«Ընտրությունների ավարտից հետո մենք ականատես ենք լինում Դանիել Իոաննիսյանի նկատմամբ ՀՀԿ հաշվեհարդարին». Ավետիք Իշխանյան

10-04-2017
17687 դիտում
«Ընտրությունների ավարտից հետո մենք ականատես ենք լինում Դանիել Իոաննիսյանի նկատմամբ ՀՀԿ հաշվեհարդարին». Ավետիք Իշխանյան

Դպրոցների տնօրենների կողմից «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ դատարան հայց ներկայացնելու քայլը կազմակերպված է ՀՀԿ-ի կողմից, և դրանով Իոաննիսյանից հաշվեհարդար են տեսնում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հայտի է դարձել, որ նախընտրական շրջանում ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ Վարչական դատարան հայց են ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ՝ պահանջելով 2 մլն-ական դրամ փոխհատուցում ու հրապարակային հերքում:

Նախքան ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, Դանիել Իոաննիսյանի ղեկավարած կառույցը հրապարակել էր 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնք փաստում էին, որ տնօրենները ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրել:

Ընդ որում, կան փաստեր, որ դրանք արվել են վերադաս մարմինների հրահանգով, տնօրեններն այդ ցուցակները մարզպետարաններ ու այլ կառույցներ են ներկայացրել: Հրապարակումից հետո ՀՀԿ-ական գործիչներն ու տնօրենները հայտարարեցին, որ օրենքով արգելված չէ որևէ քաղաքական ուժի օգտին ցուցակ կազմելը, եթե այդ աշխատանքը կատարվում է աշխատանքային ժամերից դուրս: Ըստ տնօրենների՝ իրենք հենց աշխատանքային ժամերից դուրս են զբաղվել այդ գործով:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է, որ իր համար ի սկզբանե պարզ էր, որ տնօրենների համար այս բացահայտումն իրավական հետևանք չէր ունենալու:

«Հայաստանում մենք չունենք անկախ դատական համակարգ, և այն քաղաքական ուժը, որն ուղղորդել է տնօրեններին այդ ցուցակները կազմելու, այդ նույն քաղաքական ուժը չի պատժելու իր իսկ կողմից ուղղորդված տնօրեններին: Ես որևէ պատրանք չունեի, որ դրան կհետևեն ինչ-որ իրավական գործընթացներ: Բայց ինձ մի բան էր անհանգստացնում, որ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ կարող է հաշվեհարդար լինել: Եվ հիմա ընտրությունների ավարտից հետո մենք ականատես ենք լինում Դանիել Իոաննիսյանի նկատմամբ ՀՀԿ հաշվեհարդարին»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Նրա խոսքով՝ նախքան ընտրությունները, որքան էլ իշխանությունները վստահ լինեին իրենց ուժերի վրա, անհանգստանում էին ինչ-որ ընդվզումներով, դրա համար հանգիստ թողեցին Իոաննիսյանին մինչև ընտրությունների ավարտը: Տեսնելով, որ քաղաքական դաշտը հիմնականում համակերպվեց ու խաղաց իրենց խաղի կանոններով, և այդ տնօրենների հարցով ոչ մի քաղաքական ուժ մտահոգություն չարտահայտեց, իշխանությունները սլաքն ուղղվեցին Իոաննիսյանի դեմ:

«Տվյալ դեպքում դպրոցների տնօրենները նույնպես կատարում են գործիքի դեր, որովհետև նրանցից որևէ մեկը, ես համոզված եմ, ինքնուրույն չի որոշել դիմել դատարան: Ամեն ինչ կազմակերպված է քաղաքական վերնախավի՝ ՀՀԿ-ի կողմից, որը նույնացրել է իրեն պետության հետ»,- ասում է Իշխանյանը:

Ըստ նրա՝ նախքան այս բացահայտումներն էլ որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ կրթական և մյուս պետական հաստատությունների աշխատակիցների կողմից այդ գործողությունները Հայաստանում յուրաքանչյուր ընտրության ժամանակ կատարվել են:

«Ես դպրոցների տնօրեններին պաշտպանելու որևէ միտում չունենալով հանդերձ՝ վստահ եմ, որ դա նրանց անձնական նախաձեռնությունը չի եղել: Այդ գործողությունները նրանց պարտադրվել են վերևից: Այսինքն՝ ում նրանք ենթարկվում են, այդ կառույցներից է եկել հրահանգը: Այդ տնօրենները եթե այդ աշխատանքը չկատարեին, դժվար է ասել, թե նրանց ճակատագիրը հետագայում ինչ կլիներ»,- ասաց նա:

Ըստ իրավապաշտպանի՝ գուցե Հայաստանի հնազանդ դատաիրավական համակարգը փորձի կատարել իշխանությունների պատվերը և հօգուտ տնօրենների վճիռ կայացնել: Բայց միջազգային ասպարեզում, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ն հերթական անգամ պարտվելու է այս գործով:

Ըստ Իշխանյանի՝ ողջ քաղաքացիական  հասարակությունը չպետք է  ձեռքերը ծալած նստի, պետք է կանգնի Իոաննիսյանի թիկունքին և բոլոր  տեսակի պաշտապանության միջոցների դիմի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am