«Եթե հասարակության մեջ ընդունված են միջնադարյան կամ, ավելի շուտ, մահմեդական արժեքներ, ամեն ինչ կմնա նույնը»․ Ռուբեն Բաբայանը՝ ընտանեկան բռնության մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարոն Բաբայան, Գյումրիում դաժան դեպքից հետո, երբ 28-ամյա տղամարդը ծեծելով սպանել էր 43-ամյա կնոջը, իսկ նրա 13-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակում է, Ֆեյսբուքում շատերը այս պատմության մեջ սկսեցին մեղադրել սպանված կնոջը՝ նշելով, թե ի՛նչ գործ ուներ երիտասարդ տղամարդու հետ տարիքով կինը։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը և այն, որ մեր հասարակության մեջ, չգիտես ինչու, միշտ մեղավոր է կինը։ Արդյոք սա կրթական, քաղաքակրթական խնդիր է։

– Սա, իհարկե, քաղաքակրթական խնդիր է։ Զարմանալի զուգադիպությամբ մեկ շաբաթ առաջ կնոջ իրավունքների, կնոջ նկատմամբ վերաբերմունքի մասին փոքրիկ դասախոսություն եմ ունեցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։ Եվ զարմանալի զուգադիպությամբ ձեռքս ընկավ Հովհաննես Թումանյանի մի հոդված, որը նա գրել է 1915 թվականին: 

Թումանյանն այդ հոդվածում մի հրաշալի միտք է արտահայտում, որ կնոջ հանդեպ վերաբերմունքը քաղաքակրթական ընտրություն է։ Դա Թումանյանն ասել է 105 տարի առաջ, երբ դեռ տերմինը՝ մարդու իրավունքներ և այլն, այդքան էլ չէր օգտագործվում։ 

Մենք շատ երկար ժամանակ կարծել ենք, թե մեր երկրում բոլոր խնդիրները կապված են իշխանության հետ։

Ա՛յ, կփոխենք իշխանություններին կամ կունենանք այս տեսակի իշխանություն, և ամեն ինչ կփոխվի։ Այդպես չի լինում։ 

Պետք է առաջին հերթին փոխվի հասարակությունը, որովհետև, ի վերջո, այդ հասարակությունն է ընտրելու իշխանություն, թելադրելու իր պայմանները, իր արժեքները։ Եթե հասարակության մեջ ընդունված են միջնադարյան արժեքներ կամ, ավելի շուտ, մահմեդական արժեքներ, ինչպես ուզես կարող ես փոխել իշխանությունը, հասարակությունը կմնա նույնը։ Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, ընդ որում, ոչ թե որովհետև մեր ժողովուրդն է այդպիսին։ 

Այս ճանապարհով անցել են բոլոր ժողովուրդները։ Եթե մենք մի քիչ հետ նայենք, թե ինչ էր կատարվում ԱՄՆ-ում դեռ 50-60 տարի առաջ, այն ժամանակ ո՞վ կարող էր մտածել, որ սևամորթը կարող է դառնալ երկրի նախագահ, կանանց իրավունքները, ազգային փոքրամասնությունների իրավունքները, սեռական փոքրամասնությունների իրավունքները՝ այս ամենը ճանապարհ է, որ պետք է անցնենք միասին և ամեն օր սրա մասին խոսենք։ 

Եկեք անկեղծ խոսենք, որ վերջին 20 տարվա ընթացքում գուցե աննկատ, բայց ազգայնական մեծ քարոզ էր տեղի ունենում երկրում։

Իսկ ազգային քարոզ նշանակում է, որ նկարվում էր իդեալական ազգի ներկայացուցչի որոշակի շրջանակ, և բոլոր նրանք, որոնք չէին տեղավորվում այդ շրջանակի մեջ, դատապարտվում էին։ Այստեղից էլ գալիս է այդ մեղադրանքը, այդ կնոջ հանդեպ վերաբերմունքը, և այնպիսի տպավորություն ենք ստեղծում, որ կարծեք թե այս մարդկանց բոլորին արագիլն է բերել, կամ կաղամբի մեջ են գտել։ Եվ ամենակարևորը՝ մեր հասարակության մեջ արդարացված է բռնությունը։ Ես սա չեմ ուզում միայն այդ դեպքի հետ կապել կամ միայն կնոջ հանդեպ։ Ընդհանրապես, բռնությունը Հայաստանում արդարացված է։ 

– Այդուհանդերձ, այս դեպքը ցույց տվեց, որ հանրության մի մեծ հատված անհանդուրժո՞ղ է դիմացինի կյանքի հանդեպ։ 

– Ցավալին այն է, որ բռնությունն արդարացվում է հանուն վեհ գաղափարների, հանուն ազգային շահերի, հանուն պետականության, հանուն հասարակության և այլն։ Եթե որոշել են մեղադրել բռնության զոհին, արդարացումները լիքն են։ Այստեղ միայն մեկ փաստարկ կա, որ դա չի կարելի անել։ Մենք պետք է հասկանանք, որ առաջընթաց կարող ենք ապահովել միայն այն ժամանակ, երբ պաշտպանում ենք դիմացինի շահերը, ոչ թե միայն մերը։ 

Սա արդեն համամարդկային խնդիր է. եթե մենք ուզում ենք, որ մարդկությունն առաջընթաց ունենա, տղամարդիկ պետք է պաշտպանեն կանանց շահերը, կանայք պաշտպանեն տղամարդկանց շահերը, քրիստոնյաները՝ մահմեդականների, մահմեդականները՝ քրիստոնյաների, սպիտակամորթները՝ սևամորթների, սևամորթները՝ սպիտակամորթների, ուկրաինացիները՝ ռուսների, ռուսները՝ ուկրաինացիների, հայերը՝ ադրբեջանցիների, ադրբեջանցիները՝ հայերի և այսպես կարելի է անդադար շարունակել։ 

Միակ կատեգորիան, որ բոլոր կողմերը պետք է միավորվեն ու իրավունքները պաշտպանեն, երեխաներն ու ծերերն են։ Պատրա՞ստ ենք սրան ընդհանրապես, գիտակցո՞ւմ ենք դա, թե՞ ոչ։ 

Դժվար ճանապարհ ունենք անցնելու, որովհետև մենք մտածում ենք առաջին հերթին սեփական իրավունքների, սեփական շահերի մասին, բայց այդպես չի լինում։ Առաջին հերթին թույլը պետք է պաշտպանված լինի։ 

Մի ժողովուրդ, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը, մոռանում է Մարիամ Մագդաղենացու պատմությունը և Քրիստոսի խոսքը՝ ով անմեղ է, թող առաջինը քարը գցի։ 

Իսկ մենք մեղադրանքներ է, որ ներկայացնում ենք բոլորին։ Մեր չորսբոլորը մեղավոր են՝ սկսած մեր շրջապատից, լինեն մարդիկ, որ ունեն ուրիշ հայացքներ, վերջացրած մեր հարևաններով, ուրիշ երկրներով։ 

Բոլորը մեղավոր են, բացի մեզնից։ Այստեղ մենք իսկապես մեծ խնդիր ունենք, որովհետև իրականում մինչև հիմա չենք կարողանում նկարագրել այն արժեքային համակարգը, որն ուզում ենք որդեգրել, և չենք որոշում, թե այդ արժեքային համակարգի մեջ ինչն է տեղավորվում, ինչը չի տեղավորվում։ 

Մինչև մենք սա չանենք, և չանենք բոլոր մակարդակներում, որպեսզի սրա մասին դպրոցներում խոսվի, գրականությունում, ֆիլմերում, հաղորդումներ լինեն հատուկ, ոչինչ չի փոխվի։ 

Թե չէ այնպիսի տպավորություն է, որ մենք արժեքներ ենք ցույց տալիս հիմնականում օտարների, Եվրոպայի աչքին թոզ փչելու համար։ Եթե մենք իսկապես դա ենք ուզում, ապա դա պետք է դարձնենք իսկապես կենցաղ։ Ես այդքան էլ ակտիվ չեմ Ֆեյսբուքում, բայց տեսնում եմ, որ Հանրային խորհրդի անդամներ են ելույթ ունենում, ԱԺ պատգամավոր է ելույթ ունենում զոհին մեղադրելու դիրքերից, ինչը խայտառակություն է։ 

– Հատկապես որ իշխող քաղաքական ուժը հայտարարում է, որ դեմ է բռնությանը, և հանկարծ իր խմբակցության պատգամավորներից մեկը հայտարարում է՝ իսկ այդ մահացող կինը հե՞չ մեղք չուներ։

– Նախ՝ սկսենք նրանից, որ մեղավոր է մարդը, թե ոչ՝ կարող է որոշել միայն դատարանը։ Բռնությունը ոչ մի պարագայում չի կարող արդարացվել, եթե նույնիսկ այդ բռնությունը գործադրվել է մեղավոր մարդու հանդեպ։ 

Բռնությունը հանցագործի, գողի, մարդասպանի հանդեպ։ Կա դատարան, կա ազատազրկում։ Բայց այս պարագայում նույնպես ենթադրվում է, որ չի կարելի ստորացնել մարդուն, չի կարելի մարդու առողջությանը, առավելևս՝ կյանքին վնաս պատճառել։ Հետո զարմանում ենք, թե ինչո՛ւ է բանակում այսպիսի վիճակ, որովհետև սրանք մեր հանրային մոտեցումներն են։ 

Մենք իրավունք չունենք թաքցնել այս հիվանդությունը, որովհետև թաքցրած հիվանդությունը հնարավոր չէ բուժել։ Իսկ բուժումից առաջ պետք է ճիշտ ախտորոշել։ Մեր հասարակության որոշակի մասը հիվանդ է, և այդ հիվանդությունը բուժել է պետք։ 

Իսկ ով չի ուզում բուժվել, նա պետք է ենթարկվի օրենքի ամենախիստ պահանջներին՝ որպես ատելություն ու բռնություն քարոզող։ Ես ուրիշ ճանապարհ չեմ տեսնում։ Բայց կրկնեմ՝ այստեղ միայն մեկ քայլով հարցը չի լուծվում։ Կրթական, մշակութային և իրավական ճանապարհներով է պետք լուծել։ Այս երեքը միասին պետք է լինեն, եթե մի կողմը կաղալու է, անարդյունավետ է լինելու։

Մանե Հարությունյան