«Մանկապարտեզներում «Հայր մերը» անգիր ասել ստիպելը հպատակ քաղաքացի դաստիարակելու քաղաքականության շարունակությունն է». իրավապաշտպաններ

03-04-2018
5317 դիտում
«Մանկապարտեզներում «Հայր մերը» անգիր ասել ստիպելը հպատակ քաղաքացի դաստիարակելու քաղաքականության շարունակությունն է». իրավապաշտպաններ

Զատկի տոնի առթիվ մանկապարտեզներին հրահանգվել է, որ երեխաները պետք է «Հայր մերը» անգիր ասեն: Այս մասին «Մեդիալաբի» հետ զրույցում ահազանգում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, մտահոգիչ համարելով այն, որ եկեղեցին մուտք է գործել ոչ միայն դպրոցներ ու բանակ, այլև արդեն մանկապարտեզներ:

«Իմ տեղեկություններն այս մասին բավական հավաստի են, մանկապարտեզի երեխաներին ստիպում են «Հայր մերը» անգիր ասել: Սա ես համարում եմ հպատակ քաղաքացի դաստիարակելու քաղաքականության շարունակությունը: Ի վերջո, եկեղեցու գաղափարախոսությունը հետևյալն է՝ ինչպես Պետրոս Առաքյալի ընդհանրական առաջին թղթում է նշվում. «Ծառաներ, ամեն ինչում երկիւղով հնազանդ եղէք տէրերին, ոչ միայն բարիներին եւ հեզաբարոներին, այլեւ դաժաններին»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

Ավելի վաղ «Մեդիալաբն» անդրադարձել էր խնդրին, ավելին՝ այստեղ:

Ավետիք Իշխանյանն ասում է, որ այն իշխանությունը, որը չունի հստակ գաղափարախոսություն, այն է՝ պահպանողական, լիբերալ, սոցիալիստական կամ ազգայնական, ապա նրա հիմնական դաշնակիցն ու հենարանը, իշխանությունը պահելու համար, դառնում են կրոնն ու եկեղեցին: Եվ այս համատեքստում է, որ, ըստ Իշխանյանի, Հայ առաքելական եկեղեցին դառնում է պետական կրոն, որովհետև մի կողմից այն ժողովրդին հնազանդության կոչ է անում, մյուս կողմից՝ իշխանությունների կողմից ստանում է բոլոր արտոնությունները՝ հարստանալու և դիրքեր զբաղեցնելու համար:

Մյուս կողմից, ըստ իրավապաշտպանի, իշխանությունների այդ քաղաքականությունը երեխաների իրավունքների խախտում է ենթադրում: Իշխանյանը հիշեցնում է, որ և՛ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայում, և՛ հայաստանյան օրենսդրությունում հստակ ամրագրված է, որ երեխաների կրոնական դաստիարակությունը պետք է որոշեն ծնողները, որպեսզի պետությունը չեզոք լինի:

«Սա ոչ միայն երեխաների իրավունքների խախտում է, այլև ցանկացած կրոնական դաստիարակություն կարող է խեղաթյուրել երեխաների հոգեկան աշխարհը: Զարմանալի է, աշխարհն առաջ է շարժվում, իսկ մենք մեծ քայլերով հետ ենք գնում դեպի միջնադար»,- հավելում է Իշխանյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս անթույլատրելի քաղաքականություն է համարում նախադպրոցական կրթական հաստատություններում եկեղեցու ներկայությունը տարածելը:

«Մինչ այս մենք գիտեինք, որ կրթական հաստատություններում եկեղեցական ինչ-որ տոներ էին նշում, բայց նման պարտադրանքը տարածել մանկապարտեզների վրա անթույլատրելի է»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը: Նա նշում է, որ մամուլի հրապարակումների համաձայն էլ ոստիկանները Հրազդանում մի երիտասարդի փորձել են հավատափոխ անել և նրա հետ եկեղեցու մասին զրույցներ են ունեցել: Ըստ իրավապաշտպանի՝ սա ամբողջովին հակաիրավական գործողություն է:

«Դա խղճի, համոզմունքների իրավունքի կոպտագույն խախտում է, որը բխում է իշխանության որդեգրած ազգ-բանակ-եկեղեցի տոտալիտար կոնցեպտից: Եվ դա Սերժ Սարգսյանի առաջիկա իշխանության գաղափարախոսության հիմքն է: Ինքը ուրիշ որևէ այլ ծրագիր, այլ մոտեցում չունի Հայաստանում, սպառել է իրեն»,- նշեց Սաքունցը:

Իրավապաշտպանը մտահոգիչ է համարում նախադպրոցական կրթական հաստատություններում եկեղեցու ներկայությունը, նշելով, որ սա երեխաների իրավունքների կոպտագույն խախտում է:

«Առաջին հերթին՝ երեխաները միայն ծնողների համաձայնությամբ պետք է ներգրավվեն նման քարոզչության մեջ: Բայց իշխանություններն այսօր իրենց վրա են վերցրել երեխաներին ըստ իրենց պատկերացումների ձևավորելու առաքելությունը՝ զրկելով նրանց ազատ ընտրության հնարավորությունից: Ավելին, սրանով նրանք ներխուժում են նաև ընտանիք՝ օտարելով երեխաներին իրենց ծնողներից: Այս քաղաքականությունը քայքայիչ հետևանքներ է ունենալու, ընտանիքներում հանգեցնելու է խժդժությունների»,- հավելեց Արթուր Սաքունցը:

Լուսանկարի աղբյուրը՝ այստեղ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am