«Վերարտադրողականության ցուցանիշը բարձր է, ինչը վկայում է, որ քովիդի դեպքերը գնալով ավելանալու են». Մերի Տեր-Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, այսօր արդեն կորոնավիրուսի դրական դեպքերի թիվը անցել է 1100-ից, մահերի թիվը օրական կազմում է 20-25, մյուս կողմից՝ համեմատաբար քիչ են առողջացածները: Ընդհանուր առմամբ, համաճարակային իրավիճակն այժմ ինչպե՞ս եք գնահատում:

– Իրավիճակը, իհարկե, լարված է, որովհետև աճող թվերը խոսում են վարակի ինտենսիվ տարածման մասին, վերարտադրողականության ցուցանիշը բարձր է՝ 1,3-1,6, այսինքն՝ մեկ մարդը վարակում է մինչև 1,5 առողջ մարդու: Սա խոսում է  համաճարակային պրոցեսի ինտենսիվ ընթացքի մասին և վկայում է, որ դեպքերը գնալով ավելանալու են:

– Վերջին օրերին պատվաստումների որոշակի աշխուժացում է նկատվում: Այս առումով հնարավո՞ր է, որ առաջիկա շաբաթների ընթացքում իրավիճակի դրական փոփոխություն լինի:

– Այս պատվաստումների արդյունքը մենք կտեսնենք 1,5-2 ամիս հետո, որովհետև անհրաժեշտ իմունիտետ առաջացնելու համար մեզ պետք է երկրորդ դեղաչափից հետո առնվազն երեք շաբաթ ևս անցնի, որպեսզի պատվաստված մարդն ունենա պաշտպանվածություն:

Իսկ հիմա այս լարված համաճարակային իրավիճակում ոչ լիարժեք պատվաստվածի վարակվելու հավանականությունը նույնպես մեծ է:

– Դելտա շտամն է հիմա Հայաստանում ավելի շատ տարածվում: Ի՞նչ են ցույց տալիս ուսումնասիրությունները:

– Ճիշտն ասած, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խոստացել է, որ Հայաստանի վերաբերյալ ավելի մանրամասն ուսումնասիրություն կտրամադրի: Ես Հայաստանի տվյալներին լիարժեք չեմ տիրապետում, բայց աշխարհում դելտա շտամի ինտենսիվ տարածումը վկայում է այն մասին, որ, այսպես կոչված, ճողոպրող վարակն ավելի վտանգավոր է, ինչը նշանակում է, որ հիվանդացածի կամ պատվաստվածի մոտ հիվանդանալու հավանականությունը դելտա շտամի դեպքում բավականին ավելի բարձր է, քան ալֆա, բետա և գամմա շտամների դեպքում:

Այսինքն՝ դելտա շտամը կարող է հաղթահարել արդեն հիվանդացած մարդու մոտ առկա պաշտպանվածությունը և գրանցել կրկնավարակ:

– Այս հակապատվաստումային արշավը որքանո՞վ է այս գործընթացին խանգարում: Շատերը նշում են՝ ի՞նչ կարիք կա պատվաստվելու, եթե վարակվել, առողջացել եմ և ունեմ հակամարմիններ: Մարդիկ ուզում են այս հարցերի պատասխաններն ստանալ մինչև պատվաստվելը: Ի՞նչ պետք է անի առողջապահության համակարգը՝ այս արշավին դիմակայելու համար:

– Նախ՝ առողջապահության համակարգը և բժիշկներն իրենց անձնական օրինակով պետք է ցույց տան: Ցանկացած զարգացած երկրում առաջին հերթին պատվաստվել է բուժանձնակազմը և՛ որպես առաջնագծի աշխատողներ, և՛ որպես պատվաստումային գործընթացի մասին ավելի իրազեկված և ավելի մեծ վստահություն ունեցող մարդիկ: Ցավոք սրտի, մեր բուժանձնակազմի մոտ տարակարծությունները շատ են:

Մենք հիմնվում ենք ապացուցողական բժշկության տվյալների և մեր ունեցած փորձի վրա: Մեր ունեցած փորձը վկայում է այն մասին, որ եթե վարակի դեմ կա պատվաստում, ապա վարակը դառնում է կառավարելի, և եթե ունենում ենք որոշակի պատվաստումային ընդգրկվածություն, ավելի հեշտ ենք դուրս գալիս լարված համաճարակային իրավիճակից: Այստեղ նոր հեծանիվ հայտնաբերել պետք չի: Ուղղակի պետք է ուսումնասիրելով փորձը՝ նպաստել պատվաստումային գործընթացին:

– Մեզ մոտ կան բժիշկներ, որոնք իրենք են մասնակցում հակապատվաստումային արշավին: Անգամ տարածում են որոշ ռուս բժիշկների ելույթներ: Սա որքանո՞վ է խանգարում պատվաստումների ծավալմանը: Այստեղ մենք ինչի՞ հետ գործ ունենք:

– Այո՛, տեսել եմ, իսկ ինչո՞ւ չեն տարածում հակափաստարկները, որոնք տպագրված են հեղինակավոր ամսագրերում: Ես՝ որպես մասնագետ, նայում եմ այս թեմայով ազդեցության գործակից ունեցող հրապարակումները, հոդվածները, որոնք վկայում են, որ այսօր առկա պատվաստանյութերը ունեն արդյունավետություն:

Արդյունավետությունը տարբեր տարիքային խմբերում տարբեր է, տարբեր ոլորտներում տարբեր է, բայց այն, որ այսօր  կարելի է կանխել ծանր դեպքերը և մահերը, արդեն իսկ պատվաստումային գործընթացն ապացուցել է: Մենք փորձում ենք ինքնուրույն գործընթացներ իրականացնել, որը ամեն օր տանում է 20-ից ավելի մարդկանց կյանք:

– Երեխաների շրջանում շա՞տ է դելտա շտամի տարածվածությունը:

– Այսպես դիտարկելով կարող եմ ասել՝ այո՛, ուղղակի երեխաների շրջանում ծանր ձևերն այդքան շատ չեն, որքան բարձր տարիքային խմբերում: Չնայած ուղեկցող հիվանդություններ  ունեցող երեխաները դառնում են ռիսկային, հատկապես շաքարային դիաբետի առկայությունը նպաստում է քովիդի ավելի ծանր ընթացքին, ինչին մենք ականատես եղանք, ցավոք սրտի:

– Մի կողմից ասում են՝ ուղեկցող հիվանդությունները բարդացնում են քովիդի ընթացքը, մյուս կողմից՝ առողջական խնդիրներ չունեցող մարդը վարակվում է և մահանում: Ստացվում է, որ վարակի զարգացումը շատ անհատակա՞ն է:

– Այդ իմաստով՝ այո՛, բայց կան նաև հստակ ռիսկի խմբեր, որոնք սահմանվել են և՛ ԱՀԿ-ի, և՛ Հիվանդությունների վերահսկման ԱՄՆ կենտրոնի կողմից: Ռիսկի խմբերը սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներն են, դիաբետ ունեցողներն են, արդեն մայիսից նաև հղիներն են ներառված ռիսկի խմբի մեջ, 65-ից բարձր տարիքային խումբն է շարունակում մնալ ռիսկային:

Դա չի նշանակում, որ ուղեկցող հիվանդություն չունեցողը միանշանակ թեթև է տանելու, բայց երբ  հարաբերական ռիսկը նայում ենք, այդ խմբերում ռիսկն ավելի մեծ է:

Մանե Հարությունյան

MediaLab.am