«Պատերազմ, պարտություն, խաբված ու նվաստացած լինելու զգացողություն»․ Ըստ հոգեբանի՝ հետևանքներն են ագրեսիվություն, դեպրեսիվ վիճակ, տագնապներ

«Ժողովուրդը, հասարակությունը իրենց ամբողջությամբ նվաստացած են զգում, խաբված, ազգային ինքնագնահատականը կտրում անկում է ապրել, բնականաբար, դրա հետևանքներն են ի հայտ եկել՝ ագրեսիվություն, դեպրեսիվ վիճակ, տագնապներ»,- «Մեդիալաբին» ասում է հոգեբան, ՀՊՄՀ-ի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:

Հոգեբանի խոսքով՝ մարդկանց մոտ տագնապներ կան նաև պատերազմի հետագա շարունակության հետ կապված, ինչը մարդկանց դյուրագրգիռ է դարձրել: «Անորոշություն է, ռուսական զորքը որքա՞ն կկարողանա ապահովել Արցախի և Հայաստանի անվտանգությունը, և, բնականաբար, այդ ամեն ինչը ծնում են ներքին անբավարարվածության, տագնապայնություն։ 

Բոլոր դեպքերում ագրեսիվության, ընդհանրապես տրամադրության անկում է սկսվել, տեղին-անտեղին սկսում են վիրավորել, հայհոյել։ Մյուս կողմից՝ նաև լուրերը, որ Թուրքիան զորք է մոտեցրել, կամ Ալիևի ելույթները՝ Արցախի վերաբերյալ ոչ մի կարգավիճակ և այլն։ Իմ հիվանդներին, որ ավելի զգայուն են, խորհուրդ եմ տալիս որոշ ժամանակ լուրերից, բացասական էմոցիոնալ բաներից շեղվել»,- նշում է Խուդոյանը։

Հոգեբանն ասում է, որ վերջին ամիսներին շատացել է մարդկանց թիվը, որոնք դիմում են մասնագիտական աջակցության։ Թվի աճը հոգեբանը պայմանավորում է նաև կորոնավիրուսով՝ հիվանդության հանդեպ վախերով։

«Մարդիկ դարձել են զգայուն, շատացել է դիմողների թիվը, մյուս կողմից՝ կորոնավիրուսն էլ իր հերթին՝ աջ ու ձախ լսում ենք մահեր, հիվանդացել են։

Կորոնավիրուսի դեպքերի աճով ոմանց մոտ սրվել էին վախերը։ Այնպիսի ճգնաժամ է, ինչպիսին նախորդ դարերում»,- ընդգծում է Խուդոյանը։

Հոգեբանն ասում է, որ հոգեբաններն ակտիվ աշխատանք են տանում նաև զոհվածների ընտանիքների հետ: «Այս վերջերս զինվորներ են բերում՝ հետտրավմատիկ խանգարումներով, այսինքն՝ անընդհատ աչքի առաջ է գալիս ընկերոջ մահը, ռումբերի պայթյունը, այդպիսի դեպքերի հետ ենք աշխատում, կա թիմ, որ զոհվածների ընտանիքների հետ է աշխատում, մի խոսքով՝ հոգեբաններն ակտիվ աշխատում են»,- ասում է Խուդոյանը։

Հոգեբանը ստեղծված իրավիճակում մարդկանց խորհուրդ է տալիս ուշադրությունը շեղել սթրեսածին ինֆորմացիաներից, հեռուստատեսությամբ դիտել այնպիսի հաղորդումներ, որոնք չեն անդրադառնում պատերազմի թեմաներին, սոցիալական ցանցերում ևս չկենտրոնանալ այդ թեմաների վրա։

«Մի որոշ ժամանակ, գոնե մեկ շաբաթով պետք է որոշում կայացնել ուշադրությունը շեղել սթրեսածին ինֆորմացիաներից, մյուս կողմից՝ ընկերների հետ շփումը շատ է օգնում, որ մարդիկ վերաիմաստավորեն, իրենց սթրեսային վիճակը հաղթահարեն: Դրա համար ես խորհուրդ կտամ, եթե նրանց շատ են հուզում այդ թեմաները, խոսեն այդ մասին, դա շատ է նպաստում»,- նշում է հոգեբանը։

Այդուհանդերձ, հոգեբանն ընդգծում է, որ պետք է ախտորոշում անցնել, և եթե կան տագնապներ, վախեր, ագրեսիվություն, ապա համապատասխան աջակցություն ստանալ։

«Նախ պետք է մարդիկ իրենք իրենց ախտորոշում անեն՝ արդյոք չե՞ն սկսել ավելի ագրեսիվ լինել, արդյոք տրամադրության անկում չունե՞ն, արդյոք տանը անհեթեթ բաների համար չե՞ն վիճում, կռվում, տագնապնե՞ր են առաջացել իրենց մեջ, հուսահատությո՞ւն, այսինքն՝ պիտի դիագնոզ անեն, և եթե զգում են, որ դեպրեսիվ վիճակում են հայտնվել՝ տագնապներ, լարվածություն, ուրեմն պետք է որոշում կայացվի այդ վիճակը հաղթահարել, որը շատ կարևոր է։ 

Մարդը պետք է որոշի, որ այս ճգնաժամային վիճակը պետք է հաղթահարել։ Դրանից հետո դեղորայքային բուժում կարող է լինել՝ հանգստացնող հաբեր՝ վալերիանա և այլն, նրանք, որ ինքնուրույն չեն կարող հաղթահարել, պետք է դիմեն մասնագետի օգնության»,- նշում է Սամվել Խուդոյանը։

Հոգեբանի խոսքով՝ ժամանակ է անհրաժեշտ, որ մարդիկ հաղթահարեն հետպատերազմյան հոգեբանական վիճակը։

«Երկար կտևի, սովորաբար մեր ժողովուրդն ասում է՝ յոթ, քառասունք, դա ոչ միայն մահվան հետ է կապված, այլև սթրեսի ապրման շրջաններ են: Մենք նոյեմբերի 10-ին իմացանք համաձայնագրի մասին, այսօր նոյեմբերի 18-ն է, ես նկատում եմ, որ մի որոշ չափով փոխվում է, մեկ-մեկուկես ամսից ընդհանուր վիճակը կփոխվի:

Մեր ժողովուրդը ավելի կիմաստավորի, կհասկանա, բայց դրան պետք է նպաստի պետությունը։ Բոլոր դեպքերում, եթե պատերազմում պարտվում են, տարածքային կորուստներ են լինում, այդ ղեկավարը չի կարող ժողովրդին առաջնորդել։ Ժամանակ է պետք, որ լիդեր ծնվի, բայց էնպիսի մեկը պետք է գա, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա գլուխ հանել, իմաստուն մեկը»,- ասում է Սամվել Խուդոյանը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am