«Երազել ուրիշի նման, ապրել նրա փոխարեն». Վահե Դավթյան

12-11-2017
3308 դիտում
«Երազել ուրիշի նման, ապրել նրա փոխարեն». Վահե Դավթյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է 1990-ականների հայտնի և սիրված երգիչ Վահե Դավթյանը:

- Դուք 1990-ականների սիրված երգիչներից էիք: Իմ պատանեկության սիրելի հիշողություններից Ձեր էկրանային կերպարն էր` հանդարտ և մի տեսակ վստահելի, թեպետ շատ լավ հիշում եմ` երգում էիք ջարդվող ճոճանակի մասին: Ձեր երգերի առաջին հնչյուններից վազում էինք էկրանի մոտ, որովհետև խորհրդային տարիներից հետո առաջին անգամ հայկական հեռուստաալիքը ցուցադրում էր հայերեն երգող տղայի, որի երգը ժամանակակից է, քո մասին է և քեզ հուզում է: Ու չհասկացանք էլ, թե ինչպե՛ս, կոնկրետ ո՛ր ժամանակից սկսած Դուք այլևս չերևացիք էկրանին: Ինչո՞ւ անսպասելի լռեցիք, ի՞նչ էր պատահել:

- Այդ հարցի պատասխանը շատ երկար է: Իսկ մեկ բառով ասած` հոգնեցի:

- Բայց որքա՞ն ժամանակ էիք երգել, որ մեկեն հոգնեցիք:

- 1994-1999 թվականներին: Հինգ տարի:

- Երգիչներ կան, որ, իրենց բառերով ասած` «մանկուց երգում են» ու չեն հոգնում: Դուք ինչո՞ւ 5 տարի հետո հոգնեցիք:

- Այլևս չուզեցի լինել այդ աշխարհում` շոու բիզնեսում: Կամ` գուցե ասելիքս հատեց:

- Ինչո՞ւ, ի՞նչն էր տհաճ այդ աշխարհում:

- Դիսկոմֆորտ էր:

- Ի՞նչը կամ ո՞վ էր դիսկոմֆորտ առաջացնում:

- Կա՛մ պետք էր դառնալ պալատական երգիչ, կա՛մ` անհաջողակ:

- Դուք ո՞րն ընտրեցիք:

- Ոչ մեկը: Հեռացա:

- Ո՞ւր գնացիք: Գնացիք ի՞նչ անելու:

- Իմ մի բանաստեղծությունն ավարտվում է այս տողերով` «Երազել ուրիշի նման, ապրել նրա փոխարեն»:

- Հնարավո՞ր է ապրել ուրիշի կյանքը: Իսկ Ձեր կյանքն ո՞վ պիտի ապրի:

- Հնարավոր է քոնը չապրել: Ընտրության հարց է, ճաշակի:

- Ներեցե՛ք, բայց ո՞ւմ կյանքն սկսեցիք ապրել:

- Մի ուրիշ իմը:

- Անձի երկվությո՞ւն:

- Անձը քանակով չի չափվում: Այն անսահման շատ կարող է լինել: Դու կարող ես ապրել հազար անգամ, հազար տեղում: Դա էլ է ճաշակի հարց: Երգ ես գրում, ծառ ես տնկում, երեխայիդ հեծանիվ քշել ես սովորեցնում`սրանցից յուրաքանչյուրը կարող է լինել երջանկության, բավարարվածության աղբյուր:

- Երբևէ ստեղծագործության ծուխն ու հաճույքն զգացած մարդը կարո՞ղ է բավարարված զգալ առանց ստեղծագործելու: Ստեղծագործությունները չե՞ն հրում:

- Չեմ հիշում արդեն, երևի:

- Խոսակցական թերապիայի է նմանվում զրույցը` ինտելեկտուալ և այլ վախերի կույտերը վերլուծելու փորձով, ցավոք` միայն փորձով:

- Մարինա՛ ջան, հումորով վերաբերվեք:

- Լավ: Ուրախ բաներից խոսենք: Հիմա Հայաստանում չեք ապրում: Մոսկվա եք տեղափոխվել ընտանիքով: Ինչո՞ւ և ե՞րբ գնացիք:

- 2014-ին գնացինք`աշխատանքով պայմանավորված:

- Ինչպիսի՞ Հայաստան թողեցիք:

- Իր զավակների հուսահատությանն անտարբեր հայրենիք:

- Հայրենի՞ք, թե՞ իշխանություն:

- Ես հուսահատ եմ, դադարել եմ հավատալ Հայկի որդիների աստղին: Ես էլ չեմ տեսնում ուժը, որն ապրեցնում է, ծաղկեցնում: Մենք արդեն ծեր ենք ու հոգնած: Ու մեր երակներում հոսող արյունը որքան ազնվական է, նույնքան էլ` անլիցք: Եվ այդ հարցում իշխանությունը կապ չունի:

- Ծերերն ու հոգնածները մեռնում են, մենք ծերունու պես ոտքերն ենք քստքստացնում, մեկ էլ` հո՛պ, հեղափոխություն, ազատություն, միացում, Արցախի ազատագրում:

- Երանի Ձեզ, որ հավատում եք: Երանի չկորցնեք այդ հավատը:

- Կա՞ կուսակցություն կամ անհատ, որին հավատում եք:

- Ցավոք, չկա: Ցավոք: Գիտեմ, որ շատերն ինձնից ուժեղ են գտնվել ու պայքարում են, բայց նորից եմ ասում` կուսակցություններ, իշխանություն և այլն` դրանք հե՛չ: Ես մեզնից եմ հիասթափված և առաջին հերթին ինքս ինձնից:

- Ի՞նչ պիտի անեիք կամ ի՞նչ չպիտի անեիք:

- Գուցե մի օր չեմ աղոթել կամ մեկի գլուխը չեմ ջարդել, կամ իմ տնկած ծառը չեմ խնամել, կամ հիմար երգեր եմ երգել:

- Քիչ է պատահում, երբ մարդը քաղաքական-հասարակական տապալումներում իր մեղքի բաժինն էլ է տեսնում: Մյուս կողմից` mea culpa-ի գաղափարը չափազանցված չէ՞, երբ մարդն իր վրա է վերցնում մի ամբողջ քաղաքական համակարգի մեղքերն ու սխալները:

- Ինձնից առաջ կատարված և նույնիսկ ինձնից հետո կատարվելիք ամեն ինչի պատասխանն ինձնից ուզելու են: Ոչինչ առանց իմ ու Ձեր մասնակցության չի եղել ու չի լինելու: Ո՛չ 1000 տարի առաջ, ո՛չ էլ 1000 տարի հետո:

- Ամեն մեղք տեր ունի, արժի՞ ուրիշի մեղքերը հավաքել ու ծանրանալ:

- Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր բաժինը:

- Լավ: Հերոս ունե՞ք: Ո՞վ է Ձեր հերոսը:

- 43-ամյա տղամարդիկ հերոսներ չեն ունենում: Միայն պարտականություններ:

- Իսկ ունեի՞ք հերոս:

- Իհարկե: Երեխա ժամանակ Սասունցի Դավիթը, հետո` Փոքր Մհերը:

- Ինչո՞ւ Դավթին փոխարինեց Փոքր Մհերը:

- Որովհետև նույն ողբերգությունն ապրեցինք: Միայն մեկ տարբերությամբ` Աստված ինձ քարայրի փոխարեն հրաշալի ընտանիք տվեց:

- Ի՞նչ եք ժառանգելու Ձեր երեխաներին:

- Ազատություն` հարցեր տալու և պատասխաններ փնտրելու:

- Երևի տեղյակ եք` Հայաստանում ուսանողները պայքարում են տարկետման վերացման օրենքի նախագծի դեմ:

- Երանի նրանց: Նախանձում եմ:

- Բայց մի մասը կարծում է, որ ամոթ բան է, երբ երիտասարդը գիտությամբ զբաղվելու քողի տակ խուսափում է բանակում ծառայելուց:

- Ես չէ, որ պիտի դատեմ: Այն օրը, երբ լքեցի Հայաստանը, կորցրի այդ իրավունքը:

- Սփյուռքի և Հայաստանի կապի մասին ի՞նչ կասեք: Ի՞նչ կարող է անել սփյուռքը Հայաստանի համար, և ի՞նչ կարող է տալ Հայաստանի Հանրապետությունը սփյուռքին:

- Եթե միայն ցանկանայինք... Մեր հայրենիքը կդարձնեինք դրախտ:

- Ամեն տարի համահայկական հիմնադրամը սփյուռքից քիչ փող չի հավաքում:

- Ես նկատի ունեմ շատ ավելի մեծ ու գլոբալ հարց, քան փող հավաքելն է: Փող տալն ամենահեշտն է:

- Այսինքն` սփյուռքն ու Հայաստանը սերտորեն կապված են փողի գործով:

- Այսինքն`երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատվություն ոչ ոք չի զգում: Չի ուզում պատասխանատվություն վերցնել:

- Իսկ Դո՞ւք:

- Արդեն պատասխանել եմ այդ հարցին: Ես ու ինձ նմանները տանուլ ենք տվել:

- Ուզում եմ մի դրական բան հարցնել, որ ուրախ նոտայով ավարտենք: Ի՞նչ հարցնեմ` Դո՛ւք ասեք:

- Մի քանի օր առաջ քեֆս լավ էր, սիրտս` բարակ, 12-ամյա տղայիս ասացի` «Որտեղ էլ ապրելիս լինենք, մարմինս անպայման Հայաստանում կթաղես»: Տղաս պատասխանեց, որ Հայաստանը գերեզմանոց չի:

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի

MediaLab.am