Ոչ թե «և, և», այլ «նախ Ռուսաստան, հետո Եվրամիություն»

15-12-2017
18716 դիտում
Ոչ թե «և, և», այլ «նախ Ռուսաստան, հետո Եվրամիություն»

Նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՀՀ իշխանությունները, իշխանամետ ուժերն ու լրատվամիջոցները պարբերաբար ներկայացնում են որպես «արդեն երկար տարիներ Հայաստանի որդեգրած «և, և»-ի հաղթանակ», այսինքն Հայաստանի կողմից և՛ եվրասիական, և՛ եվրոպական կողմի հետ բալանսավորված հարաբերություններ ստեղծելու հաջողության պատմություն։ Այդուհանդերձ, մի քանի տարբեր պատճառներով «և, և»-ի մասին խոսք լինել չի կարող։

Եվ ժողովրդավար, և ավտոկրատ

Նախ և առաջ, արտաքին քաղաքականության «և, և»-ը անհնար է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության՝ միմյանցից սկզբունքորեն տարբեր բնույթների պատճառով։ ԵԱՏՄ դեպքում մենք գործ ունենք տնտեսական միության հետ, որը կարգավորում է երրորդ կողմերի հետ Հայաստանի արտաքին առևտուրը, ներմուծման դրույքաչափերը և մի շարք այլ տնտեսական կարևորագույն դրույթներ՝ որպես կանոն հաշվի չառնելով Հայաստանի կարիքները։ Ընդ որում՝ ԵԱՏՄ անդամակցությունը չի ենթադրում լայնածավալ բարեփոխումներ, ժողովրդավարության ամրապնդում և այլն: Ավելին՝ ԵԱՏՄ-ին՝ ավտորիտար երկրների այս տարօրինակ խմբակին անդամակցությունից հետո Հայաստանում ժողովրդավարական սկզբունքները անկում են ապրում. փոխվել է սահմանադրությունը, ավելացել խաղաղ ցույցերից բերման ենթարկվողների թիվը, առաջացել համատարած քաղաքական ապատիա։ Այս անկումն արձանագրվում է անգամ միջազգային հետազոտական կենտրոնների կողմից։ Այսպես, օրինակ, «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական ընկերությունը 2017թ․ հունվարին հրապարակված ժողովրդավարության վերաբերյալ իր ամենամյա զեկույցում նշում է, որ Հայաստանը 2016-ին արդեն ավտորիտար համակարգ է։ 2015-ին նույն կազմակերությունը Հայաստանին կիսաավտորիտար էր համարում։

ԵՄ հետ համաձայնագիրը, մյուս կողմից, բարի կամքի հիման վրա հարաբերությունների սերտացման և, ամենակարևորը, Հայաստանի կողմից ինքնակամ ժողովրդավարական ռեֆորմների իրականացման համար ճանապարհային քարտեզ է։ Այլ կերպ ասած՝ ԵԱՏՄ հետ ինտեգրումը և ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը էապես տարբեր երևույթներ են՝ հակադիր բևեռներ, քանի որ չի կարող նույն երկիրը միաժամանակ լինել և՛ ավտորիտար, և՛ ժողովրդավար։ Այս կոնտեքստում կարող է լինել միայն «կամ-կամ»՝ կամ Հայաստանը շարունակում է կրկնօրինակել բելառուսական, ռուսական ու ղազախական կառավարման մոդելներն ու մերձենալ մարդու իրավունքները չհարգող այս ավտորիտար խմբակի հետ, կամ իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումներ ու իսկապես ստեղծում  ամուր կապեր Եվրոպայի հետ, որովհետև ԵՄ սկզբունքները հիմնված են հենց այդ արժեքների վրա։ Եվրամիությունը նախ և առաջ արժեքների վրա հիմնված միություն է, որի հիմքում ընկած են ժողովրդավարական արժեքները, խաղաղությունն ու մարդու իրավունքները։ Իր արտաքին քաղաքականությունը ևս ԵՄ-ն ձևավորում է հենց այդ արժեքների հիման վրա, ուստի Եվրամիության հետ հարաբերությունների սերտացումը ենթադրում է ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարության հանդեպ հարգանքի մշակույթի ձևավորում։ 

Պաշտոնական հայտարարությունները ևս հերքում են «և, և»-ը

«Եվ, և»-ի անհնարության մասին են վկայում նաև հայկական կողմի պաշտոնական հայտարարությունները։ Այսպես, օրինակ, 2017թ. դեկտեմբերի 1-ի խորհրդարանական լսումների բացման խոսքում ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը նշեց, որ լսումների առավել ներառական ձևաչափ ապահովելու նպատակով իրենք հրավիրել են «ոչ միայն ԵՄ անդամ երկրների դեսպաններին, այլ նաև մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության դեսպանատան գործընկերներին, ԱՄՆ, Չինաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ-երկրների դեսպանատներին՝ ապահովելով մաքսիմալ ներառական ներկայացուցչություն և քննարկումների ձևաչափ»։ Նմանօրինակ հայտարարություններով ՀՀ իշխանությունները կարծես արդարանում են Կրեմլի առաջ ԵՄ հետ պայմանագիրը կնքելու համար։ «Ռազմավարական գործընկեր» արտահայտությունը և ՌԴ դեսպանատունը ԵԱՏՄ երկրներից զատ հիշատակելը Հանրապետական խմբակցության անունից հնչող առաջին արդարացումն էր։ Դրան հաջորդեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը․ «Մենք նպատակ չունենք այդ (ԵՄ հետ) հարաբերությունները կառուցել և ամրապնդել որևէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին»։ Նմանատիպ հայտարարությունները ստեղծում են տպավորություն, որ Հայաստանը պարտավորված է զգում պարբերաբար վստահեցնել Մոսկվային, որ չի պատրաստվում որևէ մեկի հետ «դավաճանել» ՌԴ-ին։ Մյուս կողմից, չգիտես ինչու, ԵԱՏՄ կարգավորումներ մտցնելիս կամ հերթական պայմանագիրը Մոսկվայի հետ գաղտնի կերպով կնքելիս, Հանրապետական խմբակցության անդամները իրենց պարտքը չեն համարում հիշատակել, որ Եվրամիության հետ հարաբերությունների հաշվին չեն կատարում այդ քայլերը։ 

Այս լսումներին զուգահեռ ԱԺ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ռուսաստանի Դաշնության իշխող «Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության երիտասարդական կազմակերպության՝ «Մոլոդայա գվարդիայի» պատվիրակների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշեց. «Այսօրվա միջազգային հարաբերությունները միագիծ չեն, դրանք ծավալուն են, պատկերավոր ասած, 3D ձևաչափում։ Եվ մենք կյանքի ենք կոչում արտաքին քաղաքականություն՝ հիմնված հենց եռաչափ հարթության վրա՝ լրացնելով հայ-ռուսական հարաբերություններն այն ամենով, ինչ հնարավոր է լրացնել Եվրամիության կողմից»։ Հարց է ծագում՝ արդյո՞ք ԵՄ-ն տեղյակ է, որ Հայաստանի հետ իր հարաբերությունները ստեղծված են ՀՀ-ՌԴ հարաբերությունները լրացնելու համար։

Այս բոլոր հայտարարությունները՝ ՌԴ-ին անընդմեջ ռազմավարական դաշնակից անվանելը, պարբերաբար ԵԱՏՄ-ին հղում անելը, և այն շեշտադրումները, որ Եվրամիության հետ հարաբերությունները չեն ամրապնդվելու որևէ այլ կառույցի հաշվին կամ հայ-ռուսական հարաբերությունները լրացվելու են այն ամենով, ինչ հնարավոր է լրացնել Եվրամիության կողմից, վկայում են, որ Հանրապետական խմբակցությունը առաջնայնությունը տալիս է ՌԴ հետ հարաբերություններին: Իսկ քանի դեռ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն են, «և, և»-ի մասին խոսք լինել չի կարող։ Ուստի «և, և»-ի քաղաքականություն գոյություն չունի, կա միայն «նախ՝ ՌԴ, հետո՝ ԵՄ» արտաքին քաղաքականություն։

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»