Մեսիջ` Ադրբեջանին. վերլուծաբանները քննարկում են նախագահի` Արցախի անկախության ճանաչման մասին խոսքը

Մեսիջ` Ադրբեջանին. վերլուծաբանները քննարկում են նախագահի` Արցախի անկախության ճանաչման մասին խոսքը
Մեսիջ` Ադրբեջանին. վերլուծաբանները քննարկում են նախագահի` Արցախի անկախության ճանաչման մասին խոսքը

Հայաստանը քննարկում է ԼՂՀ ճանաչման հնարավորությունը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում: Փորձագետների կարծիքով` այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ նախագահն այժմ բարձրաձայնեց այս խնդրի շուրջ, պետք է փնտրել նախևառաջ Բաքվում:
«Արցախի անկախության ճանաչումը երբեք բանակցային սեղանից չի իջել: Դեռևս 91 թվականից այդ հարցը քննարկվել է, և այդ հարցի շուրջ միշտ աշխատանքներ կատարվել են»,-«Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը բացատրել է, թե ինչո´ւ հիմա Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը:

«Մշտապես տալիս են այլ, ուղիղ հարց. «Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Քանի որ մենք բանակցություններ ենք վարում, իսկ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնշանակի խափանել դրանք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի խոսքով` չի կարելի բացառել, որ նախագահի այս խոսքերը նաև մեսիջ լինեն Բաքվին: Բանն այն է, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը ակտիվացրել է դիպուկահարների գործողությունները սահմանին և հաճախ է սպառնում պատերազմով: Քաղաքագետի կարծիքով` Ալիևի ռազմատենչության առաջին պատճառը ոչ թե Արցախն է, այլ ադրբեջանական ընդդիմությունը:

«Ալիևն իրոք խիստ մտահոգված է ներքին խմորումներով, քանի որ Ադրբեջանի որոշ խավը ինչ-որ չափով ոգևորված է արաբական հեղափոխություններով: Մտահոգ լինելով դրանով` հիմա Ալիևը փորձում է ատելությունը և բողոքի ձայները շեղել դեպի հայ ժողովուրդը, ցույց տալով, որ այն մարդը, ով դեմ է Ադրբեջանի ներկայիս իշխանությանը, օգնում է թշնամուն»:

Իսկ քաղաքագետ Արմեն Աղայանի կարծիքով` Արցախի ճանաչման մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններն ավելի շատ դիվանագիտական ինչ-որ խաղ են հիշեցնում:

«Սա ընդամենը ներքին առումով պոպուլիստական, իսկ արտաքին առումով դիվանագիտական ձևակերպումների անիմաստ ինչ-որ խաղ է ինձ ավելի շատ հիշեցնում»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Աղայանը:

Նրա կարծիքով` Արցախի անկախության ճանաչման խնդիր Հայաստանն իրականում չունի, քանի որ նպատակը Արցախը Հայաստանի հետ միավորելն է:

«Նախագահը նման հայտարարություն արել է նաև Աստանայում: Դրանից առաջ նրա կուսակիցներն էլի անում էին: Եվ դա նորություն չէ: Պարզ է, որ Հայաստանի իշխանություններն

Արցախը ճանաչելու խնդիր իրականում չունեն, որովհետև Արցախը չի կարող Հայաստանից առանձին պետություն լինել: Հայաստանի մարզը այն լավագույն կարգավիճակն է, որին մենք պետք է ձգտենք Արցախի համար»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Քաղաքագետը, սակայն, չի բացառում, որ Բաքվի վերջին շրջանի ռազմատենչությունը դրդած լինի Սերժ Սարգսյանին նման հայտարարությամբ հանդես գալ: Մինչդեռ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով` նախագահի խոսքի գլխավոր և հիմնական պատճառը հենց Բաքուն է: Այն, որ Սերժ Սարգսյանը խոսել է ոչ միայն Արցախի ճանաչման, այլ նաև պատերազմի վերսկսման հավանականության մասին, վկայում է, որ հայկական կողմը չի վախենում սպառնալիքներից, և որ Բաքուն արդեն հոգնեցրել է բոլորին:

«Նախագահը, լինելով մեր բոլորիս դեսպանն այդ հարցերում, մարտական փորձով անցած մարդ, փորձառու քաղաքական գործիչ ու նաև զինվորական, ասաց` գիտե՞ք ինչ, պատերազմո՞վ եք վախեցնում: Ձեր քաղաքական շանտաժը մեզ վրա էլ չի ազդում: Ուզո՞ւմ եք պատերազմել, եկեք, դադարեցնում ենք Մինսկի խմբի աշխատանքները, տղա՞ եք, նորից եկեք»,- «Մեդիալաբին» ասում է Արծրուն Հովհաննիսյանը:

Լիաննա Խաչատրյան

Medialab.am