Ալիևը Ռուսաստանից ավելի շատ վտանգ է տեսնում ու ամեն ինչ կանի հարաբերությունները չփչացնելու համար. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը չի կնքվելու «3+3» ձևաչափում: «Դա այն չէ, ինչ արվելու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակում, դա արվելու է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով»,- ասել է նա։ Ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի ուզում, որ այս ձևաչափում այդ հարցը քննարկվի:

– Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ այս ձևաչափում այլ խնդիրներ են քննարկում, այլ ոչ թե այն, ինչ քննարկվում է արևմտյան ձևաչափերում, ադրբեջանական կողմի ասածն էլ, կարծում եմ, այս տրամաբանության շրջանակում է: 

Բացի այս՝ ես բազմիցս եմ ասել, որ Ադրբեջանն այս փուլում շահագրգռված չէ որևէ ձևաչափի շրջանակներում որևէ թղթի ստորագրմամբ, որովհետև Ադրբեջանը փաստացի մարսում է իր ագրեսիվ վարքը: Նա չի տեսնում նույն Արևմուտքի կողմից որևէ իրական քաղաքական գնահատական, որևէ իրական վտանգ, դրա համար էլ կարող է հանգիստ մերժել այդ հանդիպումները, կա՛մ ժամանակ ձգել, կա՛մ գին բարձրացնել՝ փորձելով ինչ-որ նախապայմաններով հասնել այդ հանդիպմանը, այսինքն՝ այդ գործընթացն է հիմա գնում: 

– Հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը չեղարկվել է Ալիևի կողմից, ինչպես հայտարարել է ՀՀ արտգործնախարարը: Ձեր ասած տրամաբանությունից ելնելո՞վ է Ալիևը հրաժարվել մեկնել հանդիպման:

– Ադրբեջանը բացահայտ կերպով, իշխանական տարբեր քարոզիչներով ցույց է տալիս, որ այլևս շահագրգռված չէ արևմտյան ձևաչափերով, որովհետև ստացել է այն, ինչ պետք էր: Արևմտյան ձևաչափերով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ու դրա միջոցով Ադրբեջանն ամբողջությամբ փոխեց Արցախի հիմնահարցի էությունն ու գնաց գործողությունների՝ հայաթափելով Արցախը: 

Այդ ամբողջն Ադրբեջանին տվեց գործիքակազմ ու Արևմուտքի այդ թյուր մոտեցումը, որ եթե Արցախի հարցը օրակարգում չլինի, ապա Ալիևը կգա ու թուղթ կստորագրի: Ժամանակը ցույց տվեց, որ սխալ կարծիք էր, որը մեզ շատ թանկ արժեցավ: 

Ադրբեջանն էլ տարածաշրջանում «արդարացրել» է ուժի սպառնալիքի կիրառումը, չի պատժվում դրա համար ու դրան զուգահեռ շարունակում է պետական մակարդակով ատելության քարոզը: Այս ամենն ընդհանրապես չի գիտակցվում կամ թերի է գիտակցվում արևմտյան շրջանակներում, դրա համար էլ Ալիևն իրեն հարմարավետ է զգում մերժել այդ ձևաչափերով հանդիպումները կամ ուղղակի ժամանակ ձգել: 

– Տիկի՛ն Հայրապետյան, կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը հիմա է՛լ ավելի շատ հակված է ռուսական հարթակում բանակցությունների, թե՞ ընդհանրապես բանակցությունների հակված չէ:

– Համենայնդեպս, նա Ռուսաստանից ավելի շատ վտանգ է տեսնում ու ամեն ինչ կանի Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար, իսկ Արևմուտքից որևէ իրական վտանգ չի տեսնում:

– Որո՞նք են Ռուսաստանից այդ վտանգները:

– Տարբեր, թեկուզ, եթե ռուսական գազը չմատակարարվի Ադրբեջան, ինքը չի կարողանալու Արևմուտքին խոստացված գազի ծավալներով ապահովել: Այս ընթացքում Ալիևը բազմաթիվ այցեր է կատարել Միջին Ասիա, որպեսզի փորձի Ղազախստանից գազի պաշարներով ապահովել ու դա Արևմուտքի համար օգտագործել, բայց այդ գործարքները չեն կայանում, ու Ալիևը դրա մասին խոսել է, ուստի Ռուսաստանն իր համար նաև հնարավորություն է Արևմուտքին տված իր խոստումները կատարելու հարցում:

– «3+3»-ի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը մեծ հաշվով լուծված է, համակարծի՞ք եք:

– Չի կարող հակամարտություն գոյություն չունենալ, ուղղակի բոլոր միջնորդները փորձում են իրենց վրայից պատասխանատվությունը գցել՝ ամեն մեկն իր չափով, իսկ Ռուսաստանն այդ հարցում առաջամարտիկ է: Հենց Ռուսաստանն էր կանգնած Արցախում, երբ տեղի էր ունենում ադրբեջանական հարձակումը, սա խնդիրները կոծկելու ձև է: 

Ստեղծված նոր ստատուս քվոն հարմար է Ադրբեջանին ու Ռուսաստանին, որովհետև նրանք այս կերպ հարցերը երկկողմ են լուծում, դրա համար էլ ռուս խաղաղապահները մնացել են, ինչն էլ բացառում է միջազգային ներկայացվածություն այդ տարածաշրջանում: Եթե չկա միջազգային ներգրավվածություն, բնականաբար, հայերի վերադարձը հնարավոր չի դառնում, որովհետև տեսանք, թե ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում ինչ է կատարվում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am