Ես մեր գյուղն եմ ուզում

«Ավետարանոցից դուրս եկանք սեպտեմբերի 30-ին։ Ես ու թոռներս էինք, տղաս ու հարսս մնացին գյուղում,- պատմողը Սահականուշ Մնացականյանն է։ – Մի ամիս 5 օր մնացինք Արտաշատում՝ տղայիս ընկերոջ տանը։ Լավ մարդիկ էին, հոգատար։

Նրանց տղան պատերազմի դաշտում անհայտ կորավ, դրանից հետո վատ էինք զգում մեզ, մարդկայնորեն շատ ծանր էր, տեղափոխվեցինք Վարդենիսի Ակունք գյուղ։ 

Մեկ ամիս 4 օր էլ այդտեղ մնացինք։ Նրանք նույնպես մեզ հարազատների պես ընդունեցին, բայց հենց հրադադար հայտարարեցին՝ շտապեցինք հայրենիք, բայց ո՞ւր, անհավատալի է՝ մեր գյուղը թուրքերի ձեռն էր»։ 

Ավետարանոց (նախկինում՝ Չանախչի), գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում` շրջկենտրոնից 38 կմ հարավ։ Եղել է Վարանդա գավառի կենտրոնը և մելիքների նստավայրը։ Գտնվում է Քիրս լեռան ստորոտում` 1200 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 800 հեկտար։ 

Բնակչությունը՝ 1150 (2003 թ.)։ Զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (Ի. Աթայանի անվան), մշակույթի տուն, հիվանդանոց, բուժկետ։ Ավետարանոցում և շրջակայքում պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին (XIII դար), Ս. Նշան Կուսանաց անապատ (XV դար), Սրբոց Ղևոնդյանց վանքերը, Վարանդայի մելիքների գերեզմանները, Մելիք-Շահնազարյանների ապարանքները և տոհմական դամբարանները, բազմաթիվ խաչքարեր և այլն։ (Աղբյուրը՝ Վիքիպեդիա)

«Մեր տունը եկեղեցու դիմացն էր։ 43 տարվա տուն-տեղ եմ թողել այնտեղ։ Ամեն, ամեն ինչ ունեինք։ Նոր տուն, կենցաղային տեխնիկա, ամեն հարմարություն ունեինք։ Քույրս ասում է՝ մոռացի՛ր, հիմա ոչինչ չունես։ 

Չէինք պատկերացնում, որ այսպես կստացվի։ Երբ գյուղից դուրս էինք գալիս, մտածում էինք՝ Ապրիլյանի նման կլինի, ու մի քանի օրից կվերադառնանք, բայց որ թուրքերը կհասնեն Ավետարանոց, չլսված-չտեսնված բան է։ 

Գիշերը երազում իմ տունը, իմ օջախն եմ տեսնում, վերհիշում եմ յուրաքանչյուր ծառ ու թուփ։ Ճագարներ ունեինք՝ իմ ու երեխաների խնամքի տակ էին։ Ջուրը սակավ էր, գիշերը ժամը 4-ին արթնանում էինք՝ բանջարանոցը ջրելու համար։ Լավ էլ բերք էինք ստանում, մեր կարտոֆիլի համը ուրիշ ոչ մի տեղ չկա (Ավետարանոցը Արցախում հայտնի է իր կարտոֆիլով,- խմբ.):

1990 թվականին Ավետարանոցում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Հ. Ստեփանյան), որի հիմքի վրա 1991 թվականի վերջին ստեղծվել է վաշտ։ 

1992 թվականից ջոկատը՝ առանձին, վաշտը՝ Ասկերանի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակի (հրամանատար՝ Ա. Ղարամյան) կազմում մասնակցել են Հասանաբադի, Լեսնոյի, Քարինտակի, Մալիբեյլուի, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ավետարանոցից հրամանատարներ են եղել Հ. Ստեփանյանը, Ա. Ղարամյանը, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Հ. Ստեփանյանը, Ա. Համբարձումյանը, հետմահու՝ Ա. Հայրապետյանը, Մ. Հովսեփյանը, Կ. Գադյանը։ Գյուղից զոհվել է 12 ազատամարտիկ[1]։ (Աղբյուրը՝ Վիքիպեդիա)

Տիկին Սահականուշի ամուսինը առաջին Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված գյուղի 12 ազատամարտիկներից մեկն էր։ Ապրում էին հաշտ ու համերաշխ, երկու աղջիկ ու արու զավակ էին մեծացնում։ Համլետ Սարգսյանը ընդամենը 40 տարեկան էր, երբ կնքեց իր մահկանացուն։ Պապի անունը Սևակ որդու ավագ որդին է կրում։ 

«Գյուղում հարազատների գերեզմաններ ենք թողել։ Ամուսնուս առաջին պատերազմում եմ կորցրել։ Այն ժամանակ էլ դժվար էր՝ երեք երեխաներիս մենակ եմ մեծացրել, բայց, դե, հաղթանակած ժողովուրդ էինք, գիտեինք, թե ինչի համար ենք այդքան զոհ տվել, քայլում էինք հպարտ, գլուխներս՝ բարձր։ Հիմա շատ դժվար է, տուն ու տեղ ենք կորցրել։ 43 տարի աշխատել եմ դպրոցում, իմ դասավանդած տղաներից շատերը չկան։ Սիրտս բոլորի համար մղկտում է, գիշերները երեխեքից թաքուն լացում եմ»,- հուզվում է Սահականուշը։ 

Թոռներից միջնեկը՝ Պարույրը, Ավետարանոցի իր առօրյան է հիշում. «Դասընկերներով հավաքվում էինք մեր այգում, խաղում էինք ֆուտբոլ, վոլեյբոլ։ Երբ սովածանում էինք՝ վազելով տնից մի կտոր հաց էինք վերցնում ու հենց բակում էլ ուտում»։ 

Քույրը՝ Դայանան շարունակում է եղբոր պատմածը. 

«Կարոտում եմ գյուղը, ընկերներիս։ Բոլոր լուսանկարները մնացել են այնտեղ։ Հայաստանում մեզ շատ լավ են ընդունել, նոր ընկերներ ունեմ Վարդենիսում ու Արտաշատում, բայց ես իմ դպրոցն եմ ուզում ու Ավետարանոցի իմ ընկերուհիներին եմ կարոտում»:

Ավագ եղբոր՝ Համլետի նախկին ապրելակերպից Ստեփանակերտում սպորտով զբաղվելն է պահպանվել։ Ավետարանոցում նրա առօրյան գյուղական հոգսերի հետ էր կապված․ «Ծնողներիս օգնում էի՝ անասուններն էի պահում, բանջարանոցն էի մշակում։ Ինձ հոգեհարազատը դա է, քաղաքում մի տեսակ դատարկություն է, չգիտես օրդ ինչով լցնես»:

Երեխաների մայրը՝ Նարինեն, Ավետարանոցի բուժքույրն էր։ Մասնագիտական պարտքի թելադրանքով է գյուղում մնացել, սակայն նաև խոհարարի պարտականությունն էր ստանձնել:

«Շատ կանայք կային։ Նրանք չէին ցանկացել իրենց ամուսիններին, տղաներին մենակ թողնել։ Հաց էինք սարքում, սպասում մեր տղամարդկանց, ձեռի հետ զակատներ էինք անում, մտածում էինք՝ երեխաները կգան, ձմռանը բոլ-բոլ ուտելիք կունենանք։ Գիդում ըմ թա սա կինո ա, մըզ նհետ չի կատարվալ»,- գրական հայերենից բարբառին անցում կատարելով՝ պատմում է Նարինե Օհանջանյանը։ 

Կանայք գյուղը լքեցին, երբ հակառակորդը հարևան Մոշխմհատի մատույցներում էր՝ իրենցից 4 կմ հեռու։ Շատ վտանգավոր էր, Սարգսյանների տունն էլ այգու մեջ էր, անտառին մոտ։ 

Ստեփանակերտում ապաստանած ընտանիքին պետությունը կահույք, անկողնային պարագաներ, կենցաղային իրեր է տրամադրել։ Լվացքի մեքենայի կարիք ունեն, բայց Նարինեն չի նեղվում, ասում է՝ կարևորը ընտանիքը միասին է։ 

Իսկ երեխաները չեն հարմարվում։ Ասֆալտապատ փողոցները նրանց սրտով չեն, գյուղի գետը չկա։ 

Եթե Ստեփանակերտում ձեզ համար լավ տուն կառուցեն՝ կմնայի՞ք հարցի պատասխանը ժխտական է։ 

Իրենց գյուղն են ուզում։ 

Մարինե Մկրտչյան

Ստեփանակերտ

MediaLab.am