Հետևողականորեն շարունակել աշխատանքները․ նախագահ Սարգսյանը զրուցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

Հեղինակ MediaLab

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե ստեղծված իրավիճակն ինչպես է ազդել FAST-ի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ու ծրագրերի վրա: Արմեն Օրուջյանը նախագահին է ներկայացրել առցանց և հեռավար ուսուցման շրջանակում իրականացվող նախագծերը:

Նախագահը քաջալերել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ նշելով, որ դրանք երկրի ապագային, տեխնոլոգիական նորարարության զարգացմանն ու գիտական առաջընթացին միտված ծրագրեր են:

Նախագահն ու FAST հիմնադրամի գործադիր տնօրենը պայմանավորվել են շարունակել քննարկումներն, ինչպես նաև դիտարկել գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության և FAST հիմնադրամի համագործակցության հնարավորությունները: