«Որոշել եմ այնպես ցավեցնել Սերժ Սարգսյանին, որ ծպտուն հանի». Անահիտ Բախշան

13-05-2016
2393 դիտում
«Որոշել եմ այնպես ցավեցնել Սերժ Սարգսյանին, որ ծպտուն հանի». Անահիտ Բախշան

Վերջերս  մի առիթով ասել եմ.«Վա՜յ նրան, որ այսուհետ կնեղացնի մեր ժողովրդին: Դեռ չեմ որոշել՝ ինչ կանեմ, բայց հաստատ այնպես կցավեցնեմ, որ ծպտուն չկարողանան հանել»:

«Մեդիալաբ»-ի կայքում  մայիսի 7-ին  դրվել է Արթուր Սաքունցի հետ հարցազրույցը «Մարտիկ»  հիմնադրամի  գործունեության մասին, որը 2002-ին  հիմնել են  Սերժ  Սարգսյանն ու  Արթուր Աղաբեկյանը: Պարզվում է, ըստ  հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի, 1մլն դոլար կա հիմնադրամի հաշվեհամարի վրա, սակայն ոչ մի հաշվետվություն չկա այդ մասին:

Այս  հրապարակումից հետո որոշել եմ  այնպես ցավեցնել Սերժ  Սարգսյանին, որ  ծպտուն  հանի:

Բոլորս  հիշում ենք կոռուպցիան վերացնելու, «գլխից բռնելու», բյուջեի գրպանը մտնող «զզվելի»  մարդկանց մասին տարբեր տարիներին  Սերժ Սարգսյանի՝  բարկացած  տոնով  ասած  ածական բառերը, որով ուզում էր հասարակությանը  համոզել, որ ինքը կապ չունի  նրանց հետ, ինքը «լավն է, բարի  է», մյուսները՝  չար,  գող: Իհարկե  շատ լավ  էլ  հասկանում էինք ու հասկանում ենք, որ  առանց իր «դաբրոյի» ՀՀ-ում օրենքները չեն կարող շրջանցվել, ինչպես ցույց տվեց «Հրազդան ցեմենտ»-ի   փաստացի տիրոջ՝ ՎՏԲ   բանկի  օգտին  ԱԺ-ի    երեկվա  քվեարկությունը. մի բանկ, որը   դանդաղ գործող  միջուկային զենքի նման դրված է մեր տնտեսության մեջ:

Ահա «Մարտիկ»  հիմնադրամի  անհաշվետու  գործունեության  մասին այս նյութը  ուղղակիորեն պատռում է իր դիմակը, ապացուցում է, թե  ով է առաջին «զզվելին», ով է կանգնած կոռուպցիայի գլխին:   Փաստը, որ  օրենքով պահանջվող՝ հիմնադրամի ամենամյա  հաշվետվությունը  չկա  ԱԶԴԱՐԱՐ-ում,  ոչ մի  տեղեկություն փաստացի հրապարակայնացված չէ, հաշվեհամարի իրական գումարը հայտնի  չէ  և «Մեդիալաբ»-ի այս հրապարակումից  մի շաբաթ է անցել ու այն   հերքող   ոչ մի բացատրություն, ոչ մի փաստաթուղթ չի հրապարակվել, շատ խոսուն է:

Այս հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված է, որ  այդ գումարները  զինծառայողների կրթական, առողջապահական, սոցիալական խնդիրների լուծման համար են, այնինչ  այսօր  ծանր  վիրավոր  զինվորների ծնողները  կառավարությունից ու հայ ժողովրդից  գումար են  խնդրում  իրենց զավակների,  այն էլ մի հատիկ տղաների  հաշմանդամությունը թեթևացնելու համար: Սոցիալապես խիստ անապահով, ապրիլի 17-ին զոհված շուշեցի կամավորի  ընտանիքի 13 տարեկան որդու  փխրուն ուսերին է մնացել հիվանդ եղբոր բուժման բեռը.  նման բազմաթիվ   ընտանիքների շատ տխուր  օրինակներ   կան  մեր շուրջը, ովքեր շատ շտապ  կարիք ունեն օգնության:

Մի քանի օր առաջ  օֆշորի գոտում ՀՀ  37  քաղաքացու անուններ հրապարակվեցին, ովքեր  բիզնեսմեններ են, իրենց եկամուտները  դուրս են տարել ու պահել  ՀՀ հարկային դաշտից դուրս  գոտում, այսինքն՝ նրանց եկամուտները չեն հարկվել ՀՀ-ում: Սրանից էլ բացահայտ կոռուպցիա՞: Միհրան Պողոսյանը, որպես չինովնիկ   գտնվելով այդ ցուցակում, պարզ է, Սերժ Սարգսյանի ցուցումով, ավելորդ կրքեր չբորբոքելու համար, տվեց հրաժարական և դրանով փրկեց իր կաշին: Իսկ  որքանո՞վ   է  «Մարտիկ»  հիմնադրամի գործունեությունը  տարբերվում Միհրան Պողոսյանի ու մնացածների օֆշորային գործունեությունից: Հայաստանի  ժողովրդի համար՝  ոչնչով, սակայն  Սերժ Սարգսյանը  հրաժարական  այդպես էլ   չի  տալիս :

2  օր առաջ  ՀՀԿ-ականները, չգիտես ինչի հիման վրա, կուրծք էին ծեծում, թե  ժողովուրդը  համախմբվել է Սերժ Սարգսյանի շուրջը, բա չեք ամաչո՞ւմ, բա չեք  կարդացե՞լ   այս մասին Շիրակի թեմի  Սրբազանի  շուրթերով  արտաբերված  հասարակության հավաքական խոսքը: Ժողովուրդը  նրա շուրջը  երբե՛ք չի համախմբվել,  և հատկապես   այսօր, «Մեդիալաբ»-ի  այս հրապարակումից հետո,  երբե՛ք չի  համախմբվի:

Չգիտեմ՝   ինձ հաջողվե՞ց  ցավեցնել ՀՀ գործող նախագահին, թե՞  ոչ, բայց  հասարակության  պահանջն եմ ձևակերպում՝ ձա՛յն հանեք, հրապարակե՛ք  «Մարտիկ»  հիմնադրամի  գործունեության  մասին  հաշվետվությունը, հակառակ դեպքում դատարանում եք պատասխան տալու օրենքի պահանջը չկատարելու համար:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ