«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը
– Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի նկատմամբ: Պարո՛ն Խաչատրյան, այդքան բա՞րդ է «Մարտի 1»-ի գործն իր էությամբ, որ բոլոր ենթադրյալ մեղադրյալները միանգամից չեն բացահայտվում, այլ տարիներ անց են ի հայտ գալիս նոր մեղադրյալներ:
– Բարդ է, եթե բարդացնում ես: Ընդհանրապես «Մարտի 1»-ի գործի շրջանակներն այնքան հեշտ էր պարզելը, ես այդ մասին 2018-2020 թվականներին բազմաթիվ հրապարակումներով, հարցազրույցներով, քննարկումներով ասել եմ, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտելու համար մեկ նախապայմանը քաղաքական կամքի առկայությունն է, հակառակ պարագայում «Մարտի 1»-ը կարելի է այնպես քնեցնել, այնպես աղավաղել ու այլանդակել՝ ապացույցների պիտանելիությունը կորցնելու, ժամկետներն անցնելու ու այլ առումներով, որ այլևս հնարավոր չլինի «Մարտի 1»-ի գործ քննել: Թեև նմանատիպ հանցագործությունները, ես վստահ եմ, որ վաղեմության ժամկետներ չպետք է ունենան, որովհետև դա պարզապես հանցագործություն չէր, դա ամենահրեշավոր արարքներից է, երբ պետությունը կրակում է սեփական քաղաքացու վրա:
Այս ամենն իմ մեջ զավեշտ է առաջացնում, որովհետև, տեսեք՝ այդ մարդը դարձել է երկրի վարչապետ, ու ինքը մարտի 1-ի կոնտեքստում պատահական մարդ չէ, եղել է շարժման հարթակում, նախագահի թեկնածուի շտաբի անդամ է եղել, այսինքն՝ տեղյակ է ամեն ինչից, բոլոր դերակատարներից՝ մանավանդ այս երկու անձից, որոնց նկատմամբ քրգործ է հարուցվել: Չկա մի այնպիսի բան, որ ինքը չգիտեր կամ կարող էր չիմանալ այս երկու անձանց վերաբերյալ, բայց նա իշխանության գալուց հետո այդ մարդկանցից մեկին նշանակում է ոստիկանապետ ու նրա տրամադրության տակ է դնում ամբողջ ուժային մի կառույց:
Ես ընդամենը մեկ համեմատություն անեմ. երբ խորհրդարանում փորձագետի հաստիքով աշխատանքի էի ընդունվում, ինձ այնտեղ համապատասխան գերատեսչության համապատասխան ծառայողը կանչել է, հարցաթերթ է լրացրել՝ տնով, ընտանիքով, քույր, եղբայր, հեռու-մոտիկ բարեկամով ու հարազատով, այդ ամենը հավաքել, մշակել են, ապա նոր ինձ թողել են, որ մեր խմբակցությունում՝ իրենցից անկախ մի մարմին, աշխատեմ:
Այսինքն՝ իբրև փորձագետ աշխատելու համար ինձ, ինչպես ասում են, ուղնուծուծով ստուգեցին, բա ոստիկանապետ ես նշանակել, այն էլ՝ օդիոզ կերպար, բա մի հատ չի ստուգել, որ տեսնի, որ մարտի 1-ի առավոտյան հավաքը ցրողների մեջ Օսիպով է եղել, ո՞նց է հնարավոր նման բան:
Դրա համար եմ ասում, որ զավեշտ է այս ամեն ինչը. իրենք բուկլետ են դարձրել մարտի 1-ը ու ընտրությունից ընտրություն բաժանում են ժողովրդին ափիոնի տեղ՝ բթացնելու, զգայական լարերի վրա խաղալու, էմոցիոնալ դաշտ ստեղծելու համար, թե տեսեք-տեսեք՝ դեռ պայքարում ենք մարտի 1-ի հանցագործությունը բացահայտելու համար:
Այս զգայուն հարցի հետ չի կարելի այսպես վարվել, ես ձեզ վստահեցնում եմ, որ այստեղ իրավաբանություն չկա, որովհետև եթե իրավաբանություն լիներ, ապա Ռոբերտ Մելքոնյանին ու Վալերիյ Օսիպովին մեղադրանք պետք է առաջադրվեր 2018-ին, երբ «Մարտի 1»-ի նոր վարույթը նախաձեռնվեց: Հարց տամ իշխանությանը՝ էլ ուրիշ մարդ չկա՞ «Մարտի 1»-ով, Մնացական Մարտիրոսյանը, որը 20-ից ավելի ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել, ներգրավվե՞լ է որևէ վարույթով, նրան հարց տրվե՞լ է, թե ում պահանջով էր շարժման ակտիվիստների նկատմամբ կալանքի ու ազատազրկման ակտեր կայացնում:
Նիկոլ Փաշինյանը նո՞ր իմացավ Վալերիյ Օսիպովի 2008-2018-ի գործունեության մասին, չգիտե՞ր, թե քանի հրապարակային միջոցառում է ուժով ապօրինի դադարեցրել, քանի հոգու է հայհոյել, քանի հոգու է հարվածել, թե՞ չգիտեր Ռոբերտ Մելքոնյանի ձեռքի էլեկտրաշոկերի մասին, որով հավաքի տարիքով կանանց էր էլեկտրահարում: Տեղյակ չի՞ եղել այս ամենից, որ սպասեց՝ ութ տարի անցնի, ու նոր Հակակոռուպցիոն կոմիտեում մտքի պայծառացում եղավ, ու որոշեցին Օսիպովին մեղադրանք առաջադրել:
– Փաստորեն, մնում եք ձեր այն կարծիքին, որ այս իշխանությունը «Մարտի 1»-ի գործն օգտագործում է ըստ նպատակահարմարությա՞ն:
– Ավելին ասեմ՝ դարձրել է նախընտրական բուկլետ: Մարտի 1-ը Փաշինյանի համար մշտապես շահարկման առարկա է եղել. նա մինչև վարչապետ դառնալն էլ է դա արել, երբ 2012-ին պառլամենտ մտավ, մի խայտառակ օրենքի նախագիծ էր ներկայացրել, ընդ որում՝ նախագիծը տվել էր ստորագրելու այդ թվում իշխանական խմբակցության կին պատգամավորներին, ու նրանք սիրով ստորագրել էին այդ նախագծի տակ: Միայն մարտի 1-ի զոհերի հարազատների ճնշման տակ հրաժարվեց այդ խայտառակ նախագծից, այսինքն՝ մարտի 1-ի ողբերգությունը, արյունը շահարկելն այս անձնավորության համար նոր բան չէ, բայց եթե դա այն ժամանակ անում էր որպես ընդդիմադիր, ապա հիմա անում է որպես վարչապետ, մասշտաբների տարբերությունն ակնհայտ է: 8 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանին դատում է, մի հատ ասեն՝ մենք էլ իմանանք, ի վերջո, այդ մարդու մեղքը ո՞րն է:
-Պարո՛ն Խաչատրյան, կարելի՞ է հասկանալ, որ Ձեր գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել Վալերիյ Օսիպյանի մասնակցությանը։
– Հավատացնում եմ, որ նա տասնապատիկ ավելի գիտի այս գործի մանրամասների մասին, քան ես գիտեմ, որովհետև ինքը եղել է պատգամավոր, կուսակցապետ, փողոցում՝ ընդդիմադիր գործիչ, «Սասնա ծռերի» ժամանակ է եղել: Ինքն ամենուր եղել է, 2008-ի շարժման ընթացքում անընդատ հարթակում է եղել, մասնակցել է քննարկումներին, տիրապետել է հարթակի ինչ-որ իմաստով փակ ինֆորմացիաներին, ինքն ամեն ինչ է իմացել, ինքը քաղբանտարկյալ է եղել ի վերջո, ո՛նց կարող էր չիմանալ, ես բացառում եմ չիմանալը: Ես վստահ եմ, որ ինքը մի օր կասի, թե ինչու է Օսիպյանին ոստիկանապետ նշանակել, թե դա ի՛նչ պայմանավորվածության կամ ծառայության արդյունքում է այդպես եղել, բայց, միևնույն է, ես բարոյական չեմ համարում «Մարտի 1»-ը այս կերպ էժանացնելն ու զավեշտի վերածելը, դա ինձ համար անընդունելի է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















