«Ամեն ջանք կգործադրենք, որ Սեֆիլյանի գործով ՄԻԵԴ-ում քննությունը հնարավորինս արագ ընթանա». Արայիկ Պապիկյան

21-03-2018
8514 դիտում
«Ամեն ջանք կգործադրենք, որ Սեֆիլյանի գործով ՄԻԵԴ-ում քննությունը հնարավորինս արագ ընթանա». Արայիկ Պապիկյան

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը, Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի գնահատմամբ՝ քաղաքական հաշվեհարդար էր։

«Այդուհանդերձ, այս դատավճիռը սպասելի էր։ Մենք համաձայնել ենք բոլոր գնահատականներին, որ տրվել են այս առումով՝ և՛ քաղաքական հաշվեհարդար, և՛ արդարադատության իսպառ բացակայություն։ Դա գաղտնիք չէր հենց առաջին օրից, մինչև դատավճռի հրապարակումը բոլորի համար պարզ էր, որ սա քաղաքական գործընթաց է։ Դատարանն ընդամենը ձևական կողմն էր ապահովում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Արայիկ Պապիկյանը։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու,

խումբ ձևավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ։ Այսօր դատարանը վճռեց Սեֆիլյանին դատապարտել 4 տարի 6 ամիս, 5 տարի 6 ամիս, ընդհանուր՝ տասը և կես տարվա, Գևորգ Սաֆարյանի համար պատժի ժամկետ սահմանվել 5 տարի 5 ամիս 2 օր, Գալուստ Գրիգորյանը դատապարտվել է 3 տարվա, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվա, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա, Հրայր Թոփչյանը՝ 3 տարվա ազատազրկման:

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբաններն առաջիկայում կդիմեն վերաքննիչ դատարան։

Դիտարկմանը, որ այլ ատյաններին դիմելը ևս ձևական բնույթ է կրելու, Պապիկյանն արձագանքել է, որ, այո՛, թե՛ վերաքննիչ, թե՛ վճռաբեկ դատարաններ դիմելը ձևական բնույթ է կրելու։ Նրա խոսքով՝ այսօրվա իշխանության պայմաններում Սեֆիլյանի գործը արդարացի լուծում չի կարող ստանալ։

«Ոչ թե դատավորները չեն կարող, այլ իշխանությունը թույլ չի տա, նաև չունենք դատական անկախ մարմին։ Հետևաբար, ձևական այդ ընթացակարգերը պետք է ապահովենք, որ Եվրոպական դատարանում գործը ներկայացնենք և ցույց տանք, որ առանց ապացույցի հետապնդում են Սեֆիլյանին 3 տարբեր հոդվածներով, առանձնապես ծանր հոդվածներով։ Ուղղակի որոշել են ազատազրկել։ Սա չի կարող այլ կերպ մեկնաբանվել, քան քաղաքական հետապնդում։ Սեֆիլյանի հետ կապված բոլոր գործողությունները 2014-ից ի վեր հաջորդել են իր հրապարակային ելույթներին կամ իշխանությանը մերկացնող որևէ փաստի ներկայացմանը։ Մենք դա ներկայացրեցինք նաև դատարանում և չենք զարմանում, որ դատավորը ոչինչ չարեց, ընդամենը կատարեց այն, ինչը պետք է կատարեր դեռևս նախորդ տարվա մայիսին, երբ գործն իրեն էր հանձնվել։ Պարզապես ձևացրեցին, որ դատավարություն են անցկացնում»,- ասում է Պապիկյանը։

Սեֆիլյանի վճռի դեպքում փաստաբանը կասկած չունի, որ հրահանգ է կատարվել կամ Բաղրամյան 26-ից, կամ եթե տվյալ անձը այդ պահին Մելիք-Ադամյանում է եղել, ուրեմն հրահանգը Մելիք-Ադամյանից է եղել։ Նրա դիտարկմամբ՝ Սեֆիլյանի հայտարարությունները հողեր հանձնելու վերաբերյալ իշխանությունները չէին կարող ներել։

«Եթե մարդը մերկացնում է դավաճանությունը, նա պետք է ազատազրկվի։ Երկրորդ հանգամանքն այն է, որ մենք չունենք անկախ դատական համակարգ։ Օրենքներ են փոխում, արդարադատության խորհուրդը փոխեցին բարձրագույն դատական խորհրդով, Գագիկ Հարությունյանին տասնամյակներ շարունակ մի վարկաբեկած մարմնից տարան մի ուրիշ մարմին, բայց այս ամենը ընդամենը քաղաքական խաղեր են և արդարադատության հետ ոչ մի առնչություն չունեն։ Դատավորները գիտեն, որ պատվեր կատարելով անպատիժ են մնալու»,- ասում է փաստաբանը «Մեդիալաբի» հետ զրույցում։

Ըստ Արայիկ Պապիկյանի՝ ոչ ոք չի հավատում, որ Ժիրայր Սեֆիլյանը 10,6 տարի պատիժ է կրելու։ Անգամ հրահանգ տվող անձինք, ըստ նրա, գիտեն, որ իրենք այդքան երկար չեն պաշտոնավարելու։ Խնդիրը, փաստաբանի կարծիքով, հետևյալն է. Սեֆիլյանն անազատության մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այսօրվա իշխանությունը շարունակում է ժողովրդի իշխանությունը զավթած մնալ ղեկավար պաշտոններում։ «Որ պահից իշխանությունն իսկապես կպատկանի ժողովրդին, հավաստիացնում եմ՝ այդ պահից Սեֆիլյանն ազատություն կստանա։ Սեֆիլյանն ինքն էլ վստահ է, որ այդքան երկար չի մնալու անազատության մեջ»,- վստահեցնում է փաստաբանը։

Ի դեպ, փաստաբանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ։ Հարցին, թե ի՛նչ ակնկալիքներ կան Եվրոպական դատարանից, և որքա՛ն երկար կարող է ձգձգվել այդ գործընթացը, պաշտպանն ասել է. «Անկեղծ ասած, կա մտավախություն, որ ՄԻԵԴ-ում գործը կարող է երկարատև քննվել։ Մենք կփորձենք պաշտպաններով համապատասխան միջոցներ ձեռնարկել, որքան թույլ է տալիս ընթացակարգը, բոլոր հնարավորություններն օգտագործենք, որ քննությունը տևական ժամանակ չընթանա։ Փաստերն այս գործով այնքան շատ են, որ ՄԻԵԴ-ը կարող է տասնյակ որոշումներ կայացնել Հայաստանի դեմ, թեև այդպես չի լինելու։ Ես միայն մեկ օրինակ վկայակոչեմ. դատարանը թույլ չտվեց, որ Սեֆիլյանը նստած տեղից խոսի, իսկ դատավորի ուսուցիչ Մնացական Մարտիրոսյանը, ով տարիներ առաջ էլի Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկում էր շինծու հոդվածներով, դատարանում չկանգնելու համար Սեֆիլյանին խոսքից չէր զրկել։ Այսինքն՝ դատարանները բացասական իմաստով Սեֆիլյանի հանդեպ կատարելագործվել են։ Մենք ամեն ջանք կգործադրենք, որ այս գործով ՄԻԵԴ-ում քննությունը հնարավորինս արագ ընթանա»,- վստահեցրել է փաստաբանը։

Մանե Հարությունյան

MediaLab.am