Մասնակից դարձեք անմիջական հարվածի տակ հայտնվածների պայքարին. ՀԱԿ-ը կոչ է անում միանալ բացօթյա առեւտրով զբաղվողներին

Ընդդիմադիր ՀԱԿ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` աջակցություն հայտնելով բացօթյա առեւտրով զբաղվողներին, որոնք վերջին ամսվա ընթացքում դարձել են գործազուրկ:
«Վերջերս իշխանությունը ձեռնարկեց գործողությունների մի շարք, որոնց թիրախը շատ կարեւոր մի սոցիալական շերտ է՝ մանր ձեռնարկատերերը։ Առեւտրային անհատական փոքր բիզնեսով զբաղվող, արտասահմանից ապրանքներ ներկրողների համար կրկնակի բարձրացվեց փոխադրավարձ-մաքսավճարը՝ դրանով իսկ տնտեսապես անիմաստ դարձնելով գործունեության այդ ոլորտը։
Երեւանի փողոցներում արգելվեց բացօթյա առեւտուրը՝ առանց նախազգուշացման, առանց համարժեք առաջարկի կամ փոխհատուցման՝ աշխատանքից ու կենսապայմաններից զրկելով հազարավոր մարդկանց։ Նույն կերպ, առանց այլ զբաղվածություն ապահովելու, փողոց շպրտվեցին սոցիալական կենսաթոշակներ բաժանող մի քանի հարյուր տեսուչներ։ Ընդ որում՝ այս երեք քայլերն էլ կատարվել են մարդու սահմանադրական իրավունքների, գործող օրենքների կոպիտ խախտումներով»,- գրված է ՀԱԿ հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության, հազարավոր մանր գործարարներ զրկվում են եկամուտից, շատերը՝ նվազագույն կենսապայմաններից, նրանց բիզնեսն անցնում է մոնոպոլիստներին՝ խորացնելով հասարակության բեւեռացումը: Ինչին, ըստ ամենայնի հետեւելու է գների անխուսափելի նոր աճը, քանի որ եւս մեկ ոլորտում վերանալու է ազատ մրցակցությունը եւ աշխատանքից զրկվածների կեսն անխուսափելիորեն հեռանալու է Հայաստանից։

«Այն, ինչ սպառնում է հազարավոր այս ընտանիքներին, միայն սոցիալական առանձին խմբերի խնդիր չէ։ Այն լուրջ քաղաքական խնդիր է, եւ վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Ավելին՝ այն անմիջականորեն վերաբերում է ՀՀ ազգային անվտանգությանը՝ մասնավորապես կործանարար արտագաղթին նպաստելու տեսանկյունից։ Վարչախմբի ոտնձգությունների թիրախ դարձած սոցիալական խմբերի բողոքն ու պայքարը մինչեւ այժմ ապարդյուն է անցել միայնումիայն մեկ պատճառով՝ այն չի ընկալվել ու դիտվել որպես քաղաքական խնդիր»,- գրված է հայտարարության մեջ։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարել է, որ իր քաղաքական օրակարգում առաջնահերթ խնդիրներից մեկն է դարձնելու այդ հարցերը։

«Մենք պատրաստ ենք բազմաբնույթ օգնություն ցուցաբերել վարչախմբի անօրինականություններից տուժածներին, պայքարել նրանց իրավունքների վերականգնման համար։ Մեր աշխատանքն արդյունավետ կլինի, եթե տվյալ սոցիալական խմբերը եւս իրենց հարցերը դիտեն ոչ թե սոսկ սոցիալական, այլ որպես քաղաքական խնդիրներ, ինչպես որ դրանք իրականում կան, հասնեն նվազագույն անհրաժեշտ ինքնակազմակերպման, չբավարարվեն խաբեական կիսատ-պռատ լուծումներով։ Մենք կոչ ենք անում բոլորին՝ չսպասել վարչախմբի ապօրինության թիրախ դառնալու իրանց հերթին, այլ, կանխելու համար իրենց սպառնացող նույն ճակատագիրը, մասնակից դառնալ անմիջական հարվածի տակ հայտնվածների պայքարին»,- գրված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, գրեթե բոլոր քաղաքապետերի նման իր պաշտոնավարությունը սկսել է փողոցային առեւտրի դեմ պայքարով:

Ստեղծված իրավիճակը դժվարին կացության մեջ է դրել հազարավոր առեւտրականների, որոնք  բազմամարդ բողոքի ակցիաներ են անցկացնում եւ պահանջում վերականգնել իրենց աշխատելու իրավունքը:

© Medialab.am