Հայաստան-Ադրբեջան. Հայաստանում կազմակերպվելիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնից առաջ արդեն հնչում են սպառնալիքներ և կոշտ քննադատություն

27-10-2010
387 դիտում
Հայաստան-Ադրբեջան. Հայաստանում կազմակերպվելիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնից առաջ արդեն հնչում են սպառնալիքներ և կոշտ քննադատություն

Նոյեմբերի սկզբին Երևանում անցկացվելիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնը լուրջ մարտահրավեր է դարձել կազմակերպիչների համար` սպառնալիքների և վիրավորանքների տարափ տեղալով նրանց գլխին:

Ադրբեջանական ֆիլմերի երևանյան ցուցադրությունը, որը նախաձեռնել է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը, պետք է կայանար դեռ անցյալ տարվա աշնանը, սակայն դահլիճ չգտնելու պատճառով ցուցադրությունը գրեթե մեկ տարով հետաձգվել է:

Փառատոնին ներկայացվելու են չորս մրցութային և մեկ արտամրցութային ֆիլմեր, տարբեր ժանրերի` վավերագրական, գեղարվեստական: Փառատոնին Ադրբեջանից հյուրեր չեն լինի, քանի որ նպատակը հայ հանդիսատեսի հետ «երկխոսություն սկսելն է»:

«Մինչ այդ դիմել էինք բոլոր հնարավոր դահլիճների տնօրեններին: Բայց նույնիսկ այն դեպքում, երբ նախապես դրական պատասխան էինք ստանում, հետո զանգահարում էին և չեղյալ հայտարարում պայմանավորվածությունը»,- «Մեդիալաբին» ասում է Վանյանը:

Ու մինչ փառատոնի համար Երևանում կարծես թե վերջապես դահլիճ է գտնվել, և նախատեսվում է ցուցադրությունը կազմակերպել «Մեդիակենտրոն» կազմակերպության (նախկին «Մեխակ» ռեստորանի) տարածքում, ադրբեջանական ֆիլմերի փառատոնի գաղափարը դարձել է բուռն քննարկումների թեմա, իսկ որոշ դեպքերում նաև` սպառնալիքներ ուղղելու միջոց:

Facebook սոցիալական կայքում փառատոնին տեխնիկական աջակցություն ցուցաբերած գրող Լուսինե Վայաչյանը ընդամենը փառատոնի մասին սոցիալական ցանցում հայտարարություն տեղադրելու համար արդեն բազմաթիվ հայհոյանքներ ու սպառնալիքներ է ստացել:

«Իսկ դու չե՞ս վախենում, որ օրը գալու ա, և դու ու քո ալիևական վիժվածքները արյամբ եք պատասխան տալու նման լրբության համար....»,- Լուսինե Վայաչյանին գրել է օգտատերերից մեկը:

Ի պատասխան բազմաթիվ ու բազմաբնույթ «արձագանքների»` Գեորգի Վանյանը ստիպված է եղել նույն ցանցում տեղադրել մեկ այլ հայտարարություն, որում խնդրել է հանգիստ թողնել գրող Լուսինե Վայաչյանին, քանի որ «Լուսինեն ընդամենը տեղեկատվություն է տարածել փառատոնի մասին»:

«Փառատոնի կազմակերպիչը «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» ՀԿ-ն է, որի նախագահը ես եմ և, բնականաբար, նաև փառատոնի պատասխանատուն եմ»,- հայտարարել է Գեորգի Վանյանը:

Ինչպես «Մեդիալաբին» փոխանցել է Լուսինե Վայաչյանը, ինքն այդ գաղափարի մասին իմացել է ընդամենը երեք օր առաջ, երբ հարցազրույց է անցկացրել Գեորգի Վանյանի հետ: Երբ Վանյանն իրեն տեղեկացրել է փառատոնի մասին, ինքն առաջարկել է տեխնիկական աջակցություն` փառատոնի մասին հայտարարություն տեղադրել Facebook սոցիալական ցանցում:

«Ես սովորական մշակութային event եմ պատրաստել»,- «Մեդիալաբին» ասաց Վայաչյանը` հավելելով, որ հայտարարություն տեղադրելուց հետո մի երկու օր կայք չի մտել, իսկ հետո, երբ բացել է իր էջը, բազմաթիվ արձագանքներ ու նամակներ է գտել:

Սոցիալական ցանցը ոչ միանշանակ է արձագանքել այս հայտարարությանը. Լուսինե Վայաչյանի խոսքով` բազմաթիվ նամակների մի մասը հայհոյանք ու սպառնալիք է եղել, մյուս մասն էլ` աջակցող խոսքեր:

Սպառնալիքներ է ստացել նաև նույն սոցիալական ցանցում հայտարարություն տեղադրած մեկ այլ քաղաքացի` Սամ Իսրայելյան անունով: Վերջինս իր էջում այդ կապակցությամբ արդեն հայտարարություն է տեղադրել, որում նշել է. «Արդեն ստանում եմ (այն էլ տարբեր ճանապարհներով) «հայրենասերների» հայհոյանքներ և հայհոյախառն սպառնալիքներ»:

Հասարակության շրջանում ևս Գեորգի Վանյանի այս նախաձեռնությունը ոչ միանշանակ արձագանք է գտել:

«Ես կարծում եմ, որ հակառակորդիդ լավ ճանաչելու համար պիտի նրան բազմակողմանիորեն ճանաչես: Ես ինքս հետաքրքրվում եմ այդ դաշտով և կուզեմ տեսնել նրանց պատրաստվածությունը»,- «Մեդիալաբին» ասում է ԵՊՀ ուսանողուհի Մարի Մխիթարյանը:

Մեկ այլ ուսանողուհի` Յուլիանա Սիրանյանն էլ ասում է. «Ես կգնամ: Իմ կարծիքով` շատ հետաքրքիր կլինի»:

Սակայն Զարուհի Դիլանյանի արձագանքը բացասական է:

«Չեմ ուզում նույնիսկ կարծիք հայտնել: Դա շինծու շոու է: Ու դա տապալողներից մեկը ես կլինեմ, չեմ հանդուրժի, որ իմ ազգը ծաղրի առարկա դարձնեն»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Դիլանյանը:

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանն էլ լավ բան չի տեսնում այս գաղափարի մեջ:

«Իհարկե, չարժի, որովհետև նախ` լեզու ենք դնում թյուրքերի բերանը, երկրորդ՝ պարզ երևում է, որ ադրբեջանական փողերի հոտ է գալիս, երրորդ՝ Վանյանը վաղուց ապացուցել է իր ադրբեջանամոլությունը: Պատկերացրեք այս «փառատոնից» հետո ադրբեջանական լրատվամիջոցների վայնասունը: Գոնե փառատոն չգրեին, այլ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություն, թե չէ այնպես են ներկայացնում այդ ադրբեջանամոլները, որ մեծ մշակութային գործ են անում: Չի կարելի էլի, իրենց երկու կոպեկի համար դավաճանության են գնում, իրոք 30 արծաթի համար ծախում են իրենց ազգային ինքնությունը»,- ասում է Պետրոսյանը:

Որպես պատասխան ակցիա` Facebook սոցիալական ցանցի որոշ մասնակիցներ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի հայտարարության տակ տեղադրել են պատերազմական Ստեփանակերտում արված տեսագրություններ` նշելով, որ այդ «ֆիլմերի» հեղինակները ևս ադրբեջանցիներ են:

Facebook սոցիալական կայքի մեկ այլ օգտատեր` Սարգիս Աղաջանյանը, ի պատասխան իր էջում կազմակերպել է Արցախյան պատերազմի, Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում կազմակերպված ցեղասպանությունների, Շահումյանի և Գետաշենի ենթաշրջանի գյուղերից խաղաղ բնակչության բռնի տեղահանման և ոչնչացման մասին փաստագրական ֆիլմերի փառատոն:

«Ցանկացողները կարող են միանալ»,- նշել է Աղաջանյանը:

Գեորգի Վանյանին, սակայն, քննադատությունը չի մտահոգում: Այն հարցին, թե արդյոք չի´ վախենում փառատոնին ընդդիմացող մարդկանցից, Վանյանն ասում է. «Վախը մարդու համար է, բայց վախը հաղթահարելն էլ է մարդու համար»:

Քրիստինե Խանումյան

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am