Իրավունք. Բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի կապակցությամբ բողոքի ալիք է բարձրացել

Իրավունք. Բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի կապակցությամբ բողոքի ալիք է բարձրացել
Իրավունք. Բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի կապակցությամբ բողոքի ալիք է բարձրացել

Պաշտպանության նախարարությունը ստիպված է գնալ ավելի թափանցիկ եւ հրապարակային քայլերի:
Հասարակական ուժգնացող բողոքները ստիպում են Հայաստանի իշխանություններին ավելի հրապարակային ու արագ քայլեր ձեռնարկել բանակում ոչ ռազմական պատճառներով տեղի ունեցող մահվան դեպքերի բացահայտման գործերում:

Օգոստոսի վերջին զորամասերից մեկում մահացած 18-ամյա Աղասի Աբրահամյանի գործով քննության մանրամասներն ու բացահայտումները հեռարձակվեցին անգամ Հանրային հեռուստաընկերության լուրերով`ողջ երկրով մեկ:

Աղասի Աբրահամյանը մահացել է օգոստոսի 26-ին ԼՂՀ ՊՆ «Եղնիկներ» կոչվող զորամասում:

Թեեւ նրա մահը սկզբում որակվեց որպես ինքնասպանություն, սակայն դատաբժշկական փորձաքննությունը եւ հարազատների տարածած լուսանկարները փաստեցին, որ երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել:

ՀՀ ՊՆ քննչական վարչությունից տեղեկացրեցին, որ դեպքի առնչությամբ շարունակվում է նախաքննությունը, մեղադրանք է առաջադրվել 3 սպայի եւ մեկ շարքային զինվորի դեմ, ովքեր կալանավորված են:

Սակայն Աղասու հայրը`Գեղամ Աբրահամյանը կարծում է, որ իր որդու մահվան մեջ ավելի շատ մեղավորներ են եղել, քան կալանավորվածները:

«Ակնհայտ էր, որ դաժանորեն ծեծել էին երեխուն, ու դա չէր կարող լիներ մեկ կամ երկու հոգու ձեռքի գործ, իրենք պարզապես ֆիզիկապես չէին կարող էնքան ծեծեին, որ երեխան մահանար: Վստահ եմ, որ ավելի շատ մարդիկ են մասնակցել այդ միջադեպին, բայց էլ չգիտեմ`ինչ անել, չգիտեմ`ինչի համար պայքարել, միեւնույն է`երեխայիս չեմ կարողանա ետ վերադարձնել», – հուսալքված ասում է զոհվածի հայրը:

Դեպքից մեկ շաբաթ առաջ Գորիսի զորամասում մահացավ 19-ամյա Վարդան Սեւյանը, որի զինվորական ծառայության ժամկետը պետք է ավարտվեր 3 ամիս հետո: Պաշտոնական տվյալներով`19-ամյա զինծառայողն ինքնասպանություն էր գործել, սակայն երիտասարդի ծնողները չեն հավատում այս վարկածին:

Մահվան երրորդ դեպքը գրանցվել է սեպտեմբերի 7-ին: Այս անգամ 19-ամյա զինծառայող Հայկ Մկրտչյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հետ ծառայող զինվորներից մեկը:

Բանակը, որը փակ համակարգ է, եւ ավանդաբար նույնքան փակ թեմա է եղել, այսօր հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների`4 տարի շարունակ կառավարության շենքի առջեւ բողոքող ծնողների համար սա գործի սկիզբն է:

2007 թվականին զոհված 21-ամյա ժամկետային զինծառայող Գեղամ Սերգոյանի հայրը` Ռոբերտ Միրզոյանը առաջիններից էր, որ սկսեց պայքարել:

«Ես էլ կորցնելու ոչինչ չունեմ, ինչ ունեի`կորցրել եմ, ոչ էլ կարող եմ երեխայիս հետ բերել, իմ տղայի սպանության գործն ամբողջությամբ կոծկված է, բայց ես շարունակելու եմ պայքարել, քանի որ պետք է պատժել այն անձանց, ովքեր կատարել են այդ սպանությունները, պետք է վերջ տալ այս անպատժելիությանը, որպեսզի նոր սպանություններ չլինեն», – ասում է Միրզոյանը:

Վերջին ամիսներին նրանց բողոքի ակցիային միացել են նաեւ քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ`վստահ լինելով, որ միայն «համախմբվելով հնարավոր է պայքարել բանակում առկա խնդիրների դեմ»:

Մեկ ամիս առաջ ձեւավորված «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը, որը կազմված է բանակում եղած խնդիրներով երկար տարիներ զբաղվող հասարակական կազմակերպություններից եւ անհատներից, օրեր առաջ զոհված զինվորների ծնողների հետ միասին բողոքի հերթական ակցիան է անցկացրել եւ հանդես եկել հայտարարությամբ`պահանջելով շուտափույթ քայլեր ձեռնարկել բանակում խնդիրները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ ներկայացրել է սեփական առաջարկները:

Նախաձեռնող խմբի հարյուրավոր ակտիվիստներ ամեն հինգշաբթի հավաքվում են կառավարության շենքի առջեւ`ի հեճուկս պաշտոնյաների դժգոհությանը:

Սեպտեմբերի 15-ին`կառավարության հերթական նիստից հետո, երբ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինվորների ծնողները պարզաբանումներ էին խնդրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, նա հավաստիացրեց, որ բանակում տեղի ունեցած բոլոր դեպքերն արդար լուծումներ են ստանալու, իսկ զինդատախազն ու պաշտպանության փոխնախարարը հետեւում են այդ գործընթացին:

«Բանակում անպատժելիության մթնոլորտ չի եղել, ու այսօր էլ չկա: Որեւիցե մի դեպք հնարավոր չէ թաքցնել, որ անպատժելի լինի: Բոլորն էլ հարուցված քրեական գործի շրջանակներում իրենց իրավական տույժն են ստանում, իսկ եթե քրեական շրջանակներում չեն, ապա ադմինիստրատիվ տույժ են ստանում, ընդհուպ մինչեւ բանակից հեռացնելը», – ասել է նախարարը`հավելելով, որ բանակում տարեցտարի տեղի ունեցող արտակարգ պատահարների թիվը նվազում է:

Պաշտոնական վիճակագրության համաձայն`2007 թվականից ի վեր զինված ուժերում տարբեր պատճառներով մահացել է 228 ժամկետային զինծառայող, եւ միայն 32 մահն է եղել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Մինչդեռ, ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994 թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ:

«Բանակում մահվան բազում դեպքեր որակվում են որպես ինքնասպանություն, այնինչ դրանք իրականում դասվում են դիտավորյալ սպանությունների թվին, թեեւ հաճախ առկա չեն բավարար ապացույցներ», – ասում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Զինծառայողների վերջին սպանությունների պատճառով`բանակում զինվորների նկատմամբ հալածանքների եւ բռնության կիրառման խնդիրը հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում:

Հասարակական բողոքի մեծ ալիք բարձրացավ նախորդ տարի հուլիսին, երբ բանակում աննախադեպ միջադեպ տեղի ունեցավ: 2010թ. հուլիսի 28-ին զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով ծագած միջադեպի պատճառով, որի հեղինակն ըստ շրջանառվող վարկածի`21-ամյա ժամկետային զինծառայող Կարո Այվազյանն էր, իրեն ամրակցված զենքից գնդակահարել էր 5 հոգու`մեկ լեյտենանտի, մեկ սերժանտի եւ 3 ժամկետային զինծառայողի, այնուհետեւ ինքնասպան էր եղել:

Դեպքից մի քանի օր անց, Այվազյանի հարազատները հայտարարել էին, որ նա մի քանի անգամ դատապարտված է եղել, բացի այդ, ըստ հարազատների`Այվազյանն ուներ համապատասխան տեղեկանք այն մասին, որ հոգեկան հիվանդություն ունի եւ չպետք է մեկներ ծառայության, սակայն այդ փաստաթուղթը զինկոմիսարիատն անտեսել էր:

«Շատերն ասում են, որ նման միջադեպ չի եղել երբեք, մենք չենք կարող դա պնդել, ի վերջո այն ժամանակ համակարգը շատ փակ էր, եւ ամեն ինչ չէր, որ հասնում էր մեզ»,-ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Շատերն էլ այդ միջադեպերից հետո սկսեցին պահանջել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը, սակայն այն ժամանակ այլ կադրային փոփոխություններ կատարվեցին, մասնավորապես զինվորական դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը, որը խոստացավ հայտնաբերել եւ պատժել բոլոր մեղավորներին:

Սակայն մեծ բացահայտումներ չեղան, իսկ բողոքները նոր թափ ստացան այս տարվա օգոստոսից, երբ մամուլում ու սոցիալական ցանցերում տեղեկատվություն եւ տեսանյութեր հայտնվեցին զինվորների սպանությունների, խելագարության հասցնելու եւ բանակում տեղի ունեցած միջադեպերի ոչ անաչառ քննության մասին:

Իրավապաշտպանները կարծում են, որ զինծառայողների մահվան առնչությամբ հարուցված գործերով քննությունն «անցկացվում է մեծ մասամբ կոպիտ խախտումներով, հանցագործությունների մեծ մասը տարիներով չի բացահայտվում, իսկ սպանությունները, որպես կանոն, որակվում են որպես ինքնասպանություն»:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր օրախնդիր է համարում Հայաստանում զինվորական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը:

«Այսօր բանակն ունի մեկ խնդիր`ապահովել գլխաքանակ, այնինչ ծառայողի որակական հատկանիշներին, մասնավորապես`սեփական իրավունքները պաշտպանելու կարողությանը, ուշադրություն չի դարձվում», – ասում է Սաքունցը:

Ըստ «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, ԱՄՆ-ի նախկին զինաշխատող Ռիչարդ Կիրակոսյանի`Հայաստանի զինված ուժերում առկա բացասական երեւույթները կարգապահության բացակայության, անպատժելիության մթնոլորտի, գաղտնիության եւ սպայական կազմի թերի պատրաստվածության հետեւանք են:

«Հայ ժողովրդի ազգային խնդիրը պետք է լինի զինվորի դիտարկումը որպես անհատականություն, պետությունը պետք է ապահովի անվտանգություն յուրաքանչյուր զինվորի համար», – ասում է Կիրակոսյանը`ներկայացնելով բանակում իրավիճակի կարգավորման վերաբերյալ իր առաջարկները, որոնք կապված են Հայաստանի միջազգային պարտավորությունների հետ եւ պետք է ապահովեն բանակի քաղաքացիական վերահսկողությունը, բարեփոխումներն ու թափանցիկությունը:

Կիրակոսյանի առաջին առաջարկով, Հայաստանի զինված ուժերի կազմում պետք է նոր ինստիտուտ ստեղծվի, որը կզբաղվի սպայական անձնակազմի վերապատրաստմամբ: Փորձագետն առաջարկում է նաեւ ընդհանուր կանոնագիրք ընդունել շարքային եւ սպայական անձնակազմի համար, ինչը կարող է խթանել կարգապահությունը բոլոր օղակներում:

Խաղաղ պայմաններում զոհված Տիգրան Օհանջանյանի հայրը`Սուրեն Օհանջանյանը, որը չի պատրաստվում «վայր դնել զենքերը» եւ շարունակելու է պայքարը հանուն արդարության, կարծում է, որ նման ակցիաները վաղ թե ուշ ունենալու են իրենց դրական արդյունքները:

«Իմ կարծիքով`ինչ-որ բան պետք է տեղաշարժվի, կարելի է ասել, որ արդեն եղել է փոփոխություն, քանի որ եթե 4 տարի առաջ մենք մենակ էինք բողոքում ու պայքարում, այսօր արդեն մեզ են միացել մի շարք կազմակերպություններ, անհատներ, ովքեր մեր ձայնն ավելի են հասանելի դարձնում: Ես հույսս չեմ կորցում», – ասում է զոհված զինվորի հայրը:

Գոհար Աբրահամյան

Լուսանկարները` Նազիկ Արմենակյանի

Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)