Ձմեռ պապիկի արկղը, հեքիաթն ու հեքիաթը ստեղծողները. «Ալամեզոն» Բլոգ

19-12-2016
2263 դիտում
Ձմեռ պապիկի արկղը, հեքիաթն ու հեքիաթը ստեղծողները. «Ալամեզոն» Բլոգ

Երբ Հայաստանում էի, չէի սիրում Նոր տարվա եռուզեռը, մի տեսակ արհեստական էր ինձ թվում տոնական «պարտադիր» սեղանը , նվերները, որ շատ հաճախ գտնում էինք ես և եղբայրս ` Ամանորից առաջ: Ավելի մեծ տարիքում էլ ավելի ատելի դարձավ ( աղջիկները կհասկանան ) 60 հատ «իդեալական» բլինչիկի շերտ, 5 կգ «Օլիվյե» աղցան կտրատել, բուդ, հավ , այսքանը կրել, կրել, կրել, բերել տուն...

Եվրոպայում տոն այլ կերպ են ընդունում. ոչ մի պարտադիր սեղան, ոչ մի հատուկ ուտեստ կամ պարտադիր տոնական հագուստ: Այս ամենի բացակայությունը տոնը այնքան յուրահատուկ է դարձնում: Քաղաքը լի  տոնական նուրբ, գեղեցիկ զարդարանքներով, որ երբեք չի հնանում: Դե իսկ տարբեր հաստատություններ իրենց հերթին սիրով և ոչ պարտադրված օգնում են, որպեսզի տոնը երեխաների համար լինի իրական  հեքիաթ:

Ֆրանսիայի քաղաքային փոստի  ` La poste  ի աշխատակիցը պատմում է.

- Այս գործին մոտենում ենք ամենայն լրջությամբ: Մեր բոլոր բաժանմունքներում կա Ձմեռ Պապիկի արկղը, որտեղ բոլորը կարող են գցել իրենց նամակը:

- Սա շատ բարի բան է, երեխան էսպես իրոք հավատում է հրաշքի, որ հենց Ձմեռ պապիկն է իրեն ուղարկում նվերը և պատասխան նամակը, -ասեցի ես

-Եվ դա իրոք էդպես է,- առանց կատակի ավելացրեց աշխատողը,- ոչ մի նամակ բաց չենք թողնում, այն ուղիղ գնում է Ձմեռ պապիկի քարտուղարներին, բոլոր նամակներին պատասխանում ենք և հնարավորինս բոլորին փորձում խրախուսական մի բան ուղարկել

Չնայած արդեն վաղուց դուրս եմ եկել մանկական տարիքից, բայց այնքան հուզվեցի, մի տեսակ հուզմունքից սիրտս նվաղեց: Այնքան հուզիչ էր այդ ամենը: Եվ իսկապես, ոչ միայն ֆրանսիական փոստը,  այլև քաղաքապետարանները, հանրային այլ ոչ կոմերցիոն վայրերը լի են Ձմեռ պապիկի արկղերով, իրական ակցիաներով, եւ Ամանորին ընդառաջ Ալզասի իմ փոքր անկյունում ես տեսնում եմ, թե օդը ինչպես է քիչ-քիչ լցվում հեքիաթով ու հեքիաթի սպասումներով:

Հայաստանում, ընկերներիս նկարներում ևս հանդիպեցի նմանատիպ բարեգործական ակցիաների: Էլի հուզիչ է, թեեւ այդ ամենը ի տարբերություն Ֆրանսիայի ոչ թե կառավարություն, այլ անհատներն են կազմակերպում: Մարդիկ չեն ընկճվում, փորձում են իրենց փոքր հնարավորություններով փոքր հրաշք ստեղծել այն երեխաների համար, ովքեր վաղուց միգուցե մոռացել են, թե հեքիաթն ինչ է:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog