Ինչպես է «Գեոպրոմայնինգը» աղտոտում բնությունը երեք երկրներում

19-05-2017
16458 դիտում
Ինչպես է «Գեոպրոմայնինգը» աղտոտում բնությունը երեք երկրներում

«Գեոպրոմայնինգ»-ը թանկարժեք մետաղների հանքարդյունահանմամբ զբաղվող միջազգային կազմակերպություն է: Այն հիմնադրել է ռուս գործարար Սիման Պովարենկինը: Ընկերությունը գործում է Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում:

«Գեոպրոմայնինգ»-ը վնասել է այս երեք երկրների բնությունը` ոսկի ու այլ թանկարժեք մետաղներ արդյունահանելու ընթացքում, սակայն դրա տեղական մասնաճյուղերը համապատասխան տուգանքների չեն ենթարկվել` տեղական իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի շնորհիվ: Վերջիններս կամ չեն հետաքննում շրջակա միջավայրի աղտոտման խոշոր դեպքերը, կամ չեն հրապարակում ուսումնասիրության արդյունքները:

Կազրեթի, Վրաստան. օդի աղտոտում

Վրաստանի Բոլնիսի շրջանի Կազրեթի փոքր քաղաքում` Սակդրիսիի հանքավայրից 4 կմ հեռու, հանքաքարով բեռնված տասնյակ մեքենաներ ամեն օր հանքանյութ են տեղափոխում պղնձի վերամշակման մոտակա գործարան: Այդ ճանապարհին ամեն բան` երթևեկության նշանները, մեքենաների ջարդոններն ու գյուղական ավտոբուսների կանգառները ծածկված են փոշու հաստ շերտով:

Փոշու շերտը` տերևների վրա. Կազրթեի, Վրաստան / Ցիրա Գվասալիա, հոկտեմբեր 2016

Rich Metal Groups ընկերությունը, որն այս տարածքում ոսկի ու պղինձ է արդյունահանում, պարտավորված է ջուր ցանել ճանապարհներին` փոշին նվազեցնելու համար, սակայն տեղացիները պնդում են, որ ընկերությունը հազվադեպ է անում դա:

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը չի չափում օդում հանքանյութի մասնիկների պարունակությունը, հետևաբար` այս մասին տվյալներ չկան: Ընկերությունը նույնպես չի չափում այն` որպես սեփական դիտարկման մի մաս: Reach Metal Group-ի կողմից շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարությանը տրամադրված հաշվետվությունում նման տվյալներ չկան:

Ջրի և հողի աղտոտում

Սակդրիսիի բաց հանքը Կազրեթիում / Ցիրա Գվասալիա, հոկտեմբեր 2016

Աղտոտման այս դեպքը երեք օր անց արձանագրվել է շրջակա միջավայրի պաշտպանության վերահսկողության վարչության կողմից: Վարչության ներկայացուցիչները նույն օրն այցելել են պղնձի կոնցենտրատի վերամշակման գործարան, ինչպես նաև նմուշներ վերցրել Մաշավերա և Կազրեթուլա գետերից:

«Մաշավերա գետի աղտոտվածություն է գրանցվել Կազրեթուլա գետի հետ միախառնման վայրում` Չապալա գյուղի մոտ»,- գրված է արձանագրության տեքստում: Նմուշների ուսումնասիրությամբ պարզվել է, որ գետերի միախառնման վայրի մոտ ջրում ցինկի քանակությունը գերազանցել է Վրաստանի օրենքով սահմանված նորմը 220,4 անգամ, մանգանի քանակությունը` 479 անգամ, պղնձինը` 157,1 անգամ, իսկ երկաթինը` 36,4 անգամ: Արդյունքում սատկել են գետի ձկները:

«Ժամը 10:30-ին ես Բոլնիսի շրջանի Չապալա գյուղում էի: Մաշավերա գետի վրայի կամուրջն անցնելիս` գետափի երկայնքով սատկած ձկներ նկատեցի և սկսեցի հավաքել: Քանի որ ջուրը տարօրինակ գույն և սուր հոտ ուներ, ես կասկածեցի, որ ձկները ուտելի չեն, և դեն նետեցի: Գետափին տեսա մարդկանց, որոնք նույնպես հավաքում էին ձկները, և խորհուրդ տվեցի չուտել դրանք, քանի որ թվում էր, որ դրանք թունավորված են»,- ասել է ականատես Զուրաբ Լիպարտելիանին: Նա մեկն է երեք տեղացի ականատեսներից, որոնց նամակները կցվել են վերահսկողության վարչության արձանագրությանը:

«Ջրում ուժեղ թթվային միջավայրը կարող է բացասաբար անդրադառնալ կենսաբազմազանությանը տարբեր ձևերով, մասնավորապես` վնասել կամ վերացնել ձկան որոշ տեսակներ, նվազեցնել ձկան քանակությունը, վտանգել որոշ ձկնատեսակներ և այլն»,- գրված է արձանագրության մեջ:

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնությանը հասցված վնասը գնահատել է 1,078,187.96 լարի, որը հավասար է 452 000 դոլարին` այսօրվա փոխարժեքով:

Դատարանը մերժում է աղտոտման հետաքննության մասին տեղեկության տրամադրումը

2014թ-ի մարտի 21-ին Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության վերահսկողության վարչության այն ժամանակվա տնօրեն Իրակլի Մուկնիաշվիլին դեպքի մանրամասներն ուղարկել է դատախազ Գեորգի Բադաշվիլիին և խնդրել հետաքննություն սկսել:

Անցել է երեք տարի: 2016թ-ի հոկտեմբերին մենք հարցում ուղարկեցինք Վրաստանի դատախազություն` պարզելու, թե արդյոք հետաքննություն է սկսվել, իսկ սկսված լինելու դեպքում` որ փուլում է այն: Դատախազությունը պատասխանել է, որ պարտավորված չէ պատասխանել այդ հարցերին, քանի որ դրանք չեն համարվում հանրային տեղեկություններ:

Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարությունը տեղեկացրել է, որ տեղեկություն չունի շարունակվող որևէ հետաքննության մասին: Նախարարությունը մանրամասնել է միայն, որ այս գործով 2014թ-ին հարցաքննվել է իրենց աշխատակիցներից մեկը:

Դատախազության այս պատասխանի դեմ հայց է ներկայացվել դատարան, ըստ որի` պահանջվող տեղեկությունն առնչվում է շրջակա միջավայրին և համարվում է հանրային` համաձայն Վրաստանի օրենսդրության և Օրհուսի կոնվենցիայի: Թբիլիսիի դատարանը, սակայն, մերժել է հայցը` նշելով, որ այս տեղեկությունը դասակարգված չէ որպես հանրության համար հասանելի:

Դատախազությունը հայեցողական լիազորություն ունի` տրամադրելու տեղեկություն նախաքննության ընթացքում: Իրավաբան Սուլխան Սալաձեն, ով այս գործով դատարանում պաշտպանել է լրագրողներին, ասում է, որ նախկինում նմանատիպ տեղեկության տրամադրման դեպքեր եղել են: Նա հավելում է, որ այս դեպքում դատախազությունը ընտրողական մոտեցում է ցուցաբերում` չտրամադրելով տեղեկություն:

Դատական նիստերի ժամանակ դատախազության ներկայացուցիչ Անա Կապանաձեն մի քանի անգամ ասել է, որ եթե դատախազությունը տրամադրի տեղեկությունը, այն կվնասի որոշակի մարդկանց: Սալաձեի հարցին, թե հատկապես ում կվնասի այն, Կապանաձեն չի ցանկացել պատասխանել: «Չեմ կարող ասել, ես չեմ հետաքննել այս գործը»,- ասել է նա:

Սոթք և Ագարակ, Հայաստան

Հայաստանում «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Ագարակի պղնձամոլիբդենային գործարանը, որոնք ձեռք է բերել 2007թ-ին:

Սոթքի հանքավայրը համարվում է Կովկասի շրջանի ամենամեծ հանքավայրերից մեկը: Այն Սևանա լճից հեռու է 20-30 կմ: Հանքանյութը Սոթքից երկաթուղով տեղափոխվում է Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա (ավելի քան 200 կմ): Արարատում հանքաքարը փոշիացվում է, ապա կորզվում է ոսկին` ցիանիդի նիտրատով քիմիական գործընթացում: Այս գործընթացում առաջացած մածուցիկ զանգվածը, որը թունավոր է, ռադիոակտիվ և պարունակում է մի շարք ծանր մետաղներ, կուտակվում է 5 կմ հեռու տեղակայված պաչամբարում, որի ծավալը 12 մլն խմ է:

Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերական կենտրոնը 2016թ-ին հրապարակել է Արարատ քաղաքի մանկապարտեզների և դպրոցների հողի և խմելու ջրի հետազոտման արդյունքները: Խմելու ջրում մետաղների բարձր կոնցենտրացիաներ չեն հայտնաբերվել, քանի որ Արարատի խմելու ջուրը մատակարարվում է Գառնիի աղբյուրից և հեռու է հանքային վերամշակման կամ արդյունաբերական այլ գործունեությունից: Չի հետազոտվել համայնքի ոռոգման ջուրը:

Հողի նմուշներում հետազոտված 5 մետաղներից արսենի կոնցենտրացիաները գերազանցել են Հայաստանում հողի ստանդարտը 6,5 անգամ, պղնձինը` 14,7 անգամ, իսկ կապարը գերազանցել է ստանդարտը որոշ տեղերում: Չնայած սրան, նշել է կենտրոնը, հարկավոր են լրացուցիչ ուսումնասիրություններ` այս ցուցանիշների և արդյունաբերական ու հանքարդյունաբերական գործունեության միջև պատճառահետևանքային կապի հաստատման համար: Ոսկու վերամշակման գործարանի հարևանությամբ գործում է նաև խոշոր ցեմենտի գործարան («Արարատ ցեմենտ»), որը համարվում է Արարատ քաղաքի օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը:

Մինչև 2006թ-ը, ըստ հրապարակված տեղեկությունների, հաղորդվել է ոսկու վերամշակման գործարանի տարածքում մեկ տասնյակից ավելի վթարների մասին, որի հետևանքով թունավորվել են կովեր, ոչխարներ, ձկներ, իսկ թունավոր հեղուկը լցվել է բանջարանոցներն ու այգիները, քաղաքի բնակիչները բողոքել են առողջական խնդիրներից:

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության բաժնետոմսերը պատկանում են Ամստերդամում գրանցված «Դիեզե բի վի» (Dieze B.V.) ընկերությանը: Կանոնադրական կապիտալը կազմում է 23,643 մլրդ դրամ: Ընկերությունը տարբեր տարիների եղել է Հայաստանի 100 ամենախոշոր հարկատուների ցանկում` 2013թ-ին դառնալով 10-րդը:

«Գեոպրոմայնինգ գոլդ»-ին է պատկանում նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը նույնպես Հայաստանի խոշոր հարկ վճարողներից է: Ընկերությունը վերագործարկել է կոմբինատը 2009թ-ին: Այն գտնվում է Սյունիքի մարզում` Իրանի հետ սահմանից ոչ հեռու: Պղնձի և մոլիբդենի կոնցենտրատը բեռնատարներով տեղափոխվում է Երևան, որտեղից գնացքով ուղարկվում է Վրաստանի Փոթիի նավահանգիստ:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, նոյեմբեր 2016

Ջրի աղտոտման երկու դեպք

Կոմբինատից տարբեր ժամանակներում թունավոր նյութերի արտահոսքեր են եղել: Բնապահպանության նախարարությունը «Հետք»-ին հայտնել է, որ, օրինակ, 2014թ-ի հոկտեմբերին կոմբինատի պոչամբարից 5 ժամվա ընթացքում կատարվել են կախյալ նյութերի կոնցենտրացիաների գերազանցմամբ վթարային արտահոսքեր Արաքս գետ: Նախարարությունը նշանակել է 200 հազար դրամի վարչական տուգանք և հաշվարկել 3 մլն 477 հազար դրամի շրջակա միջավայրին հասցրած վնաս: Գերատեսչությունը կեղտաջրերի արտահոսքի այլ դեպքեր էլ է հիշատակել, սակայն չի նկարագրել, թե շրջակա միջավայրին ինչ վնաս են հասցրել դրանք: Նկատենք, որ բնապահպանության նախարարությունը գործարանում 2010թ-ից ի վեր ստուգումներ է անցկացրել 3 անգամ:

Բնապահպանները պնդում են, որ Ագարակ այցելելիս հաճախ են ականատես լինում կոմբինատի տարածքից թունավոր նյութերի արտահոսքի: Այդ նյութերը խառնվում են Կարճևան գետին, որը հոսում և միանում է Հայաստանն ու Իրանը սահմանազատող Արաքս գետին: «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Լևոն Գալստյանը վերջին նման դեպքն արձանագրել էր 2016թ-ի նոյեմբերի 8-ին: Բնապահպանը տեսանկարել էր հանքի և ֆաբրիկայի միջև գտնվող խողովակից թափվող գորշ ջուրը, որը խառնվում է Կարճևանին և ուղղվում դեպի Արաքս: Նա մեկնաբանում է, որ դրանք պոչամբարի թափոնաջրերն են:

Օրեր անց, ամենշաբաթյա մի հաղորդագրության վերջում, բնապահպանության նախարարությունը տեղեկացրեց, որ տեսանյութի հիմքով «սկսվել է վարչական վարույթ, կատարվում են ուսումնասիրություններ, անալիզի նպատակով վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև պարզաբանումներ ստանալու նպատակով դիմում է ուղարկվել ընկերությանը»:

«Հայկական բնապահպանական ճակատ»-ի տեսանյութը, նոյեմբեր 2016

Նոյեմբերի վերջին նախարարությունը հերքեց, թե պոչամբարի թափոնաջրերը լցվել են գետը: Ուսումնասիրության արդյունքների մասին «Հետք»-ի հարցմանը նախարարությունը պատասխանեց. «… տեսանյութին ուղեկցող խոսքում ասվում էր, որ խողովակաշարով «Ագարակի» ՊՄԿ ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի պոչերը լցվում են Կարճևան գետի կիրճ, [ինչը] չի համապատասխանում իրականությանը»:

Տեսանյութում երևացող ջուրը, ըստ նախարարության, ցեխաջուր է, ինչը «հաստատել են լաբորատոր ուսումնասիրության արդյունքները»: Նախարարությունը պարզաբանել է, որ խողովակաշարը կառուցվել է Կարճևան գյուղի բնակիչների խնդրանքով, որպեսզի սարերից թափվող անձրևաջրերը և հանքի ստորգետնյա ջրերը չվնասեն համայնքի բնակչության այգիներին:

«...Ֆաբրիկայից տեխնիկապես հնարավոր չէ պոչերն արտանետել Կարճևան գետի կիրճ, քանի որ հարստացուցիչ ֆաբրիկայի պոչատարը գտնվում է կիրճի հակառակ կողմում»,- շարունակել է նախարարությունը` չանդրադառնալով այն հանգամանքին, թե այդ դեպքում ինչ «անտանելի հոտի» մասին է խոսում տեսանյութի հեղինակը:

Մենք կրկին դիմեցինք նախարարությանը` խնդրելով մանրամասներ ուսումնասիրության մասին: Պարզվեց` ուսումնասիրության արդյունքները դեռ ամփոփման փուլում են: «Գետի ջրի որակի փոփոխություններ արձանագրելու դեպքում, շրջակա միջավայրին հասցված վնասի աղբյուրը բացահայտելու և այն հաշվարկելու համար անհրաժեշտություն կառաջանա «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ում օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնել»,- գրել է նախարարությունը: Մինչդեռ, հիշեցնենք, նախորդ հարցման պատասխանում, հիմնավորելու համար այն պնդումը, թե տեսանյութում պատկերվածը ցեխաջուր է, նախարարությունը հղում էր արել հենց «լաբորատոր ուսումնասիրության արդյունքներին»:

2017թ-ի փետրվարի վերջին բնապահպանության նախարարության տեղեկատվության վարչությունից մեզ բանավոր տեղեկացրին, որ ուսումնասիրությունը դադարեցվել է, քանի որ «բնապահպանական պետական տեսչության լաբորատորիայում պարզվել է, որ հեղուկը ցեխաջուր է»:

«Հայկական բնապահպանական ճակատ»-ի տեսանյութի հրապարակումից երկու շաբաթ անց մենք նույնպես այցելեցինք Ագարակ: Թեև խողովակից հոսող ջրի գույնը փոխվել էր, Կարճևանին հարող քարերի ու ջրում թողնված անվադողերի վրա մնացել էր կեղտաջրի հետքը: Փոխարենը, կոմբինատից դեպի Կարճևանի կիրճ էր լցվում թունավոր նյութերի այլ հոսանք: Տեղացիները ասում էին, որ դա հավանաբար ֆաբրիկայի լվացումից առաջացած հեղուկն է:

Արտահոսք կոմբինատից Կարճևան գետ, նոյեմբեր 2016

Խառնվելով Կարճևանի ջրերին` այն ուղղվում էր դեպի Արաքս` անցնելով Ագարակ քաղաքի միջով: Որոշ հատվածներում կուտակված պինդ զանգվածը հուշում էր, որ թունավոր ջրերը նախկինում էլ են հոսել գետի հունով:

Արտահոսք` երկու շաբաթ անց, նոյեմբեր 2016

Կարճևանի ճանապարհին այգիներ ու տներ կան, ու թեև մեզ հանդիպած բնակիչները ասում էին, որ այգիները գետի ջրով չեն ոռոգում, «Հետք»-ը տարիներ առաջ նման մի դեպքի մասին գրել էր: Եթե նույնիսկ ճիշտ է, որ ագարակցիները Կարճևանի ջրով չեն ոռոգում իրենց այգիները, Ագարակի ոռոգման ջուրը, այնուամենայնիվ, վերցվում է Արաքս գետից, ուր թափվում են կոմբինատի կեղտաջրերը:

Կոմբինատի ջուրն անցնում է Ագարակ քաղաքով, նոյեմբեր 2016

Ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերական կենտրոնը ուսումնասիրել է նաև Կարճևանի ջուրը և եզրակացրել, որ այն պատկանում է վատ (V) դասի` «պայմանավորված երկաթով, նիկելով և պղնձով»:

Ագարակում հանքի և կոմբինատի վնասների մասին հրապարակային խոսելուց խուսափում են: «Չի կարող ազդեցություն չունենալ»,- ասում են ագարակցիները, բայց նաև զգուշանում հանդես գալ իրենց անունով` պատճառաբանելով, որ դա վատ կարող է անդրադառնալ կոմբինատում աշխատող իրենց այս կամ այն հարազատի գործի վրա:

Ագարակում և հարակից բնակավայրերում շատերն են աշխատում պղնձամոլիբդենային կոմբինատում կամ հանքում: 2012թ-ին ընկերությունը պլանավորում էր աշխատատեղերի քանակը հասցնել 985-ի, ինչը կազմում էր Ագարակի աշխատունակ բնակչության ⅓-ը: Բացի այդ, ինչպես «Հետք»-ի հետ զրույցում ասել էր Ագարակի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, «համայնքի բյուջեի մոտ 20%-ը կազմված է կոմբինատի տրամադրած անհատույց փոխանցումներից»:

Կոմբինատի և բաց հանքի հետևանքների մասին հրաժարվում են բարձրաձայնել նաև Կարճևան գյուղի բնակիչները: Հանքը տեղակայված է Կարճևանից ոչ հեռու, իսկ կոմբինատ տանող ճանապարհն անցնում է կարճևանցիների այգիների վերևով: Համայնքի լիազոր ներկայացուցիչ Սուրեն Զաքարյանը և աշխատակազմի նախկին քարտուղար Արմինե Օհանյանը ասում են, որ ամռան ամիսներին այդ ճանապարհին մեծ փոշի է գոյանում, որը «լրջագույն խնդիր է» գյուղի բնակիչների համար: Բայց նաև ավելացնում են, որ կոմբինատը գյուղի տնտեսության կարևոր մասն է, առանց որի բնակիչները պարզապես կարտագաղթեն: Գյուղում մոտ 300 մարդ է ապրում և, ինչպես ասում են համայնքի ներկայացուցիչները, գրեթե բոլոր ընտանիքներում կան հանքում կամ կոմբինատում աշխատողներ:

Պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը Դարազամի գետի վրա / նոյեմբեր 2016

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանում ամենամեծ պոչանքներ կուտակած ձեռնարկություններից է: Այն ունի երեք պոչամբարներ, որոնք 2012-ին լցված են եղել 43 մլն խմ թափոններով: Ամենամեծը Դարազամի գետի վրա կառուցված պոչամբարն է` ավելի քան 40 մլն խմ ծավալով: Մեծությամբ այն զիջում է միայն Արծվանիկի պոչամբարին, որը նույնպես Սյունիքի մարզում է:

Յակուտիա, Ռուսաստան

Յակուտիայում, որը հայտնի է նաև որպես Սախա-Յակուտիայի Հանրապետություն, «Սարիլախ-Սուրմա» ՓԲԸ-ն արդյունահանում է հանքաքար, որը ոսկի է պարունակում: Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է GPM Russia B.V.-ին, որն օֆշորում է գրանցված: Այն կառավարվում է «Գեոպրոմայնինգ»-ի կողմից:

2012թ-ին ռուսաստանցի բնապահպանները ահազանգում էին, որ «Սարիլախ-Սուրմա»-ն խախտում է կիսավարտ նյութերի պահման կարգը: Ավելի վաղ` 2008թ-ի հուլիսի 2-ին, Ռուսաստանի բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնական էջում հրապարակել էր վարչական իրավունքը խախտողների ցանկը` մանրամասն նկարագրելով ամեն մի խախտման բնույթը:

Նախարարության համաձայն` այն վայրում, որտեղ պահվում էր հանքանյութը, հողում սուրմայի քանակությունը գերազանցում էր երկրում սահմանված նորմը 1,8 անգամ: Դա գրանցվել էր որպես սուրմայի կոնցենտրատների պահման կանոնների խախտում, ինչը հանգեցրել է հողի աղտոտման: Նախարարության Մագադանի շրջանային ներկայացուցչության պնդմամբ` ընկերությունը վճարել է սահմանված տուգանքը:

«Գեոպրոմայնինգ»-ի ընկերություններից է ГеоПроМайнинг Верхнее Менкече ՍՊԸ-ն, որը գրանցված է Նիդերլանդներում և պատկանում է GPM Russia B.V.-ին և Karlou B.V.-ին: Վերջինս բաժնեմասեր ունի նաև «Դիեզե Բի Վի» ընկերությունում, որին պատկանում են Հայաստանում գրանցված «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը:

ГеоПроМайнинг Верхнее Менкече ՍՊԸ-ն ոսկի է արդյունահանում Մագադանում և պատրաստվում էր նոր գործարան կառուցել նաև Սվերդլովսկի շրջանի Դեգտյարսկ քաղաքում: Ընկերությունը լավ կապեր ուներ տեղական իշխանությունների հետ. 2015թ-ին, օրինակ, 4 մլն ռուբլի էր փոխանցել Յակուտիայի ղեկավարի` Եգոր Բորիսովի նախընտրական ֆոնդին:

Գործարանը պլանավորում էր տարեկան արդյունահանել 5700 տոննա սուրմա, ինչը ոչ միայն կբավարարեր արտադրանքի պահանջարկը Ռուսաստանում, այլև դուրս կգար Բելառուսի և Ղազաստանի շուկաներ: Հանքաքարը կորզվելու էր Յակուտիայի հանքերից:

Տեղի բնակչությունը, սակայն, գործարանի կառուցման լուրին արձագանքեց բողոքի ակցիաներով: Հիմնական մտահոգությունն այն էր, որ գործարանը կառուցվելու էր բնակելի տների և 1,4 մլն մարդկանց խմելու ջրով ապահովող երկու խոշոր ամբարների հարևանությամբ: Մոտ 16 000 բնակիչ ունեցող քաղաքում դիմադրությունը շարունակվեց երկու տարի, ինչի արդյունքում 2015թ-ին տեղական իշխանությունն ընդունեց, որ նախագիծը վտանգավոր է մարդկանց ու շրջակա միջավայրի վրա և կասեցրեց այն:

Այս նախագծի համար ռուս գործարար Սիման Պովարենկինը պատրաստվում էր ներդնել 700 մլն ռուբլի (մոտ 10 մլն եվրո):

Սիման Պովարենկինը

1992թ-ին՝ Օմսկի համալսարանի օրգանական քիմիայի ֆակուլտետն ավարտելուց հետո Սիման Պովարենկինը երկու տարի աշխատել է իր հոր՝ Վիկտոր Պովարենկինի ղեկավարած անվադողերի գործարանում: Սիմանը գլխավորել է գործարանի արտահանման բաժինը: Այնուհետև՝ 28 տարեկանում, տնօրինել է առաջին մասնավոր բանկերից մեկի՝ Incombank-ի Օմսկի մասնաճյուղը: Օմսկում հիշում են, որ նա այդ տարիներին շրջում էր զրահապատ մեքենայով:

Հանքարդյունաբերության բիզնեսում նա առաջին քայլերն սկսել է Վրաստանում՝ վրացի գործարար Կոբա Նակոպիայի հետ:

Կոբա Նակոպիան, որը պատգամավոր է եղել Վրաստանի 7-րդ և 8-րդ գումարման խորհրդարաններում «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից, 2002-2004թթ. եղել է ռուս գործարար Սերգեյ Գեներալովի Promishlennie Investori ընկերության փոխնախագահը: Սիման Պովարենկինը եղել է նույն ընկերության վերահսկողական խորհրդի ղեկավարը: 2004թ-ին Կոբա Նակոպիան նշանակվել է ոսկի և պղինձ արդյունահանող Վրաստանում գործող «Մադնեուլի» և «Կվարցիթի» ընկերությունների տնօրենի պաշտոնում:

Հաջորդ տարվա նոյեմբերին Promishlennie Investori-ն բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Stanton Equities Corporation-ի միջոցով բաժնեմասեր ձեռք բերեց վրաստանյան այս ընկերություններում. «Մադնեուլի» ՓԲԸ-ում՝ 97,5%, «Կվարցիթի» ՍՊԸ-ում՝ 50%:

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկության, ինչպես նաև Stanton Equities Corporation-ի ստորագրած պայմանագրի համաձայն՝ ընկերությունը նախատեսում էր ներդրումներ կատարել և բավարարել մի շարք պայմաններ: «Պանամական փաստաթղթերը», սակայն, ցույց են տալիս, որ Սիման Պովարենկինն ու Սերգեյ Գեներալովը հետաքրքրված չեն եղել Վրաստանի հանքային արդյունաբերության ոլորտում ներդրում անելով, միայն ցանկանում էին շահութաբեր գործարք կատարել՝ վերավաճառելով ձեռնարկությունը ավելի բարձր գնով:

Ըստ համաձայնագրի՝ «վերավաճառքի կառավարիչը» լինելու էր Սիման Պովարենկինը: «Մադնեուլի»-ն ու «Կվարցիթի»-ն վճարելու էին նրան ծառայության դիմաց, ինչը ձևակերպված է որպես աշխատավարձ: Ընկերություններն էին հոգալու նաև չարտերային թռիչքների ծախսերը, եթե Պովարենկինը կամ Գեներալովը որոշեին հանքավայր այցելել Մոսկվայից, և նույնիսկ տրամադրելու էին գումարը, եթե գործարարները որոշեին անձնական ինքնաթիռ գնել:

Նախագիծն ավարտված էր համարվելու, երբ Կոբա Նակոպիային և Սիման Պովարենկինին առնչվող GP Shipping Investment Company-ն և Cuento Portfolio Corp-ը վաճառեին հանքարդյունահանող ընկերությունների բաժնետոմսերը երրորդ կողմի: Այս ընկերությունները նույնպես գրանցված էին օֆշորում՝ բրիտանական Վիրջինյան կղզիներում:

2007թ-ին Սերգեյ Գեներալովը դուրս եկավ վրաստանյան բիզնեսից: Սիման Պովարենկինը մնաց բիզնեսում և, համաձայն անանուն մի աղբյուրի, փոխեց վրաստանյան ընկերությունները վաճառելու իր որոշումը, քանի որ 2011 թ-ին ոսկու գինը բարձրացավ:

«Մադնեուլի»-ի մասնավորեցումից հետո այնտեղ պաշտոն ստացավ Վրաստանի այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Իրակլի Չոգովաձեն՝ դառնալով ընկերության վերահսկողական խորհրդի անդամ:

առաջին շարքում` Սերժ Սարգսյանը և Սիման Պովարենկինը Արարատի ոսկու կորզման գործարանում, 2014թ. / president.am

Վրացի մենեջերներից ոմանք եղել են նաև հայաստանյան ընկերություններում: Դմիտրի Կալանդաձեն «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն է եղել 2007-2009թթ., իսկ Գիորգի Դեվաձեն՝ «Ագարակի պնղձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն 2009-2015թթ.: Երկուսն էլ զբաղեցրել են վրացական «Մադնեուլի» և «Կվարցիթի» ընկերությունների, ապա` դրանց իրավահաջորդ RMG Gold ընկերության տնօրենի պաշտոնը 2010-2013թթ.:

Սիման Պովարենկինը համարվում է Ռուսաստանի ամենահարուստ 500 մարդկանցից մեկը: Նա այժմ ապրում է Լոնդոնում: 2013թ-ին Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Նորմանդիայում, գնել է աշխարհահռչակ դիզայներ Իվ Սեն Լորենի շքեղ առանձնատունը: 1874թ-ին կառուցված այս առանձնատան համար, որը զբաղեցնում է 800 քմ մակերես, Պովարենկինը վճարել է 9,6 մլն եվրո: Այն ձեռք է բերել Ֆրանսիայում գրանցված իր մի ընկերության՝ SCI Le Schateau-ի միջոցով, այնուհետև փոխանցել իրեն պատկանող մեկ այլ ընկերության՝ FESCO-ին (Far Eastern Shipping Company), որը հիմնականում միջազգային նավային բեռնափոխադրումներ է իրականացնում:

Հրանտ Գալստյան l hetq.am

Ցիրա Գվասալիա l ifact.ge

Ալիսա Կուստիկովա l Novaya Gazeta

* Հետաքննությունն իրականացվել է n-vestigate նախագծի օգնությամբ