«Հայկական բանակի իրական դեմքը». տեսանյութը մեծացնում է հասարակական դժգոհության ալիքը բանակում տիրող կարգերի նկատմամբ

18-09-2010
282 դիտում
«Հայկական բանակի իրական դեմքը». տեսանյութը մեծացնում է հասարակական դժգոհության ալիքը բանակում տիրող կարգերի նկատմամբ

Չնայած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն պնդումներին, թե չի հավատում օրեր առաջ տարածված «Հայկական բանակի իրական դեմքը» անվանումը կրող աղմկահարույց տեսանյութին, ըստ «Մեդիալաբի» տեղեկությունների, գիշերը Ռազմական ոստիկանությունը բերման է ենթարկել YouTube-յան հայտնի տեսանյութի սպային:

«Առայժմ որևէ տեղեկություն չկա, աշխատանքները շարունակվում են»,- «Մեդիալաբին» ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Մուշեղ Աղեկյանը, որը ո´չ հաստատեց և ո´չ էլ հերքեց սպայի հայտնաբերման մասին լուրը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սակայն ասում է, որ սպայի ինքնությունը պարզված է. նա ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում` «Եղնիկներ» կոչվող զորամասում, մայոր է:

Շաբաթ օրվանից YouTube և Facebook կայքերում տեղադրված տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում:

Վատ որակի տեսանյութում հայկական բանակի մի սպա, բնության գրկում գետնին նստած, հերթով իր մոտ է կանչում ժամկետային զինծառայողներին, քաշքշում ականջները, ապտակում, հետո գետնին դրված հյութը լցնում զինծառայողների գլխին` ծաղրի ենթարկելով նրանց: Թեև սպայի ձայնը պարզ չի լսվում, սակայն, տեսանկարահանումից պարզ երևում է, թե ինչպես է վերջինս հրճվում իր արածներից:

Հասարակական արձագանքը ուիքենդների ընթացքում այնքան մեծ էր, որ շաբաթ ուշ երեկոյան այդ կապակցությամբ հատուկ հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը: ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե տեսանյութի «ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել դեմքեր, հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություններ»:

«Սակայն, քանի որ շրջանառվող տեսանյութում պատկերվածները Հայկական բանակի համազգեստով են, այն մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում,- նշված էր հայտարարության մեջ` «խստագույնս դատապարտելով ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը»:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու և հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ»,- ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

Վերջին ամիսների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերի զարգացումների ֆոնին այս տեսանյութն է´լ ավելի մեծացրեց հասարակության մեջ ծայր առած դժգոհությունները ՊՆ համակարգի հանդեպ` կրկին առաջին պլան մղելով պաշտպանության նախարարի հրաժարականի հարցը:

Պնախարար Սեյրան Օհանյանը ԱԺ-ում հայտարարել է, թե ստեղծված իրավիճակում ճիշտ չէ պաշտպանության նախարարության դեմ լայնածավալ արշավ կազմակերպել:

«Զինված ուժերում լուրջ քայլեր են կատարվում՝ կանխելու նման դեպքերը: Ես անձամբ հանդիպում եմ զոհված զինվորների հարազատների հետ կառավարության յուրաքանչյուր նիստից հետո»,- ասել է նա:

Սակայն իրավապաշտպանները պնդում են, որ չեն տեսնում այս «լուրջ քայլերը»:

«Ինձ ամենևին չզարմացրին այն կադրերը, որոնք ես տեսա Youtube-ում: Դա մեր բանակի առօրյան է, որովհետև մեր բանակը դարձել է մի քրեական աշխարհ` իր քրեական օրենքներով»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

Նա ասում է, որ հարցով պետք է զբաղվեն ՀՀ իշխանությունները, որոնք «նման ցանկություն չունեն»:

«Նրանց ձեռ է տալիս հայկական բանակի «ստատուս քվո» վիճակը, քանի որ նման բանակով կարելի է ամեն ինչ անել»,- ասել է Միքայել Դանիելյանը:

Միայն վերջին ամիսների ընթացքում ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերի արդյունքում հաճախացել են վիրավորված, զոհված, սպանված կամ կասկածելի պայմաններում «ինքնասպան» եղած զինծառայողների դեպքերը:

Առավել հնչեղություն ստացածը ԶՈՒ սպա Արտակ Նազարյանի կասկածելի «ինքնասպանությունն» էր, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում արձանագրված սպանության և ինքնասպանության դեպքը, երբ ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը, ըստ ՊՆ պաշտոնական վարկածի, սպանել է իր հինգ ծառայակիցներին, ապա ինքնասպան եղել :

Այս աղմկահարույց դեպքերն արդեն իսկ պատճառ են դարձել խոսակցությունների, որ զինված ուժերում համակարգային փոփոխությունների կարիք կա:

«Այժմ ՊՆ-ն իր ջանքերը պետք է ուղղի ոչ թե այդ տեսանյութը տարածողին հայտնաբերելու, այլ բանակում իրավիճակը փոխելուն»,- «Մեդիալաբին» ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա ասում է, որ վերջերս, երբ նման մի տեսանյութ տարածվեց ադրբեջանական բանակի մասին, Հայաստանում այն շատ լավ էլ օգտագործվեց որպես «իրական»` քարոզչական նպատակներով:

«Վերջին իրադարձությունը հենց վկայում է այն մասին, որ այդ տեսանյութում ներկայացված իրավիճակը մեր բանակում տեղի է ունենում շատ ավելի մեծ ծավալով, պարզապես մենք այդ մասին իմանում ենք այն ժամանակ, երբ մահվան ելքով են ավարտվում»,- ասում է Սաքունցը:

Չնայած տեսանյութը համացանցում է հայտնվել արդեն մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն պետական մարմիններն ու իշխանական քաղաքական ուժերը այդ առնչությամբ դեռ երեկ այդպես էլ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել:

Քաղաքական ուժերից թեմային անդրադարձել է միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` հայտարարելով, թե կատարվածը ոչ թե սովորական ծեծ կամ ոչ կանոնակարգային արարք է, այլ «դավաճանության ծանրագույն հանցանք՝ ուղղված երկրի արտաքին անվտանգությունն ապահովելու կոչված կառույցի՝ բանակի քայքայման ու բարոյալքմանը»:

«Իշխանությունը պարտավոր է հրապարակավ ու պաշտոնապես երաշխավորել երկու զինվորների, ինչպես նաև տեսանյութի հեղինակի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։ Հակառակ դեպքում սույն ոճրագործ արարքի հանցակիցներ կհամարվեն բանակի համար բոլոր պատասխանատուները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am