Փսորիզը վարակիչ հիվանդություն չէ, սակայն նման խնդիր ունեցողները հաճախ արժանանում են խտրական վերաբերմունքի․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր փսորիազի համաշխարհային օրն է:

Ողջ բժշկական հանրությունը նման օրերն օգտագործում է իրազեկման, տեղեկատվության բարձրացման նպատակով, որն ուղղված է փսորիազ ունեցողների առողջական վիճակը բարելավելուն: Փսորիազը քրոնիկական հիվանդություն է, ցավոք, այն դեռևս համարվում է անբուժելի, սակայն բժշկագիտության ձեռքբերումներն այս բնագավառում շատ մեծ են. ընդամենը 70 տարվա ընթացքում մեծ թռիչք է կատարվել փսորիազի բուժման հարցում:

Փսորիզը վարակիչ հիվանդություն չէ, սակայն հասարակության կողմից նման խնդիր ունեցողները հաճախ արժանանում են խտրական վերաբերմունքի: Հիվանդությունը հիմնովին բուժման չի ենթարկվում, բայց ճիշտ և հետևողական խնամքի պարագայում` գործնականում կարելի է հասնել առողջ վիճակի, պարզապես անհրաժեշտ է դիմել բժիշկ-մասնագետի:

Պետք է հիշել, որ ընդամենը մի քանի օրում հրաշալի արդյունք հնարավոր չէ ստանալ. մի դիմեք անհասկանալի բուսաբուժական մեթոդների, մի զբաղվեք ինքնաբուժմամբ: Դիմե՛ք մաշկաբանների: Եղե՛ք առողջ և տեղեկացված: