Մահացել է հայագետ, գրող, հրապարակախոս Կիմ Բակշին

Մահացել է հայագետ, գրող, հրապարակախոս Կիմ Բակշին
Մահացել է հայագետ, գրող, հրապարակախոս Կիմ Բակշին

Մոսկվայում 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս գրող, կինոդրամատուրգ, հայագետ Կիմ Բակշին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հաղորդագրությունը։

Կիմ Բակշին ծնվել է 1931 թվականի մարտի 1-ին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը:   

«Հայ ժողովրդի բարեկամ, հասարակական գործիչ Կիմ Բակշին, 1957 թվականից սկսած, իր գրական և մասնագիտական գործունեության տասնյակ տարիները նվիրել է Հայաստանին և հայ ժողովրդի պատմագիտական անցյալի, մշակույթի ուսումնասիրմանը` Մատենադարանում, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, Բեյրութում, Կիլիկիայի կաթողիկոսարանում, Սպահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ տաճարում և աշխարհի խոշորագույն գրադարաններում:   

Հայաստանի և Արցախի հանդեպ իր նվիրվածությունն արտահայտել է «Արծիվն ու սուրը», «Ճակատագիրն ու քարը», «Մեր աշխարհը նման է անիվի», «Մենաստանից` սիրո մասին», «Արցախի հոգևոր գաձերը» և բազմաթիվ այլ գրքերով ու հրապարակումներով:   

Հատկապես հայտնի է նրա և Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» ֆիլմաշարը, որը յուրօրինակ հանրագիտարան է Հայաստանի և հայերի մասին:   
Նրա առաքելությունը դարձավ մարդկությանը` հայկական պատմությանը, մշակույթին, ժողովրդի հոգևոր արժեքներին, նրա դարավոր ավանդույթներին, երկրի բնությանը, հուշարձաններին ծանոթացնելը։   
Հայ-ռուսական բարեկամության և մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման իր բազմամյա գործունեության համար Կիմ Բակշին արժանացել է Հայաստանի պետական պարգևի՝ Պատվո շքանշանի, «Մովսես Խորենացի», «Երախտագիտություն» (Արցախի Հանրապետության) մեդալների և այլ պարգևների»,-նշված է հաղորդագրության մեջ: