«Դպրոցը դարձնում են թիրախ՝ երեխաներին ստիպելով աղոթք անել». Փորձագետները մտահոգված են տարրական դպրոցներում ներդրված առարկայով

01-02-2016
8616 դիտում
«Դպրոցը դարձնում են թիրախ՝ երեխաներին ստիպելով աղոթք անել». Փորձագետները մտահոգված են տարրական դպրոցներում ներդրված առարկայով

Հայաստանի հանրակրթական շուրջ 50 դպրոցներում 2-4-րդ դասարաններում փորձարարական կարգով ներդրված «Հայոց եկեղեցու պատմություն» (Քրիստոնեական կրթություն) առարկան մտահոգություն է առաջացրել մասնագետների ու ծնողների շրջանում:

Շուրջ երկու տարի առաջ ներդրված ծրագրին ներկայումս մասնակցում է մոտավորապես 3000 աշակերտ: Կրթության ոլորտի պատասխանատուները չեն բացառում, որ ծրագիրը հետագայում կներդրվի բոլոր դպրոցներում: Ծրագրի վերաբերյալ ժամանակին մտահոգություն էր հնչեցրել նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

«Ես կողմ չեմ, որ իմ երեխան այդ տարիքում քրիստոնեական բարոյագիտություն ուսուցանի: Իրականում դա ծանրաբեռնում է տարրական դասարանում սովորող երեխային, ազդում այլ առարկաները սովորելու գործընթացի վրա»,- «Մեդիալաբին» ասում է Ռուզան Մարգարյանը, ում որդին սովորում է երկրորդ դասարանում և այս ծրագրի շահառուներից է:

Մարգարյանը նշում է, որ ինքը դիմել է ուսուցիչներին, դպրոցի տնօրինությանը, սակայն որեւէ հստակ պատասխան, թե ինչո՞ւ են որոշել այդ տարիքի երեխաների համար նման առարկա ներդնել չի ստացել: Ծնողը նման առարկայի դասավանդումը քարոզչություն է համարում:

Սոցիալական մանկավարժ, կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանը, ով առարկայի վերաբերյալ հետազոտություն է իրականացրել ու զեկույց հրապարակել, ասում է, որ առաջին հերթին այդ տարիքի երեխաների համար հղկված չէ առարկայի բովանդակությունը: Երկրորդը, նրա խոսքով, դա հակիրճ կրկնություն է, քանի որ հետագայում՝ ավելի բարձր դասարաններում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերին նույն ծրագրերը դասավանդվում են:

«Քանի որ դասավանդման նպատակը հստակ չէ, բնականաբար թեմաներն էլ նորմալ կարգավորված չեն, ոչ մի մանկավարժական սկզբունքի վրա ձևավորված չեն այդ թեմաները: Անհասկանալի է, թե այդ թեմաներն ինչ նպատակ են հետապնդում, արժեքային համակարգ չեն ձևավորում, բովանդակային առումով նպատակը ճիշտ դրված չէ»,- «Մեդիալաբին» ասում է մասնագետը:

Արմինե Դավթյանի խոսքով, կա նաև գիտականության խնդիր, կան թեմաներ, որոնք երեխային որպես հեքիաթ ներկայացնելով՝ խախտվում է գիտականության սկզբունքը:

«Աստվածաշնչյան պատմությունները մի քիչ ավելի խնդրահարույց են այն տեսակետից, որ այնտեղ  հակասական բաներ կան, պետք է ճշտվի, ինչ ենք մատուցում, ինչի համար ենք դա մատուցում երեխային»,- «Մեդիալաբին» ասում է Դավթյանը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հստակեցնում է՝ առարկայի շրջանակներում քրիստոնեական բարոյագիտություն է քարոզվում, ոչ թե քրիոստոնեություն: Նրա խոսքով, արդյունքները կամփոփեն և մասնագետների հետ համատեղ կորոշեն՝ շարունակել ծրագիրը, թե ոչ:

«Հասարակական հատվածում կա ինչ-որ մարդկանց խումբ, որոնք իրենց աշխարհայացքով են մոտենում այս խնդրին: Բացարձակ կրթական չեմ գնահատում ես իրենց կարծիքը, և այս ծրագիրն էլ բարցարձակ  քարոզչական չէ»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտյանը:

Նա նշում է, որ եթե մի խումբ մարդիկ դեմ են, որպեսզի հանրակրթական դպրոցներում առհասարակ դաստիարակություն, բարոյագիտություն, հայ ժողովրդի անբաժան մաս կազմող եկեղեցու պատմություն դասավանդվի, դա իրենց խնդիրն է:

«Սա այն հարցն է, որտեղ նախարարությունը մեկ մտահոգություն ունի՝ ինչպես անել, որ բարելավվի դասավանդման որակը: Նույն  հասարակական սեկտորը նաև երբեմն բարձրացնում է նախնական զինվորական պատրաստվածության առարկայի հետ կապված հարցը: Ես ուզում եմ հավատալ, որ իրենք իրոք հավատում են նրան ինչ որ ասում են, բայց ակնհայտ է, որ մի քիչ էլ ուրիշ ենթատեքստեր կան այս ամեն ինչում»,- նշում է Աշոտյանը:

Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մեկ բառով՝ «խայտառակություն» է որակում այս դասընթացի ներդնումը:

«Հատկապես այդ տարիքի երեխաների համար ցանկացած կրոնական դաստիարակություն շատ վտանգավոր է, որովհետև երեխայի հոգեբանությունը կարող է աղճատվել այդ միստիկ զանազան պատմություններով»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Նա նշում է, որ տարրական դասարանում սովորող երեխան պետք է մեծանա, օրինակ, Աղայանի ու Թումանյանի ստեղծագործությունները կարդալով, որոնք իրենցից բարոյականություն են ներկայացնում:

«Հայ Առաքելական Եկեղեցու բարոյականությունն աշխարհում միակ բարոյականությունը չէ, սա միակողմանի բարոյականություն է: Շատ վտանգավոր բան է դա, բավական չէր «Հայ եկեղեցու պատմությունը», հիմա էլ ավելի փոքր տարիքից են երեխաներին նման դաստիրակություն տալիս»,- նշում է նա:

Նելլի Գրիգորյանը, ում դուստրը սովորում է չորրորդ դասարանում, ասում է, որ սկզբում մտահոգված էր, երբ լսեց, որ նման առարկա է դասավանդվելու դպրոցում: Այսօր, սակայն, գոհ է:

«Սկզբում բազմաթիվ մտահոգություններ ունեի. Ինչպես կմատուցվի առարկան, ով կդասավանդի, ինչպես երեխան կընկալի...Բայց հիմա, երբ երեխաս տուն է գալիս ոգևորված ու ներկայացնում է այն, ինչ են անցնում այդ առարկայի շրջանակներում, ես հասկանում եմ, որ միգուցե արժեր ներդնել այդ առարկան: Գուցե ավելի վաղուց մենք պետք է երեխաների մեջ քրիստոնական դաստիարակություն սերմանենք»,- «Մեդիալաբին» ասում է Նելլի Գրիգորյանը:

Նա ասում է, որ առարկան իր երեխային լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի տալիս:  

Արմինե Դավթյանն արձանագրում է, որ քրիստոնեական կրոնական պարտադիր ուսուցումը ներմուծելով՝ խախտվում ՀՀ կրթության մասին օրենքը, ըստ որի՝ արգելվում է առանց ծնողների համաձայնության երեխայի կրոնական համոզմունքների վրա պլանաչափ ու պարտադիր ազդեցությունը:

«Տարրական դասարաններում ներմուծված առարկան նախ իր երկանվանությամբ, ըստ որի նախ այն «Հայոց եկեղեցու պատմություն» շարքից է, ապա «Քրիստոնեական կրթություն», ներկայացնում է միջին դպրոցում «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի 5-6-րդ դասարանի նյութերի բովանդակային կրկնություն, որը դարձնում է երեխայի համար կրոնական ուսուցումը պլանաչափ պարտադրվող, իսկ հոգեբանամանկավարժական տեսանկյունից` ձանձարալի»,- ասում է նա:

Մասնագետն առաջարկում է առարկան ենթարկել խիստ փորձաքննության: Նա ասում է, որ ակնհայտ է՝ եկեղեցին այսօր մտել է դպրոց, նաև հանրակրթական դպրոց է ղեկավարում:

«Եթե նպատակը դիտարկենք, նշանակում է, որ տվյալ կրոնական կազմակերպությունը նպատակ ունի իր կրոնական քարոզչության հավանական թիրախը դարձնելու հանրակրթությունը՝ օգտվելով նրանից, որ ինքը հովանավորում է այդ կառույցը: Նույնը անում են նաև բանակում, զինծառայողների նկատմամբ հավատաքննության ու հավատափոխության աշխատանքներ են տարվում: Դա արվում է պետական քաղաքականության միջոցով, այնինչ իրենք դատապարտում են այլ կրոնական կազմակերպությունների նմանօրինակ պահվածքը: Այսինքն՝ իրենք իրենց հակասում են, ասում են՝ հոգեորսություն չի կարելի, բայց իրենք ըստ էության դպրոցը դարձնում են թիրախ՝ երեխաներին ստիպելով աղոթք անել»,- ասում է նա:

Արմինե Դավթյանը նաև արձանագրում է, որ  Հայ Առաքելական Եկեղեցու կողմից մարդկանց՝ դավանանքի իրավունքը խախտվում է, ծնողին չեն հարցնում՝ ուզում է, որ իր երեխան նման առարկա ուսումնասիրի, թե ոչ: Աշակերտներն էլ, ծնողների գլխավորությամբ, թաքցնում են, որ այլ կրոն են դավանում, որպեսզի, ինչպես տարածված է, ծաղրուծանակի չենթարկվեն:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, իրավունքների խախտմանն անդրադառնալով, ասում է, որ աշխարհիկ պետությունն ունի իր Սահմանադրությունը, որի համապատասխան հոդվածը հստակ բանաձևում է, որ հայ ժողովուրդը ճանաչում է Հայաստանյանց Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը՝ ազգային ինքնության պահպանման, հոգևոր մշակութային ժառանգության գործում:

«Հիմքը այս ծրագրի հենց դա է: Մենք Սահմանադրությամբ ենք ճանաչել եկեղեցու բացառիկ առաքելությունը ազգային ինքնության պահպանման մեջ: Խոսքը չի գնում քրիոստոնեության տարածման, խղճի ազատության սահմանափակումների մասին»,- նշում է նախարարը:

Ավետիք Իշխանյանը հիշեցնում է մեծ վիպասան Րաֆֆու խոսքերը:

«Ժամանակին Րաֆֆին ասել է՝ եթե մենք այսպես շարունակենք, ոչ թե ազգ են լինելու, իսկ ազգը բազմազան է՝ իր բազմազան կրոններով ու եկեղեցիներով, այլ մենք կդառնանք մի կրոնական աղանդ, որն իր միակ պաշտպանությունը գտնում է եկեղեցու մեջ: Նա ասում է, որ այդպիսի ազգի համար չարժե աշխատել, որովհետև նա կոչնչանա իր իսկ եկեղեցու մեջ, որովհետև բացի եկեղեցունց նա այլ աշխարհայացք չունի: Մենք կարծես վերադառնում ենք այդ շրջանին, մենք մեզ դաձնում ենք ոչ թե ազգ, այլ վերածվում ենք կրոնական աղանդի՝ երեխաներին այդպիսի կրթություն տալով»,- ասում է Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

Լուսանկարը`http://www.armenianchurch.org/ 

© Medialab.am