Եթե էկոնոմիկայի նախարարությունն աշխատի, այս տարի նախարարի ասած 1,2 մլն զբոսաշրջիկ կունենանք. մասնագետ

Լուսանկարը՝ «Արմենպրես»

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի սպասումները՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում 319 տոկոս աճի մասին, միանգամայն իրատեսական է համարում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյանը հայտարարել էր, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, տուրիզմի ոլորտում 319%-ով աճ կգրանցվի, այսինքն՝ 2021-ին նախարարը սպասում է 1,2 մլն զբոսաշրջիկ:

Ըստ Ապրեսյանի՝ այդ թիվը շատ իրատեսական է, ուղղակի պետք է աշխատել, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Նրա խոսքով՝ 2019 թվականին Հայաստանն ունեցել է 1.9 մլն զբոսաշրջիկ, և այնպես չէ, որ 1,2 մլն-ին սպասելը ֆանտաստիկայի ժանրից է: 

«Մասնավոր հատվածը, պետությունը աշխատանքներ են տանում, որ դեպի Հայաստան այցելություններ լինեն: Որոշակի թվով, իհարկե, հիմա կան, բայց դա չէ իհարկե ցանկալի արդյունքը: Հույսներս չենք կտրում և ուզում ենք ամեն ինչ անել, որ իրավիճակը վերականգնվի: Պետք է շատ աշխատել, և միայն այդ դեպքում ֆանտաստիկան իրական կթվա»,- «Մեդիալաբին» ասում է Ապրեսյանը:

Հնարավորություններ տեսնո՞ւմ է, որ կվերականգնվի զբոսաշրջային երբեմնի աշխուժությունը հարցին Ապրեսյանը պատասխանում է ժպտալով. «Ասում են՝ հույսը լույսից հետո է մարում: Այո՛, շանսն էլ, հույսն էլ տեսնում ենք, պետք է ուղղակի աշխատել, որ այդ շանսը չկորցնենք»:

Մասնավորապես, Մեխակ Ապրեսյանն ասում է, որ մարքեթինգային լայնածավալ քաղաքականություն պետք է իրականացնել: Մյուս խնդիրը, ըստ Ապրեսյանի, այն է, որ Հայաստանը թեպետ կորոնավիրուսային հիվանդության տարածվածության առումով բարվոք վիճակում է, բայց քարտեզներում ներկայացվում է որպես կարմիր գոտի, այսինքն՝ ճամփորդության համար ոչ ցանկալի երկիր: 

«Դա էական բացասական ազդեցություն է գործում, և պատկան մարմինները, հատկապես՝ առողջապահության, արտաքին գործերի նախարարությունները այդ ուղղությամբ աշխատանքներ ունեն կատարելու: Պետք է հանել Հայաստանը այդ ցուցակներից»,- նշում է ֆեդերացիայի նախագահը:

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար այս օրերին, ըստ Ապրեսյանի, մեկ այլ բարդություն է լրացուցիչ ՊՇՌ թեստ անելու մասին պահանջը: 

«Այսօր աշխարհի շատ երկրներում սկսել են պատվաստումներ իրականացնել, շատ շատերը արդեն պատվաստվել են, և, անկախ նրանից, Հայաստան այցելող զբոսաշրջիկը պատվաստվել է, թե ոչ, մենք նրանից բացասական թեստի արդյունք ենք պահանջում: Դա մեծ խոչընդոտ է և, բացի գումարից, նաև տհաճություն կարող է պատճառել այցելուին»,- նկատում է նա՝ անհրաժեշտ համարելով գոնե պատվաստվածների համար վերացնել լրացուցիչ թեստավորման պահանջը: 

Մեխակ Ապրեսյանն ասում է՝ Զբոսաշրջության կոմիտեի ու ֆեդերացիայի անդամ զբոսաշրջային ընկերությունների հետ միասին կազմում են ծրագիր դեպի Արցախ այցելությունները վերականգնելու համար: 

«Արցախում հանդիպումներ ենք ունեցել ու քննարկել բոլոր հնարավորությունները: Պետք է շատ ակտիվ աշխատանքներ տանենք ու սկսել ենք արդեն: Դրանով մենք պետք է ցույց տանք մեր հանրությանը, որ Արցախ կարելի է ու անհրաժեշտ է այցելել: Որևէ մեկն իրավունք չունի սահմանափակելու Արցախում զբոսաշրջություն լինելու հնարավորությունը: Արցախում պետք է լինի զբոսաշրջություն»,- ընդգծում է մասնագետը: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am