Ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական շղթան․ Տեսանյութ

Օրերս ոստիկանները թմրաշրջանառության հերթական շղթան բացահայտեցին։
Հունիսի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 52-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Բ8» գրառմամբ սուբուտեքսի նմանվող 4 հաբ, «Մ» գրառմամբ մեթադոն թմրամիջոցի նմանվող 9 հաբ և մարիխուանայի նմանվող զանգվածներով 4 փաթեթ։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ սուբուտեքս թմրամիջոցը տղամարդը ձեռք էր բերել Աբովյանում։

Հարուցվեց քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվեց, իսկ ոստիկանները շարունակեցին օպերատիվ միջոցառումները։

Ոստիկանները պարզեցին, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել են Աբովյանի 40-ամյա և Զառ գյուղի 35-ամյա բնակիչներ։ Նրանք հունիսի 10-ին, թմրանյութ իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Աբովյանի 40-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Բ8» գրառմամբ 3 դեղահաբ։ Նա ձերբակալվեց։ Դատարանի որոշմամբ ոստիկանները խուզարկեցին նրա «Նիսան» մակնիշի մեքենան։ Սրահից հայտնաբերվեցին սուբուտեքսի նմանվող դեղահաբի կտոր, թմրամիջոցի նմանվող հեղուկով ներարկիչներ։
Ոստիկանները խուզարկեցին նաև նրա «ԲՄՎ» մեքենան, որտեղից հայտնաբերվեցին դեղահաբի կտորներ։

Նշանակվել են փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում են Ոստիկանությունից։