Զինծառայողներին տեղափոխող մեքենան կողաշրջվել է՝ վարելու կանոնները խախտելու հետևանքով.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ մեքենան վարելու կանոնները խախտելու հետևանքով մեկ զինծառայողի մահվան և մի քանի  զինծառայողների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողն իր կողմից վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով, անձնակազմին զորամասից կրակային դիրք տեղափոխելու ճանապարհին, խախտել է տրանսպորտային մեքենա վարելու կանոնը, որի հետևանքով մեքենան կողաշրջվել է, զինծառայողներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մյուսները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և  տեղափոխվել են կայազորային զինվորական հոսպիտալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: