Սեպտեմբերի 1. ՀՀԿ-ին առընթեր կրթության օրը

Սեպտեմբերի 1. ՀՀԿ-ին առընթեր կրթության օրը
Սեպտեմբերի 1. ՀՀԿ-ին առընթեր կրթության օրը

Սեպտեմբերի 1-ն է: Այն ավելի շուտ նման է երեխային ու ծնողին դպրոցական բանտին կապելու օրինական համաձայնության օրվա: Դպրոց չգնալը դատապարտելի է: Եվ՝ անհասկանալի: Գնալն այլ հարցեր է առաջացնում: Դպրոցը բանտ է այն իմաստով, որ երեխան այնտեղ ընկալվում է պատանդ: Բանտ է, որովհետեւ ուսուցչուհին սկսվում է ոչ թե կրթելու հմայքից, այլ՝ Հանրապետականից:

Դպրոցը հասարակության հետ ՀՀԿ-ի «աշխատանքի» առաջին օջախն է: Հաջորդը բանակն է: Այս օջախները սնվում են օկուպացված հեռուստաարտադրանքով, իսկ որոնք հեռուստաեթեր չեն նայում, նրանց համար կա կառավարելի համացանցը: Չկառավարվող մի քանի կայքերի համար էլ կան այնպիսի օրենքներ, որոնք թույլ չեն տա նրանց թպրտալ: Բանակի տեսանկյունից կա հրամանատարությունը, որը կարող է զինվորին ծեծել գիրք կարդալու համար: Այսինքն, հասարակությունը իմացության տեսանկյունից շրջափակված է: Դպրոց որպես այդպիսին չկա: Կա ՀՀԿ-ն, որի ներսում մնացած ամեն ինչն է՝ մանկապարտեզը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, բանակը: Ի դեպ, նաեւ՝ եկեղեցին:

Ամեն ինչ առընթեր է Հանրապետականին: Այսօր նույնիսկ իշխանություն հասկացություն չկա, կա Հանրապետականը: Այն փոխարինում է իշխանությանը: Նույնիսկ «ժողովուրդ» հասկացություն չկա: Անգամ եթե 100 տոկոսն էլ դեմ է Հանրապետականին: Միեւնույն է, այն ՀՀԿ-ին առընթեր է:  Կարճ ասած, չկա Հայաստանի Հանրապետություն, կա ՀՀԿ-ին առընթեր Հայաստան, որտեղ սեպտեմբերի 1-ը պարզ ողորմածություն է երեխային տանը չթողնելու, այլ դպրոց տանելու: Քանզի նա որտեղ էլ լինի, առընթեր է ՀՀԿ-ին: Պարզապես դպրոցը այն օջախն է, որտեղ կառավարելի է նրա ծնողը, դպրոցը կառավարելիության օջախ է, առանց դպրոցի ՀՀԿ-ն ստիպված կլիներ այլ բան հնարել ծնողին կառավարելի դարձնելու համար:

Որտե՞ղ է խնդիրը: Ըստ իս, ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքացուն կառավարում է դիտավորյալ աղքատությամբ: Առանց աղքատության խրախուսման այդ կուսակցությունն իր հավի խելքով նույնիսկ ՀՀՇ-ի Գեւորիկի հետ չէր կարողանա հարաբերվել: Աղքատության խրախուսման համար խելք պետք չէ, պետք է պարզապես դաժանության բնազդական զգացում: Որովհետեւ այդ զգացման հակառակը տնտեսության եւ մտքի ազատականացումը խրախուսելն է:

Դաժանության բնազդական զգացման կենտրոնում միշտ ինքն է՝ քաղքենին եւ անկիրթը: Նրանց համար կյանքը մի հայելի է, որում հատկապես իրենք պետք է երեւան: Մյուսները միայն աղավաղում են ապրելու «հմայքը»: Ուստի մյուսների կյանքը պետք է տգեղացնել: Ինչպե՞ս՝ աղքատությամբ: ՀՀԿ-ն գիտի, որ աղքատ մարդու հետ միայն կարող է խոսել ընտրակաշառքով: ՀՀԿ-ն գիտի, որ աղքատ մարդը կամք չունի: ՀՀԿ-ն գիտի, որ աղքատ մարդը չի կարող խանգարել ապրել: Նա տարալուծվում է կյանքի բացակայության մեջ եւ ի վերջո չքանում:

Մինչ այդ իր ապրելու կյանքը զիջելով Սահմանադրությամբ չնախատեսված Տիրոջը: Այսինքն, նա հանձնվում է պետական շինարարության մասին ամբողջ անգրագիտությունը յուրացրած: Ու նա՝ փիլիսոփան, բանաստեղծը, երաժիշտը, արհեստավորը մի անգրագետ է, որի գոյության դաշտում «իմացությամբ» փայլողը Ալեքսանդր Սարգսյանն է:

Ասենք, Միհրան Պողոսյանը կամ ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանը հաստատ через Հեգել չեն այն բարձունքներին, որոնցում գտնվում են:

Նույնիսկ через իրենց պապերի բարոյական օրենքների չեն այդ բարձունքներում: Նրանք առանց հիշողության «աստվածներ» են: Որովհետեւ հիշողությամբ ինքն իրենով բարձրանում է միայն մարդը: Հիշողությունը ոչինչ է առանց կրթության: Ահա ինչու, ուսուցիչը դարձավ Հանրապետական: Նա Հայաստանի դեմ Հանրապետական զենքով դուրս եկած զինվոր է, ընդ որում՝ գլուխը բարձր: ՀՀԿ-ն իր գոյությամբ կրթությանը հայտարարված պատերազմ է: Ու սովորական ծնողը դա գլխի չի ընկնի մի պարզ պատճառով՝ այդ պատերազմում իր վրա կրակող դիպուկահար չկա:

Ընտրակեղծարարության մեջ ներքաշված Չարենցի անվան դպրոցի տնօրենը երկու օր առաջ հասարակությանը մեղադրեց դեգրադացվելու մեջ միայն այն բանի համար, որ կտրուկ էր արձագանքել Դանիել Իոանիսյանի բացահայտումներին: Ինքն անկեղծ է: Ինքն իսկապես համոզված է, որ միայն դեգրադացված հասարակությունը չի հասկանա, թե ինչ ազնվորեն է ինքը ծառայում Հանրապետականին: Նույնքան հանգիստ էլ համաձայն է, որ Դանիելը որեւէ ապօրինի բան չի արել իր եւ մնացած տնօրենների հանդեպ: Հասկացա՞ք: Կրթօջախի ղեկավարը ներքաշված է ծնող ահաբեկելու մեջ, սակայն անկեղծորեն ոչ մի տարօրինակ բան չի տեսնում այդտեղ: Որովհետեւ ամբողջ կրթությունն է դրա մեջ ու դրանից դեռ ոչ մի ծնող չի մեռել: Իսկապես, եթե չի մեռել, ի՞նչ տարօրինակ կամ հակաօրինական բան կա ահաբեկելու մեջ: Եթե դանակը ծնողի վզին չես դրել, ուրեմն օրինական է արածդ: Այսքանից հետո գրեթե աստվածաշնչյան պատգամ է թվում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը «Գիտելիքի օրվա» առթիվ:

Մհեր Արշակյան

MediaLab.am