«Բանակը նմանվել է որբ երեխայի, որի նկատմամբ ուզում են խղճահարություն, ամոթ, թասիբ առաջացնել, որպեսզի բոլորը ձեռք մեկնեն». Ազգ-բանակից՝ տուֆ ու լվացքի մեքենա

28-02-2018
7802 դիտում
«Բանակը նմանվել է որբ երեխայի, որի նկատմամբ ուզում են խղճահարություն, ամոթ, թասիբ առաջացնել, որպեսզի բոլորը ձեռք մեկնեն». Ազգ-բանակից՝ տուֆ ու լվացքի մեքենա

Վերջին շաբաթներին սկիզբ առած բանակին լվացքի մեքենա նվիրելու, աղյուս մատակարարելու «ակցիաները» Միջազգային և անվտանգությասն հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը շատ վտանգավոր է համարում, քանի որ այդ ամենը մուրացկանության է նմանվում։

«Բանակը նմանվել է որբ երեխայի, որի նկատմամբ արդեն ուզում են խղճահարություն, ամոթ, թասիբ առաջացնել, որպեսզի բոլորը ձեռք մեկնեն, բայց սա վտանգավոր բան է։ Ես հիմա էլ չեմ կարծում, որ մեր բանակն անմխիթար է, բայց նայելով համատարած անհասկանալի վիճակին, երբ իշխանության ներկայացուցիչներ են սկսում նման նախաձեռնություններով հանդես գալ, դրանից ավելի ես վախենում»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ օրերս ֆեյսբուքում սկսվել էր «ազգ-լվացքի մեքենա» անունը ստացած ակցիան՝ բանակին լվացքի մեքենաներ նվիրաբերելու համար, հիմա էլ որոշել է տուֆ ձեռք բերելու համար դրամահավաք սկսել, որպեսզի այս քարով շփման գծի դիտարկվող հատվածներում պատեր շարեն։

Ակցիայի ակտիվ նախաձեռնողներից մեկը՝ Արթուր Դանիելյանը, հաշվարկել է, որ բանակին հարկավոր է 20 հազար հատ տուֆի սալիկ, որի հատը իրենք կարող են ձեռք բերել 200 դրամով: Ակցիային միացել է նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը։ Նա «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել.

«Ինձ հայտնի դարձավ, որ որպես անհապաղ լուծում՝ կարելի է կիրառել հասարակ տուֆից կառուցվող պատերը: Տեխնիկական նրբությունները քննարկեցինք հրամկազմի հետ և համատեղ եզրակացրեցինք, որ 20 հազար տուֆի աղյուսներ ապահովելով հնարավոր կլինի միջանկյալ լուծում տալ խնդրին: Տրանսպորտը և այլ վերադիր ծախսերը ներառյալ մեկ աղյուսի արժեքը կկազմի 200 դրամ: Այսինքն՝ անհրաժեշտ է 4 միլիոն դրամ: Ես անմիջապես կխոսեմ բոլոր այն մարդկանց հետ, ում օգնությամբ բազմաթիվ ծրագրեր եմ իրականացրել, ինչպես նաև շնորհակալ կլինեմ, եթե իմ ֆեսբուքյան ընկերները միանան այս ծրագրին: Կարծում եմ, եթե արագ արձագանքեք, հաշված օրերի ընթացքում կկարողանանք աշխատանքները իրականացնել: «Մեկ ազգ-մեկ բանակ»-ը պլակատ չի, ապրելակերպ է»։

Նա նաեւ նշել է.

«Եղբայր , դուրդ չի գալի՞ս իմ իրականացվող ծրագիրը , կամ ինչ-որ ծրագիր իրականացնելու կոչը, քոնն արա։ Արա ու հիմնավորիր ( հիշեցում ! , կանխավ համաձայնեցնելով ոլորտի մասնագետների , գիտակների, վաստակ ունեցողների հետ), թե չէ արածդ շան տղություն է»։

MediaLab-ի ծաղրանկարներից մեկը, որը բուռն քննարկման առիթ հանդիսացավ: 7 միլիոն դրամի ծաղիկների մասին ավելի մանրամասն՝ այստեղ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով խնդրին, «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է, որ սա վերին աստիճանի վտանգավոր բան է․

«Ես ուզում եմ, որ ՀՀ ղեկավարությունը, այդ թվում՝ ռազմական ղեկավարությունը գիտակցի այս ամենի ուղերձը։ Շարքային քաղաքացին, զորակոչիկի ծնողը, վախենամ, թե հետևություն անի, որ պետությունն այլևս չի կարողանում պահել բանակը, պետությունն այլևս չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, և հանրությանը կրկնակի բեռի տակ են դնում։ Առաջինը՝ այն հարկերն են, որ գնում է բյուջե, և իշխող կուսակցությունը պետք է օպտիմալ օգտագործի, ապահովելով պետության նվազագույն կարիքները, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում»։

Նրա դիտարկմամբ՝ այս բոլոր քայլերը ցույց են տալիս, որ պետության ռեսուրսները մաշվել են, և այս դեպքում այլևս հասարակությանը չես կարող հոգեբանորեն համոզել, որ բանակը մարտունակ է:

«Ինչպե՞ս կարող է բանակը մարտունակ լինել, եթե պետությունն ի վիճակի չէ մարդու նվազագույն կարիքները հոգալ։ Սա հոգեբանական շատ լուրջ հարված է լինելու բանակի հեղինակությանը։ Ես հիշում եմ՝ երբ իշխանությունը շրջանառության մեջ դրեց ազգ-բանակ կոնցեպցիան, ունեի լուրջ մտահոգություն՝ արդյոք մենք իսկապե՞ս դա նույն կերպ ենք պատկերացնում։ Հասարակության և բանակի սերտ կապն անհրաժեշտություն է, այն էլ դե ֆակտո պատերազմական վիճակում գտնվող պետության համար։ Եվ ազգ-բանակի կոնցեպցիան, որը, իմ պատկերացմամբ, եղել է այն, որ պետությունը այնպիսի ֆանտաստիկ և օպտիմալ կառավարման մեխանիզմ ստեղծի, որ յուրաքանչյուր անհատի ռեսուրսը, ներուժն առավելագույնը օգտագործվի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում, որ ճիշտ մարդիկ լինեն ճիշտ պահին ճիշտ տեղում։ Սակայն իմ և իշխանության պատկերացումները, ակնհայտ է, որ տարբեր են»,-ասում է նա։

Տեղեկացնենք, որ ի տարբերություն 2017 թվականի, այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ, պաշտպանությանը տրվող ծախսերն ավելացվել են 37 միլիարդ դրամով: 2018-ին պաշտպանության բյուջեն կազմում է 246 մլրդ 868 մլն դրամ, կամ ավել է 17.6%-ով,  այն դեպքում, երբ կրթության եւ առողջապահության ոլորտներում բյուջեով նախատեսված հատկացումներն, օրինակ, կրճատվել են:  

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ փոխանակ իրենց պարտականությունը կատարեն առկա միջոցները օպտիմալ օգտագործելով և առավելագույն արդյունքներ ցույց տան, անհասկանալի նախաձեռնություններով փորձում են, ըստ իրենց, վարակել մյուսներին, մուննաթ գալ, պարտադրել մյուսներին, ներողություն, բայց սա վերին աստիճանի մտահոգիչ բան է։

Ակտիվիստ, մասնագիտությամբ լուսանկարիչ Վահե Գևորգյանը նշում է, որ առաջաին հայացքից այս ամենի մեջ թվում է, թե արտառոց բան չկա, եթե հաշվի չառնենք, որ ժողովուրդն արդեն իսկ հարկերի տեսքով իր ներդրումն ունենում է բանակի բյուջեում:  

«Սակայն երկիրը, ինչպես նաև բանակը ագահորեն թալանվում են, իսկ դրամահավաք կազմակերպող և իրականացնողները հենց թալանողներն են կամ էլ սոլիդար են վերջիններիս։ Այսինքն՝ փորձ է արվում լեգիտիմացնել թալանը և ցանկացած նման դրամահավաք նոր թալանի փորձ է, բայց արդեն ժողովրդի համաձայնությամբ և հոժար կամքով։ Եթե իհարկե կարողանային հավանության արժանանալ, ինչը չստացվեց: ՀՀԿ-ի կամ դրա մերձավորների կողմից բանակի համար լվացքի մեքենայի կամ որևէ այլ նպատակով դրամահավաք կազմակերպելը նույնն է, ինչ քո տանից մեկը գողություն անի, այնուհետև քեզնից փող վերցնի, որ գողացվածի մի չնչին մասը վերադարձնի։ Իսկ հետո էլ քո վրա մուննաթ գա, որ տան բոլոր անդամներից գումար հավաքես և հետ գնես գողացվածը՝ ոստիկանություն դիմելու և հանցագործների համար պատիժ պահանջելու փոխարեն: Համաձայնեք՝ բավականին աբսուրդային երևույթ է»,- ասում է Վահե Գեւորգյանը:

Ըստ նրա՝ նախաձեռնողներն ինքնագովազդվելու, ինչ-որ բան անելու անհրաժեշտություն ունեն, այսինքն՝ հաջող քարոզն իրականացնելու համար նրանց լսարան է պետք։

«Բացի այդ, բանակի մասին «վատը խոսելը» Հայաստանում գրեթե տաբու է, անգամ բանակի թալանի մասին խոսելն է տաբու, ինչից էլ օգտվում են «փղերը»»,-ասում է նա։

Ըստ Գեւորգյանի, հենց այս պատճառով էլ ընտրում են բանակը, որպեսզի քննադատողներին հակադարձելու լայն հնարավորություն ունենան։

«Եթե ավելի պարզ խոսենք, ապա կարելի է ասել, որ նրանք օգտագործում են թե՛ բանակը, թե՛ հասարակությանը՝ սեփական շահի սիրույն»,-նշում է նա:

Լուսանկարը՝ ակցիայի նախաձեռնողների ֆեյսբուքյան էջից:

Մանե Հարությունյան

MediaLab.am