«Եթե Երևանում ջրի կորուստները կիսով չափ կրճատեն, 2 անգամ ավելի շատ ջուր կտան ոռոգման ցանցին, քան Սևանից հավելյալ ջուր վերցնելով». Սեյրան Մինասյան

20-07-2017
6534 դիտում
«Եթե Երևանում ջրի կորուստները կիսով չափ կրճատեն, 2 անգամ ավելի շատ ջուր կտան ոռոգման ցանցին, քան Սևանից հավելյալ ջուր վերցնելով». Սեյրան Մինասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փորձագետ, ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը:

- Պարո՛ն Մինասյան, Սևանից 100 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնելու նախագիծն արդեն իրողություն է, և այս տարի Սևանից ոռոգման նպատակով բաց կթողնվի 270 մլն խմ ջուր: Ի՞նչ խնդիրների առջև կկանգնենք այդ փուլում:

- Եթե իրենց ասած 100 մլն խմ ջուրը վերցնեն Սևանից, բալանսը միանշանակ այս տարի բացասական կլինի: Կամ` լրիվ չեն վերցնի, մի ուրիշ պատճառ կբռնեն, որ գոնե զրոյին մոտ, +1-ի վրա կանգնեցնեն:

Այն, որ Սևանի մակարդակը առաջանցիկ տեմպերով է բարձրացել, կեղծիք է, չկա՛ նման բան: Կա 2008 թվականի կառավարության որոշումը, որով Սևանի բարձրացման ջրագիծն է տրված, 2010 թվականին էլ այդ որոշման մեջ փոփոխություն է կատարվել, իսկ այսօրվա դրությամբ Սևանի մակարդակը պետք է լիներ 1900,9 մետր: Ընդ որում, եթե այդ 20 սմ-ն էլ հաշվեինք, պետք է լիներ 1901,1 մետր այս տարվա հունվարի 1-ի դրությամբ: Պարզ է, որ այդքան չկա, եղել է 1900,46, որից 50-70 սմ հետ է քաշվել: Կա կառավարության որոշում, որը գործող իրավական ակտ է: Էդ մարդիկ մանիպուլյացիա արած թվերով ներկայացնում են Ազգային ժողով, ամոթ է, գրագետ մարդիկ են, գոնե թվերը կարող են կարդալ: Պարզապես շշմելու բան է, որ այս կարգի արհամարհանք է դրսևորվում նախագահի, վարչապետի ու Ազգային ժողովի կողմից: Ես իրենց ասել եմ` կգա հունվարի 1-ը, կհանդիպենք, երբ Սևանի մակարդակը կա՛մ զրոյական կլինի, կա՛մ բացասական:

- Այսինքն` 130 հազար ընտանիքների ոռոգման ջրով ապահովելու փաստարկը մանիպուլյացիա՞ է:

- Միայն այդ ոռոգումը չէ, շատ տարբեր ասպեկտներ կան, ես չէի առանձնացնի դրանցից մեկը: Բայց ակնհայտ է, որ Սևանի մասին անհանգստացողների ու կորուստների մասին խոսացողների ուզում են դեմ հանել գյուղացիներին: Այդ երբվանի՞ց դարձաք այդքան հայրենասեր: Հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է, դա հայտնի բան է: 2012 և 2014 թվականներին` երկու անգամ Սևանի մակարդակն իջել է 3-ական սմ-ով, և 2008-ին բալանսը եղել է 8 սմ դրական: Այսինքն` երեք անգամ վերցրել են, որից 2 անգամ բալանսը բացասական է եղել: Որ ասում են` Ազգային ակադեմիայի փորձագիտական հանձնաժողով, ոչ մի փորձաքննություն էլ չի արվել, այնտեղ Սևանի միայն մեկ մասնագետ կա, ով դեմ է արտահայտվել դրան: Մնացածները չկայացած չինովնիկներ են ընդամենը, դե ֆակտո ոչ մի փորձաքննություն էլ չի եղել: Նույնիսկ կառավարության ներկայացրած նախագծում, որը բերել են ԱԺ, վկայակոչվում է, որ կա դրական եզրակացություն, բայց իրականում չկա: Փորձեք համացանցում այն գտնել, չե՛ք գտնի, որովհետև չկա:

- Կառավարության եզրակացությունը, որ լրացուցիչ ջրառը Սևանի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն չի ունենալու, ուղղակի խոսքե՞ր են, հիմք չունե՞ն:

- Այնքան են մեծամտացել, որ իրենց թվում է, թե իրենց թերուս կրթությամբ, բանասեր կամ որևէ կուսակցության բյուրոյի անդամ լինելը իրենց իրավունք է վերապահում հրաման տալ բնությանը: Ինչ հրաման ուզում եք տվեք, բնությունն իրենն է անելու: Էդ ինչո՞ւ են այդքան մեծամտացել, չեմ հասկանում: Իրենց որոշելով է, հա՞, Սևանին վնաս կլինի, թե ոչ: Գոյություն ունի բնություն, գոյություն ունեն օբյեկտիվ օրինաչափություններ, որոնք անկախ են ցանկացած չինովնիկի ցանկությունից, հատկապես ողորմելի «ճ» կլասի չինովնիկների կամքից:

- Բացի այդ, կա ոռոգման ցանցի խնդիր: Ի՞նչ լուծում պետք է ստանա այն:

- Այո՛, կա ոռոգման ցանցի խնդիր: Սարսափեցնող թվեր են բերում, թե 10-12 մլրդ դոլար է պետք այդ ցանցը վերանորոգելու համար: Այդ ցանցը 20 հազար կմ է, և եթե իրենց ասած թվերով հաշվենք, ստացվում է, որ մեկ կմ գծամետր վերանորոգելը 500-600 դոլա՞ր է: Ես չեմ հասկանում` Երևանի կենտրոնում բնակարա՞ն են վերանորոգում: Եթե Երևանում ջրի կորուստները կիսով չափ կրճատեն, 2 անգամ ավելի շատ ջուր կտան ոռոգման ցանցին, քան Սևանից հավելյալ ջուր վերցնելով: 350-400 մլն խմ վերցնում են աղբյուրներից Երևանի համար` 60-70 մլն խմ են մատակարարում, 300 մլն-ը կորչում է արանքում: Որ օղակին նայում ենք, նույն վիճակն է, բոլոր ուղղություններով: Հասարակությունն էլ իր հերթին շատ վատ է վարվում Սևանի հետ` գնացե՛ք Սևանի ափերը նայեք, կեղտի մեջ կորած են:

Ես մի հրաշք ընկեր ունեմ` մարսելահայ հռչակավոր ջրասուզակ է, ամեն տարի Մարսելից գալիս է, որ Սևանում սուզվի, լողանա: Նախորդ տարի եկավ, գնացինք վրան խփեցինք Սևանի ափին, չմտավ ջուրը, այնքան կեղտոտ էր: Այնքան անտեղյակ են, որ մանիպուլացված թվեր են բերում-ներկայացնում, հետո ստիպված են լինում ուղղել: Գյուղացիներին ուզում են հանել այն մարդկանց դեմ, որոնք Սևանի մասին խոսում են, փոխանակ գյուղացիների ոռոգման ցանցը վերանորոգեն, կորուստները նվազեցնեն: Ջուրը բարձրանում է, ափամերձ անտառները մնում են ջրի տակ, այդ հատվածները լավ չեն մաքրում, անտառները փտում են, լիճը կեղտոտում: Որ կողմից նայում եք, նույն իրավիճակն է: 2013 թվականին Արփա-Սևան թունելի վերանորոգումը պետք է ավարտած լինեին, մինչև հիմա չեն ավարտել, 2019-ին նոր ավարտելու են: Հայաստանում այնքան ջուր կա, որ կբավարարի ոչ միայն ներկայիս, այլև կրկնակի շատ հողատարածքների: Որ կողմը նայում եք` վատ կառավարում է:

- Պատգամավորներից մեկը հայտարարեց, որ Սևանից լրացուցիչ ջրառի իրական պատճառը ափամերձ տարածքների օբյեկտները պահպանելն է: Հնարավո՞ր է` հենց այս նպատակն էր հետապնդում այս նախագիծը:

- Գուցե դա էլ կա, դրանք բոլորը մանր-մունր խնդիրներ են: Չկա՛ պետական ազգային ռազմավարություն, թե ի՛նչ անել Սևանի հետ և ինչո՛ւ անել: Երբ կլինի նման ռազմավարություն, ոչ մի չինովնիկ` վարչապետ կլինի, նախարար, պատգամավոր թե ջրպետկոմի անտեղյակ նախագահ, չի համաձայնի գալ ու ասել` ռազմավարական մեր ունեցվածքից եկեք այս տարի ջուր վերցնենք, մի քիչ շեղվենք: Բացի այդ, ափերի վատ նախապատրաստման խնդիրը կա, արդեն ջրի տակ մնացած հատվածները մաքրելու խնդիրը կա: Բոլոր ափամերձ բնակավայրերի կոյուղին Սևանը լցվելու խնդիրը կա, Արփա-Սևան թունելի վերանորոգման ձգձգման խնդիրը կա, հոսանքի ու փողի կարիք կա: Մեր ժողովրդի փնթիությունը վերացնելու, վերադաստիարակելու կարիք կա: Սևանում տոտալ ձկնագողություն է, ամբողջ լճի մակերևույթը ձկնորսական ցանց է դարձել: Կառավարությունը որոշում է կայացնում` թույլ է տալիս այսքան տոննա կարասի որս, այսքան տոննա խեցգետնի, իշխանի որսն արգելել: Հիմա գիշերով ձկնագողը ցանցը գցում է, հետո սկսում է գիշերվա կեսին ջոկել, որը իշխան է` լիճն է գցում, որը կարաս է` բերում է ափ, հա՞: Այդ հեքիաթներին ո՞վ կհավատա: Այսինքն` չկա ռեալ պետական քաղաքականություն: Կա ժամանակավոր մոտեցում, կարծես մեկը ինչ-որ տարածք է գրավել, մի քանի օրից պետք է հետ տա: Իսկական տիրոջ պետական մոտեցում չկա, որ հարկավոր է Սևանը բարձրացնել նախկին նիշին, ունենալ 58,5-60 միլիարդ խմ ջուրը, որ պետք եղած տարին մինչև մեկ միլիարդ էլ բաց թողնի` Արարատյան դաշտը ջրի, որ այնտեղ ունենա 50 հազար տոննա բարձրորակ ձկան պաշար, որ մեր բանակի տղաները լավ ձուկ ուտեն, պարտադիր պետք է փչացած կարտոֆի՞լ ուտեն և խաշած ու չմաքրված գրեչկա:

Մանե Հարությունյան

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյան

MediaLab.am