Կրթություն. Բոլոնյան բարեփոխումները Հայաստանում դոփում են տեղում

08-05-2015
261 դիտում
Կրթություն. Բոլոնյան բարեփոխումները Հայաստանում դոփում են տեղում

Թեպետ 2005 թ.-ից Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում ընթանում են բոլոնյան բարեփոխումները, այնուամենայնիվ շատերն անգամ հստակ պատկերացում չունեն դրանց մասին: Փորձագետների կարծիքով՝ ռեֆորմների մասին ամբողջական պատկերացում չունեն ոչ միայն ուսանողները, այլև պրոֆեսորադասախոսական կազմը:

«Հիմնական խնդիրն այն է, որ բոլոնյան ազատական կրթական համակարգի ռեֆորմները Հայաստանում փորձում են իրականացնել վերևից ներքև սկզբունքով, ինչը հակասում է հենց ռեֆորմների ոգուն», - հայտարարեց փորձագետ Սամվել Կարաբեկյանը՝ հավելով, որ ուղղահայաց մոտեցման պատճառով բարեփոխումները անհասկանալի են շատերի համար: «Բարեփոխումները չեն հասել լսարան», - կարճ հավելեց նա:

«2005-ից ընթացող բոլոնյան ռեֆորմների ազդեցությունը ՀՀ բարձրագույն կրթության զարգացման վրա» թեմայով փորձագետներ Սամվել Կարաբեկյանի, Հրանուշ Խառատյանի, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս Արևիկ Անափիոսյանի և Հայաստանի ուսանողական ասոցիացիայի ներկյացուցիչ Էրիկ Վարդանյանի մասնակցությամբ «Մեդիա կենտրոնում» մայիսի 7-ին տեղի ունեցավ քննարկում:

Ըստ Կարաբեկյանի՝ բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների կառուցվածքային և բովանդակային ասպեկտների մասին հստակ պատկերացում չկա նաև բուհերում իրականացվող սխալ տեղեկատվական քաղաքականության պատճառով:

«Բացի ճիշտ իրականացվող տեղեկատվական աշխատանքից՝ բուհերը պետք է ունենան ինքնավարություն, ինչի մասին շատ ենք խոսում: Սակայն բուհերի ներսում ոչ մի ինքնավարություն էլ չկա: Այսպիսով մենք իրականացնում ենք մի բարեփոխում, որը չունի համապատասխան աջակցություն, իրականացվում է այն մեթոդներով և միջոցներով, որոնք հակասում են բարեփոխումների գաղափարին», - նշեց փորձագետը:

Փորձագետները կարևորում են բոլոնյան կրթական համակարգի ամբողջական ներդրումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ինտեգրվել եվրոպական կրթական տարածքին: Տվյալ համակարգը բերում է նաև իր հետ նոր կրթական կառուցակարգեր և բովանդակություն:

«Այժմ մենք ունենք նոր կառուցակարգեր, որոնք, ըստ ընդունված փաստաթղթերի, ներդրված են և նորմալ գործում են: Իրականում այդ կառուցակարգերը դեռ չունեն բովանդակություն: Ընդհանրապես այս համակարգի հաջողությունը կախված է պրոֆեսորադասախոսական կազմից, որն այսօր կտրված է գիտական աշխատանքից և վերապատրաստման կարիք ունի», - նշեց Հրանուշ Խառատյանը՝ հավելելով, որ Հայաստանում հին կրթական համակարգն արդեն գոյություն չունի, իսկ նորը դեռ չի ստեղծվել:

Կրթական բորեփոխումը, նշում է Խառատյանը, չի կարող արագ արդյունք տալ. ժամանակ է պետք: «Կրթական ռեֆորմը չի կարող արագ արդյուքն տալ և արագ ներդրվել, քանի որ կապ ունի մարդկային ռեսուրսների հետ: Օրինակ՝ գիտնականին կայանալու համար անհրաժեշտ է 20 տարի», - հավելեց փորձագետը՝ նշելով բարեփոխումների իրականացման թերություններն իրենց զգացնել կտան բոլոր ոլորտներում՝ սկսած կրթությունից մինչև տնտեսություն և պետության ընդհանուր զարգացում:

Բարեփոխումների հիմնական նպատակը, ըստ Արևիկ Անափիոսյանի, կրթության պատվիրատուին՝ ուսանողին, որակյալ կրթություն տրամադրելն է, որպեսզի նա մրցունակ լինի աշխատաշուկայում: «Իսկ դրա համար դասախոսներին պետք է տրամադրել համապատասխան մեթոդաբանություն, որ կօգնի ապահովել նաև կրթական նոր բովանդակություն: Այժմ բուհերում դասախոսների մեծ մասը հիմանականում զբաղված է բուն կրթական գործընթացով: Նրանց համար չեն ապահովված պայմաններ, չի հատկացված ժամանակ սեփական զարգացման և գիտությամբ զբաղվելու համար», - պարզաբանեց նա:

Էրիկ Վարդանյանը ևս փաստեց, որ ուսանողների մեծ մասը հստակ պատկերացում չունի, թե ինչ է բոլոնյան կրթական համակարգը: Այդ եզրակացությանը նա եկել է Հայաստանի ուսանողական ասոցիացիայի վերջերս անցկացրած հետազոտության արդյունքում: «Հետազոտության շրջանակներում մենք հարցում անցկացրեցինք ուսանողների շրջանում: Պարզվեց, որ մեծ մասը մակերեսային և ընդհանրական պատկերացում ունի այդ համակարգի մասին», - տեղեկացրեց Վարդանյանը:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր