Գլխավոր դատախազն առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցով դիմել է Կառավարությանը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում՝ թմրամիջոցների գովազդ կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը:

Ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ  լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահովված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են, և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ:

Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռևսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը:       

Մինչդեռ մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Ռուսաստանում, Վրաստանում, առցանց ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը կարգավորված է իրավական ակտերով:

Մասնավորապես՝ «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով  սահմանվել է ՌԴ ողջ տարածքում համացանցով արգելված տեղեկատվության ցանկ, որոնցից են  ինքնասպանություն գործելու եղանակների և ինքնասպանության դրդելու մասին տեղեկատվությունը, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի պատրաստման և օգտագործման, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագծի ներգրավելու, վաճառքը սահմանափակված կամ արգելված դեղամիջոցների, ալկոհալային արտադրանքի մանրածախ վաճառքի առաջարկ պարունակող տեղեկատվությունը և այլն: 

Նման տեղեկատվության հայտնաբերման դեպքում ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից գործադիր իշխանության դաշնային մարմնին (Роскомнадзор)  ներկայացվում է տվյալ տեղեկատվության անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ: Իրավասու մարմնի կողմից տեղեկատվությունը ստանալու պահից 1-օրյա ժամկետում ինտերնետ ռեսուրսի տիրոջ կողմից տեղեկատվությունը չհեռացվելու դեպքում տվյալ ինտերնետ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է:

Իսկ Գերմանիայի Դաշնությունում գործում է սոցիալական ցանցերի անվտանգությունն ապահովող «Սոցիալական ցանցերում իրավակիրառման վիճակը բարելավելու մասին» օրենք: Դրանով արգելվում է հակասահմանադրական ճանաչված կազմակերպության քարոզչություն, պետությանը սպառնացող ծանր արարքի նախապատրաստման, նման արարքի կատարումը մոտիվացնող գրականության տարածման, հանցավոր վարքագծի խրախուսման, ազգային, կրոնական, սեռական կամ այլ թշնամաք սերմանող և այլ տեղեկատվությունը:

Նշված օրենքով տեղեկատվության սպառողներին վերապահվել է արգելված տեղեկատվությունը սոցիալական ցանցին բողոքարկելու իրավունք: Իսկ  սոցիալական ցանցերի վրա դրվել է օրենքին հակասող տեղեկատվությունը վերացնելու կամ էլ արգելափակելու պարտականություն: Վերջինս չկատարելու դեպքում սոցիալական ցանցի վարքագիծը ենթակա է վերանայման հսկողական կարգով՝ Արդարադատության գործերով դաշնային մարմնի կողմից: Վերջինս իրավասու է ոչ իրավաչափ վարքագիծ թույլ տված ռեսուրսը ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանքի, որի չափը տատանվում է 5-50 մլն. եվրոյի սահմաններում: Նման մեծ չափի տուգանք սահմանելու նպատակը օրենքը խախտելու գիտակցված վարքագիծը կանխելն է:      

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարությանը՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:

Արթուր Դավթյանը պատրաստակամություն է հայտնել ՀՀ դատախազության կողմից աջակցել այդ գործընթացին: