարգավիճակում էր, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նրան շնորհեց «Խիզախ կին» մրցանակը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` դեսպանատանը կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, որ Սուխուդյանն արժանացել է այդ մրցանակին «շրջակա միջավայրի և հատուկ կարիքներով երեխաների պաշտպանությանը և արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվության, խիզախության և առաջնորդության ցուցաբերման համար»:

Դեսպանն իր ելույթում նշել է, որ Մարիամ Սուխուդյանն աշխատել է հատուկ կարիքներով երեխաների դպրոցում և պարզելով, որ երեխաները ենթարկվում են բռնության, քայլեր է ձեռնարկել դրանք կանխելու համար, «ոչ հօգուտ իրեն, այլ հանուն արդարության և Հայաստանում ապրող երեխաների բարօրության»:

Ի պատասխան` Սուխուդյանն իր ելույթում նշում է, որ շնորհակալ է իր հանդեպ վստահության ու հավատի համար, չնայած «պոտենցիալ հանցագործ է» և մեղադրվում է հանցագործության մեջ:

«Անկեղծ ասած` ամաչում եմ, որ գնահատվում եմ այլ երկրի կողմից… Պայքարը, որ տանում եմ Թեղուտի անտառների համար, պայքար է ոչ թե ընդդեմ իշխանությունների, այլ շարժում հանուն թե´ իրենց, թե´ մեր լինելության, առողջ և ներդաշնակ կյանքի»,- ասում է Սուխուդյանը:

Մրցանակաբաշխությունից մեկ օր անց` մարտի 11-ին, գլխավոր դատախազության հաղորդագրությունը ծանուցում է, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունու քննչական բաժինը յուրովի է մեկնաբանել նախկինում ձեռք բերված ապացույցները:

«Ձեռք են բերվել նոր ապացույցներ, որոնց վերլուծության արդյունքում չի հիմնավորվել Մ. Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը,- նշվում է հաղորդագրության մեջ,- որպես մեղադրյալ ներգրավված Մ.Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ընտրված խափանման միջոցը` վերացվել»:

ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասում է, որ ուղիղ կապ է տեսնում ԱՄՆ դեսպանատան մրցանակի և գործը կարճելու միջև:

Բախշյանը Սուխուդյանի դեմ սկսած հետապնդումն առաջին հերթին կապում է վերջինիս` Թեղուտի անտառների չափազանց ակտիվ պաշտպանական գործունեության հետ: Նա ասում է, որ ապարդյուն փորձ է արվել հեղինակազրկել, նսեմացնել մի մարդու, որն անշահախնդրորեն պայքարում էր արդարության համար:

«Մարիամը իսկապես խիզախեց դուրս գալ արդարադատության հոտած համակարգի դեմ և դուրս հանել ամբողջ աղբը,- «Մեդիալաբին» ասում է Բախշյանը: - Իսկ մրցանակն ազդակ էր այդ սարքած գործը կարճելու և խույս տալու ավելի մեծ խայտառակությունից»:

Սակայն Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Մեդիալաբին» ասում է, որ որևէ կապ մրցանակաբաշխության կամ հասարակական շարժման և գործի կարճման միջև չկա:

«ԱՄՆ մրցանակը բնականաբար ոչ մի կապ չունի գործի հետ»,- ասում է Տռուզյանը: - Քրեական հետապնդումը դադարեցվել է ձեռք բերված նոր ապացույցների հիման վրա: Էրեբունու քննչական բաժինը յուրովի էր մեկնաբանել նախկինում ձեռք բերված ապացույցները, հետագայում աղջիկները, որոնց հանդեպ սեռական ոտնձգություն է կատարվել, փոխել էին իրենց ցուցմունքները և, ըստ ձեռք բերված նոր ապացույցների, դադարեցվել է քրեական հետապնդումը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշում է, որ ուրախալի է, որ կասեցվեց հերթական անօրինականությունը, սակայն հավելում, որ «հաղթանակ կլիներ, եթե արդարադատության համակարգը փոխվեր եւ նորմալ աշխատեր»: Նա համոզված է, որ հետապնդումներն ուղղակիորեն կապված են աղմկահարույց Թեղուտի անտառների պաշտպանության հետ:

Սուխուդյանը տեղեկացնում է, որ իրենց հայցի առաջին լսումն ընդդեմ Թեղուտի շահագործման կառավարության որոշման կլինի մարտի 23-ին: Պայքարին` արձագանքելով Սուխուդյանի նամակին, երգով կմիանա նաև աշխարհահռչակ «Սիսթեմ օֆ ը դաունի» նախկին մեներգիչ Սերժ Թանգյանը:

«Երբեմն հուսահատվում ենք, բայց շարունակում ենք ապրել, հիանալ բնությամբ և բացել հանդիպող քարկապերը»,- ասում է Սուխուդյանը:

© Medialab.am