Զինվորների ապահովագրության հիմնադրամը» պատերազմից հետո արդեն 104 շահառուի տրամադրել է հատուցում: Նրանք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներն են:
«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Զինվորների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 24-ին ևս նախատեսված է հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կլինեն մի քանի տասնյակ նոր հատուցումներ: Ապագայի համար պլանավորվում է, որ յուրաքանչյուր շաբաթ հիմնադրամը կկատարի մի քանի տասնյակ հատուցում: Հիմնադրամի շահառուներն են զոհվածի կամ անհայտ կորածների ծնողները, ամուսինները և երեխաները:
«Կարող է հարց առաջանալ, թե ինչու են ժամանակային առումով ձգվում այդ հատուցումները և ինչու շաբաթական մի քանի տասնյակ հատուցում է տրվում: Ընտանեկան, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն, և դրա համար նախապես անհրաժեշտ է հավաքել համապատասխան փաստաթղթային փաթեթ: Դրա համար այս պահին ներգրավված են մարզպետարանները և Երևանում՝ վարչական շրջանները, որպեսզի փաստաղթերը պատրաստելու գործին աջակցեն»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը: Այնտեղ գործի մեջ ներգրավված աշխատակիցները վերապատրաստված են: Փաստաղթերի պատրաստման ամբողջ գործընթացն իրականացվում է անվճար: Եթե ընտանիքը չդիմի տեղական ինքնակառավարման մարմնին, ապա այդ մարմինը կգտնի այդ ընտանիքին: Վարուժան Ավետիքյանն ընդգծեց, որ ժամկետային սահմանափակում չկա: Երբ էլ լինի, քանի տարի անց էլ լինի, այդ իրավունքը պահպանվում է: Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ ծնողները Հայաստանում չեն և կարողանում են հիմնադրամին դիմել երեք տարի հետո: Միևնույն է, նրանց իրավունքը պահպանվում է: Վարուժան Ավետիքյանը վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է, որ որևէ շահառու դուրս չմնա:
Այս պահին հիմնադրամը հատուցում է տրամադրում միայն զոհվածների ընտանիքներին, թեպետ, որպես շահառու դիտարկում է նաև հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին: Երկրորդ խմբի դեպքում որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Վիրավորված զինծառայողը պետք է բուժվի, այդ ընթացքում առողջության որոշակի վերականգնում պետք է տեղի ունենա, այնուհետև համապատասխան փորձաքննությունից հետո տրվում է հաշմանդամության կարգ: Այդ կարգը ստանալուց հետո արդեն տվյալ զինծառայողն է դառնում հիմնադրամի շահառուն:
«Այս գործընթացը մեկ օրում կամ մեկ շաբաթում տեղի չի ունենում, սակայն, այո, առաջիկայում մենք կունենանք նաև հաշմանդամություն ունեցող շահառուներ»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:
Շահառուներին հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցությունը և՛ միանվագ դրամական օգնություն է, և՛ շարունակական: Զոհված, առաջին կարգի հաշմանդամ դարձած կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է միանվագ 10 մլն դրամի ֆինանական հատուցում: Այնուհետև 20 տարի շարունակ յուրաքաչյուր ամիս վճարվում է 200-300 հազար դրամ: Գումարի տաբերությունը պայմանավորված է տվյալ զինվորականի ունեցած աստիճանով: Մյուս դեպքերում հաշմանդամություն ունեցող շահառուի գումարը կիսվում է, միանվագ օգնությունը կլինի 5 մլն դրամ, ամսական գումարը կկազմի 100-200 հազար դրամ: Եթե տվյալ զինծառայողն ունեցել է 3 և ավելի երեխա, ապա հիմնադրամը լրացուցիչ կվճարի 100 հազար դրամ: