ՄԱԿ-ից հայտնել են, որ Երկիր մոլորակի կլիմայական տաքացումները չեն դադարել

 Այս տարվա սկզբին Եվրոպայում գրանցված անսովոր ցուրտ եղանակը չի նշանակում, որ Երկիր մոլորակի կլիմայական տաքացումը կանգնել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի կազմում գործող Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը:

«Այն փաստը, որ այս տարի վերջին ժամանակների համեմատ ավելի սառը տարվա մեկնարկ ենք ունեցել, դեռ չի ենթադրում, որ կլիմայական փոփոխությունները դադարել են»,- Ժնևում հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Կլեր Նյուլիսը:

Նա հիշեցրել է, որ ողջ աշխարհում գրանցվող կլիմայական փոփոխությունների առանցքային պատճառը մարդկային գործունեությունն է և դրա հետևանքով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազն է:

«Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի «ապրելու» մեծ տևողության պատճառով Երկրի ապագա սերունդներն իրենց վրա կզգան կլիմայական փոփոխությունները: Դա ենթադրում է ջերմաստիճանի ավելացում, եղանակի ավելի ծայրահեղ դրսևորումներ, սառույցների հալեցում, ծովերի մակարդակի բարձրացում»,- նշել է նա: