«Ախթալայի կոմբինատի թափոնը շարունակվում է հեղեղատարներով, վտակներով, խողովակներով լցվել Դեբեդ գետն ու աղտոտել». Լենա Նազարյան

26-01-2018
5334 դիտում
«Ախթալայի կոմբինատի թափոնը շարունակվում է հեղեղատարներով, վտակներով, խողովակներով լցվել Դեբեդ գետն ու աղտոտել». Լենա Նազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

- Դուք տեսանկարահանել եք, թե ինչպես է Ախթալայի պղնձամոլիբդենային հանքավայրի թափոնը լցվում Դեբեդ գետը: Եվ, ըստ էության, չկա որևէ պատասխանատվություն: Այս դեպքի հետ կապված նախևառաջ բնապահպանության նախարարությո՞ւնը պիտի արձագանքի: Ո՞վ կկանխի այն:

- Եթե հիմա էլ գնաք այդ տարածք, կտեսնեք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թափոնը շարունակվում է հեղեղատարներով, վտակներով, խողովակներով լցվել Դեբեդ գետն ու աղտոտել գետի ջուրը, ափամերձ տարածքները: Տեղացիների հետ զրույցից հասկացա, որ Այրումի պոչամբարը լցվել է, ու հանքարդյունաբերող ընկերությունը, չունենալով թափոնի ամբարման տարածք, պարբերաբար այն բաց է թողնում գետի մեջ: Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտումը մշտական, սովորական դարձած հանցագործություն է:

Այնպես չէ, որ բնապահպանության նախարարությունում կամ իրավապահ մարմինները չգիտեն այս խնդրի մասին. բազում անգամ լրագրողները, բնապահպանները, ՀԿ-ների ներկայացուցիչները, տեղացիներն ահազանգել են ու հրապարակել տեսանյութեր, բայց խնդիրը չի լուծվում, որովհետև Հայաստանում բնապահպանական քաղաքականությունը ստորադասվում է տնտեսական քաղաքականությանը: Տեսանյութի հրապարակումից արդեն երկու օր է անցել, սակայն, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը որևէ կերպ չի արձագանքել:

Իսկ Ախթալայում հանքարդյունաբերական գործունեություն իրականացնող ընկերությունն ամենափակ, շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից ամենաանպատասխանատու ու ամենաչվերահսկվող ընկերություններից մեկն է: Այնտեղ մշտապես վթարներ են տեղի ունենում. վերջերս էլ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին պատկանող պոչատարը վթարվել էր, և ամբողջ թափոնը տարածվել էր Ախթալայի թիվ 2 դպրոցի այգում և շրջակայքում:

Դեռ 2016-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը հրապարակել էր մի զեկույց, որի համաձայն Ախթալայի դպրոցների ու մանկապարտեզների հողի նմուշներում պղնձի կոնցենտրացիաները տատանվել են 140.81-579.62 մգ/կգ արժեքների տիրույթում: Պղնձի համար ՀՀ հողի ստանդարտը 3 մգ/կգ է, այսպիսով՝ հողի բոլոր նմուշներում պղնձի կոնցենտրացիան այն ժամանակ արդեն իսկ գերազանցում էր միջինում 108.5 անգամ: Կապարի արժեքները, ըստ այդ հետազոտության, տատանվել են 185.25-536.97մգ/կգ տիրույթում, մինչդեռ կապարի համար հողի ստանդարտը 32 մգ/կգ է: Այդ դպրոցն արդեն իսկ վտանգավոր տարածք է երեխաների համար:

- Հայաստանի բոլոր հանքերը բաց եղանակով են աշխատում, և թափոնները բաց տարածություններում են: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի համալիր լուծումը:

- Հանքավայրի շահագործումից հետո հանքի փակման, շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների ծախսերը պետք է իրականացնի հանքարդյունաբերող ընկերությունը, և դա պետք է խստորեն վերահսկվի պետական մարմինների կողմից: Համենայն դեպս, այդպես է արվում կանոնակարգված հանքարդյունաբերական ոլորտ ունեցող երկրներում:

Բայց սրա համար քաղաքական կամք է պետք: Պետությունը պետք է հանքարդյունաբերական ընկերություններին թելադրի իր պայմանները, մինչդեռ կառավարության կողմից այդ պահանջը չկա, կա միայն հրավեր՝ ներդրում անելու ու բնապահպանական հարցերում զիջումներ անելու պատրաստակամություն: Այդպես հաստատվեցին Թեղուտի և Ամուլսարի ծրագրերը, և մինչև հիմա էլ անտեսվում են այդ ծրագրերի հետ կապված մասնագետների կողմից կանխատեսվող վտանգներն ու ահազանգերը:

- Ինչո՞ւ այս խնդիրները վեր չեն հանվում էկոլոգիական խնդիրներով զբաղվող ակտիվիստների, ՀԿ-ների կողմից: Գուցե չե՞ն կարողանում ազդեցություն ունենալ, կանխել այն, դրա համար էլ չեն պայքարում:

- Կարծում եմ` մեծ մասամբ հենց նրանց կողմից է վեր հանվում: Եթե հանրությունն իմանում է ապօրինի որսի, արտահոսքերի, ծառահատման կամ այլ բնապահպանական խնդիրների մասին, ապա, որպես կանոն, դրա մասին ահազանգել է որևէ բնապահպան, արշավական կամ լրագրող: Շատ ավելի հազվադեպ են ահազանգում տուժող համայնքի բնակիչները, միայն եթե նրանց շահերին է բախվում խնդիրը. վերջերս տեսանք, որ Արդվի համայնքի բնակիչները բացահայտ ընդդիմացան իրենց համայնքում հանքի բացմանը և խոսեցին հնարավոր վտանգների մասին:

Երբեք չեմ տեսել, որ հանքարդյունաբերական կամ արդյունաբերական ընկերության աշխատակիցները բարձրաձայնեն որևէ բնապահպանական խնդրի մասին, թեև ամենաստույգ ու օպերատիվ տեղեկություններին նրանք են տիրապետում: Բայց այս մարդիկ պարզապես ահազանգողներ են (whistleblowers):

Բնապահպանական շարժման, իրավունքների և շահերի պաշտպանության համար անհրաժեշտ է, որ ահազանգողներն ունենան հենարան` ի դեմս հանքարդյունաբերական գործունեության հետևանքով տուժած բնակիչների, ովքեր պատրաստ կլինեն բողոքել, քաղաքական գործիչների, ովքեր առաջ կմղեն ոլորտի կարգավորման քաղաքականության թեզերը: Բնապահպանական շարժման շատ վառ, ընկալումներ փոխող, կարևոր դրսևորումներ եղել են, բայց դրանց գործիչներն այդպես էլ չեն կարողացել կամ չեն ցանկացել ընդլայնել այդ գործունեությունը: Որովհետև բնապահպանական շարժումը, մեծ հաշվով, քաղաքական գործունեություն է, ու, կարծում եմ, նրանք հենց այդ ճանապարհին էլ կանգ առան:

- Ի՞նչն է պատճառը, որ հատկապես հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին հնարավոր չի լինում լուծումներ տալ, համալիր՝ միջազգային կազմակերպությունների և օլիգախների շա՞հն է:

- Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ ֆինանսական կառույցները, բանկերը, ընկերությունները, հաճախ լինելով շատ ավելի ուժեղ, քան կոռումպացված և թույլ կառավարություններն են, որոնք թե՛ չեն կարողանում զերծ մնալ բիզնեսի հետ շահաբաժին կիսելու գայթակղությունից և թե՛ չեն կարողանում ապահովել երկրում այնպիսի տնտեսական զարգացում, որը հակակշիռ կլիներ այդ կազմակերպությունների առաջարկին, թույլ են տալիս, որ այդ հարստահարողներն իրենց ավելի լավ զգան, քան նրանց գործունեության հետևանքով տուժող համայնքների բնակիչները:

Որպեսզի խաղի կանոները թելադրվեն ներսից, պետք է կառավարությունը չլինի կոռումպացված, և երկիրը աղքատ ու կախյալ չլինի տարբեր ներդրողների քմահաճույքներից: Իսկապես որ, օրինաչափություն է Հայաստանի որևէ համայնքում հանքարդյունաբերություն սկսելու տնտեսական նպատակահարմարությունը ներկայացնել աշխատանք և աշխատատեղեր ստեղծելու հիմնավորումներով: Նույնիսկ խոստումի տեսքով «աշխատանք կլինի ձեզ համար» ասված պայմանը համայնքի բնակիչների մոտ իսպառ չեզոքացնում է մնացած բոլոր՝ տնտեսական, առողջապահական և բնապահպանական հարցերի վերաբերյալ քննարկում անցկացնելու, առավել ևս՝ դիմադրություն ցուցաբերելու ցանկությունը:

Մանե Հարությունյան

MediaLab.am