«Ժպիտների քաղաք» հիմնադրամի կազմակերպած օնլայն դրամահավաքի ընթացքում հավաքվել է շուրջ 17 միլիոն դրամ

«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը մայիսի 2-ից հունիսի 2-ը կազմակերպել էր բարեգործական օնլայ դրամահավաք։ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դրամահավաքի ընթացքում հավաքվել է շուրջ 17 միլիոն դրամ։

«Հիմնական նվիրատվությունները կատարել են ՀՀ-ում, ՌԴ-ում և ԱՄՆ-ում մեր քաղաքացիները։ Շնորհակալություն ենք հայտնում նվիրաբերված յուրաքանչյուր դրամի համար։

Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր հեռուստաընկերություններին, ովքեր աջակցեցին մեզ՝ մեկ ամիս շարունակ անվճար ցուցադրելով դրամահավաքի տեսահոլովակը, այն բոլոր լրագրողներին, ովքեր պարբերաբար անդրադարձել են մեր միջոցառմանն ու լուսաբանել։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր արձագանքների, նամակների և ոգևորող խոսքերի համար։

Գործունեության երկու տարվա ընթացքում ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։
Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 495.000.000 ՀՀ դրամի աջակցություն։ Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։

Համաձայն վիճակագրության ՀՀ-ում և Արցախում քաղցկեղից բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70%-ը։

Հիմնադրամը շարունակելու է հավատարիմ մնալ իր որդեգրած սկզբուներին և շարունակելու է տարբեր միջոցառումների, նախաձեռնությունների միջոցով աջակցել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին։

Միասին կարող ենք կյանքեր փրկել»,- նշվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։