Ճնշումնե ՞ր.Պահանջում են ազատ արձակել «Հայկական ժամանակի» խմբագրին

20-11-2010
315 դիտում
Ճնշումնե ՞ր.Պահանջում են ազատ արձակել «Հայկական ժամանակի» խմբագրին

Արդեն քանի օր է` տարօրինակ իրավիճակ է ստեղծվել մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ: Ներկայումս «Կոշ» ՔԿՀ-ում գտնվող Փաշինյանը քանի օր է ահազանգում է բանտում իր դեմ կատարվող ոտնձգությունների և հարձակումների մասին:

Թեև հայտարարություններից հետո նրան տեղափոխել են առանձին խուց, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը և ՔԿՀ վարչությունը Փաշինյանի ահազանգերը կասկածի տակ են դրել` հայտարարելով, թե այդ հարձակումները Փաշինյանի երևակայության արդյունք են, և որ նա ինքն է խնդրել, որ անվտանգության նկատառումներից ելնելով իրեն տեղափոխեն առանձին խուց:

Նոյեմբերի 18-ին բանտում գտնվող Փաշինյանը իր փաստաբան Վահե Գրիգորյանի միջոցով հայտարարություն է տարածել այն մասին, որ արդարադատության նախարարության հայտարարությունը «սուտ է»:

«Այն, ինչ արդարադատության նախարարությունը հայտարարել է, միանշանակ սուտ է, Նիկոլը որևէ դիմում չի գրել, ո´չ բանավոր և ո´չ էլ գրավոր որևէ մեկին չի խնդրել իրեն տեղափոխել»,- հայտարարել է փաստաբան Վահե Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:

Միաժամանակ Գրիգորյանն ահազանգել է այն մասին, որ «Կոշ» ՔԿՀ վարչակազմը խոչընդոտել է իր պաշտպանյալի հետ հանդիպումը:

Փաշինյանի հետ կապված առաջին ահազանգը հնչել է նոյեմբերի 11-ին. այդ օրը Փաշինյանի փաստաբաններից Վահե Հովսեփյանը ԶԼՄ-ներին պատմել էր, թե այդ գիշեր ժամը 2.30-ին սահմաններում Նիկոլ Փաշինյանն արթնացել է` զգալով տարօրինակ շարժ, որը տևել է մոտ 20 րոպե: Դրանից հետո, ըստ փաստաբանի, ինչ-որ անձինք մոտեցել են նրա քնելատեղին և բացել վարագույրը: Այդ ժամանակ Նիկոլը տեսել է երկու դիմակավորված անձանց:

«Տեսնելով, որ Նիկոլն արթուն է` մի պահ կարկամել են, որոշակի դադարից հետո սկսել են ոտքերով նրան հարվածել մոտ մեկ րոպե, որի ընթացքում Նիկոլը ինչ-որ բան է գոռացել, որից հետո այդ անձինք արդեն իսկ հավաքված կիսամերկ դատապարտյալների միջով հեռացել են: 4-5 րոպե անց եկել են հսկիչները և Նիկոլին տարել են հերթապահ մաս, որտեղ Նիկոլը մնացել է մինչև վաղ առավոտ»,- պատմել է փաստաբանը:

Փաշինյանի հետ կատարվածը հաջորդ օրը հաստատել էր նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով լրագրողներին ասել է, որ վստահ է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարձակում է եղել:

«Շատ հնարավոր է, որ նման դիմակավորված անձնավորություններ կարողանային մուտք գործել կացարան` նպատակ ունենալով ճնշում գործադրել Փաշինյանի նկատմամբ, և անարգել կարողանային հեռանալ»,- ասել է պատգամավորը` հավելելով, որ Փաշինյանի խցակիցները պարզապես լռում են:

Ի պատասխան նույն օրը արդարադատության նախարարությունը տարածել էր մի հաղորդագրություն, որում Փաշինյանի ահազանգերը որակվել էին որպես «անհիմն և միտումնավոր կեղծված տեղեկատվություն տարածելու երևույթ»:

«Հայտնվում է, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ մեկ անգամ ևս հերքվել է որևէ եղանակով նշված անձին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը»,- նշված էր ԱՆ տարածած հայտարարության մեջ

Մինչդեռ նոյեմբերի 11-ի միջադեպից հետո, Փաշինյանը և նրա փաստաբանները ահազանգել են, որ մինչ այդ դեպքը ևս «Հայկական ժամանակի» խմբագրի նկատմամբ բանտում ոտնձգություններ են եղել:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Մեդիալաբի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Փաշինյանի անձի շուրջ կատարվող այս զարգացումները միայն մեկ նպատակ ունեն` ստիպել, որ հայտնի լրագրողն ու խմբագիրը դադարի բանտից նյութեր գրել և դառնա սովորական բանտարկյալ:

Իսկ այն, որ արդարադատության նախարարությունը Փաշինյանի ահազանգերը որակել էր որպես անհիմն, իրավապաշտպանի խոսքով, ընդամենը հեգնանք է հիշեցնում:

«Դրանք չի կարելի պատասխան հայտարարություններ համարել: Դրանք պետական կառույցներին ոչ վայել հեգնանք են հիշեցնում, և ցանկացած ընթերցող դա կարող է նկատել»,- «Մեդիալաբին» փոխանցեց Վարդան Հարությունյանը:

Կատարվածի կապակցությամբ նոյեմբերի 16-ին հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը. հայտարարության մեջ մասնավորապես, նշվում է, որ Կոնգրեսը, նկատի ունենալով Փաշինյանի շուրջ ստեղծված աննախադեպ էքստրեմալ իրավիճակը` «պնդելով հանդերձ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման իր պահանջը, պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան, իսկ մինչև հարցի լուծման իրավաբանական ձևակերպման ընթացակարգի ավարտը խստագույնս ապահովել նրա ֆիզիկական անվտանգությունը»։

Փաշինյանի հարցը ընդդիմադիրները բարձրացնում են նաև միջազգային կառույցների տարբեր հանդիպումների ժամանակ:

Նոյեմբերի 15-ին ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Ասիայի երկրներին ԱՄՆ օժանդակության համակարգող Դեյվիդ Ռոզենբլումի, պետդեպարտամենտի տարածաշրջանային հակամարտությունների և կովկասյան գործերի գրասենյակի փոխտնօրեն Ջոն Էսպինոզայի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Փաշինյանի անձի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը:

Մինչ այդ էլ ընդդիմադիրները պիկետ էին անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության մոտ` ի պաշտպանություն Փաշինյանի:

Նիկոլ Փաշինյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները անհանգստությունների տեղիք են տվել ոչ միայն ընդդիմության և մարդու իրավունքներով զբաղվող կառույցների մոտ, այլ նաև լրագրողական դաշտում:

Հայաստանի առաջատար մի շարք ԶԼՄ-ների խմբագիրներ նոյեմբերի 18-ին հրավիրել են մամլո ասուլիս` պահանջելով ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին: Մինչ այդ էլ` նոյեմբերի 16-ին խմբագիրները բողոքի ակցիա էին անցկացրել Երևանի կենտրոնում` ի պաշտպանություն Փաշինյանի:

Ակցիայի ավարտին ստորագրվել էր համատեղ հայտարարություն, որտեղ ԶԼՄ-ների խմբագիրները, բացի անվտանգության երաշխիքներից, քրեակատարողական հիմնարկի վարչակազմից պահանջել են ձեռնարկել բոլոր միջոցները նման միջադեպերին վերջ տալու համար:

«Վերջին օրերին մամուլը պարբերաբար ահազանգում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող բռնությունների, հոգեբանական և ֆիզիկական ճնշումների մասին, ինչին իշխանության ներկայացուցիչներն արձագանքում են կամ անհամոզիչ հերքումներով, կամ հեգնանքով: Մենք վրդովված ենք մեր գործընկերոջ նկատմամբ հետևողականորեն իրականացվող այս քաղաքականությունից և կարծում ենք, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նրա անվտանգությունն ապահովված չէ»,- մասնավորապես գրված է խմբագիրների հայտարարության մեջ:

Խմբագիրները իրենց հայտարարությամբ պահանջել են ստեղծել հատուկ անվտանգության ռեժիմ և երաշխավոր կանգնել Փաշինյանի կյանքի ապահովության համար, ինչպես նաև պատժել և կանխել բոլոր այն անձանց ձեռնարկած գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված կլինեն Փաշինյանի անվտանգության դեմ:

«Պահանջում ենք ազատ արձակել Փաշինյանին»,- գրված է խմբագիրների հայտարարության մեջ:

Համատեղ հայտարարությանն արդեն իսկ միացել են Հայաստանի առաջատար ԶԼՄ-ների ավելի քան տասնհինգ խմբագիրներ և ղեկավարներ:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am